Վասալը չի կարող թշնամանք ունենալ կամ պահանջատեր լինել սյուզերենի նկատմամբ

Վասալը չի կարող թշնամանք ունենալ կամ պահանջատեր լինել սյուզերենի նկատմամբ

Փաշինյանը՝ ինքը, մտել է Թուրքիայից եւ Ադրբեջանից վասալային կախվածության մեջ, հիմա փորձում է դա անել Հայաստանի հետ: Հայ հասարակությունը համառորեն դիմադրում է, դեմ է թուրքահպատակությանը, Փաշինյանն ուզում է կոտրել այդ դիմադրությունը: Դրա ամենաարդյունավետ տարբերակներից մեկը, այսպես կոչված, Սահմանադրության փոփոխությունն է: Եթե հայ հասարակությունը կողմ քվեարկի այդ փաստաթղթին, հրաժարվի գործող Սահմանադրությունից եւ սահմանադրական կարգից, ապա կնշանակի, որ ընդունում է Թուրքիայից եւ Ադրբեջանից վասալային կախվածությունը: Գործող Սահմանադրության հիմքը Հայաստանի Անկախության հռչակագիրն է, որով հռչակվում է Հայաստանի անկախությունը, դրանում հղում կա 1989 թ․ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը, ինչպես նաեւ հռչակվում է, որ Հայաստանը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

Եթե հայ հասարակությունն իր քվեարկությամբ հրաժարվում է Անկախության հռչակագրից եւ դրանում առկա վերոնշյալ երկու դրույթներից, նշանակում է ընդունում է մինչեւ այդ գոյություն ունեցած անկախ Հայաստանի լուծարումը, ընդունում է Ադրբեջանից եւ Թուրքիայից վասալային կախվածությունը: Փաշինյանը դրա համար է անընդհատ խոսում Սահմանադրության փոփոխության մասին՝ հայտարարելով, որ դա իրական Հայաստանի իր նոր գաղափարախոսությունն է: Իրական Հայաստանն իր անկախությունը կորցրած, իր թշնամիների պահանջները հնազանդորեն կատարող, իր նկատմամբ նրանց գերիշխանությունը ճանաչող Հայաստանն է: Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Հայաստանն անկախ պետությունից կվերածվի ինքնավար կազմավորման:

Փաշինյանը չի էլ թաքցնում, որ առաջարկելով փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ ինքը կատարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները: Իր, այսպես կոչված, կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ նա հստակ խոսեց դրա մասին. «Նոր Սահմանադրության անհրաժեշտության թեզը, որն իմ ուղերձից հետո լայնորեն մեկնաբանվեց որպես Ադրբեջանի կողմից առաջադրված խնդրի կամ պահանջի կատարում, իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում ունի բացարձակապես ուրիշ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ էն տեքստը, որը կարա լինի, կունենա նաեւ տարածաշրջանային նշանակություն»: Իսկ ի՞նչ է նշանակում Հայաստանի Սահմանադրության տարածաշրջանային նշանակությունը` ընդամենը այն, որ Հայաստանը, ընդունելով Թուրքիայից վասալային կախվածությունը, միանում է թուրքական կամ թուրանական աշխարհ նախագծին, դրանով տարածաշրջանում ստեղծելով նոր իրողություն: Հիշո՞ւմ եք «Կովկասի գերուհին» ֆիլմի հայտնի հերոսի` հարսնացուի քեռու խոսքերը․ «Ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»: Շուրիկի դերում Հայաստանն է. ով նախկինում խանգարում էր Մեծ Թուրանի ծրագրի իրագործմանը, հիմա ինքն է դառնում դրա մասը: Հայաստանը վերածվելու է թուրանական մայրուղու, դե, հայերն էլ… չասենք, թե ինչի: 

Նույն այդ քննարկման ժամանակ անդրադառնալով պատմությանը եւ դրա վերախմբագրմանը՝ Փաշինյանն ասում է. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ապագայի նախագիծ է, որն իրագործվում է ներկայի մեջ, ներկա պայմաններում, սկսած ներկայից: Այսօրվա ապագայի հիմքում պետք է դրվի անցյալի հետազոտությունը, ուշադրություն դարձրեք՝ ոչ թե անցյալը, այլ անցյալի հետազոտությունը, այսինքն՝ դրանից բխող հետեւությունները»: Թե ինչ նկատի ունի նա պատմության հետազոտություն ասելով, մենք արդեն գիտենք, դա առաջին հերթին ցեղասպանության իրողության ժխտումն է, որից եւ հետեւում է միջազգային դատապարտումից հրաժարումը՝ «եթե մի բան չի եղել, ինչպե՞ս է այն հնարավոր դատապարտել» տրամաբանությամբ: Վասալը չի կարող թշնամանք ունենալ կամ, առավել եւս՝ պահանջատեր լինել սյուզերենի նկատմամբ:

Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Սիրիայում, այդ երկրում հիմա թուրքամետ իշխանություն է, Սիրիան, որպես անկախ պետություն, այլեւս գոյություն չունի, այն թուրքական տիրապետությունն ընդունած, Թուրքիայից վասալային կախվածություն ունեցող կազմավորում է: Սիրիայի նոր ղեկավար Ահմադ ալ-Շարաան (Աբու Մուհամմադ ալ Ջուլանի) ընդունում է թուրքական գերիշխանությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրա վերադասն է, եւ թուրքական պետության ղեկավարները Սիրիայի տարածք այցելելով՝ իրենց պահում են այնպես, կարծես գտնվում են իրենց ենթակա տարածքում: Սիրիայում տեղի ունեցող կոտորածների պատճառն էլ այն էր, որ սիրիական հասարակության մի մասը մերժում էր թուրքական տիրապետությունը: Օրինակ, դրուզների համայնքն ընդունեց Իսրայելի գերիշխանությունը եւ ապահովեց իր անվտանգությունը, հիմա նույնն են ուզում անել ալավիները, որոնք ի սկզբանե մտածում էին, որ կկարողանան պահպանել իրենց ինքնուրույնությունը` որեւէ մեկից կախվածություն չունենալով: Փաշինյանի տրամաբանությամբ, եթե ինքը հանրաքվեի դնի նոր Սահմանադրությունը, եւ դրա դեմ հանդես եկողներ լինեն, ովքեր կհայտարարեն, որ չեն ընդունում թուրքական գերիշխանությունը, կարող են հայտնվել Սիրիայի ալավիական համայնքի վիճակում, մի մասը կկոտորվի, մյուսները բռնի կհնազանդեցվեն:

Ես առաջ մտածում էի, որ Հայաստանի թուրքացմանը կարող է խանգարել ռուսական ռազմաբազայի կամ սահմանապահ զորքերի ներկայությունը, սակայն Սիրիայի օրինակը ցույց է տալիս, որ դա ամենեւին էլ խոչընդոտ չէ: Թուրքերը ռուսներին համոզեցին, որ իրենք կարող են ռազմական ներկայություն ունենալ նաեւ իրենց կողմից վերահսկվող տարածքներում: Եթե վաղը Հայաստանը եւս ամբողջովին անցնի իրենց վերահսկողության տակ, իրենց ռազմաբազան կշարունակի նույն ձեւով մնալ: Չի բացառվում, որ Սիրիայից ռուսներին մինչեւ հիմա չեն վտարել միայն այն պատճառով, որ Հայաստանում նրանց շատ չխրտնեցնեն: Բայց դա արդեն մեր թեման չէ, մեզ չի վերաբերում: Փաշինյանից ազատվելն այլեւս սոսկ իշխանության փոփոխություն չէ, այլ՝ ազգային ազատագրական պայքար: