Պողոսը փողը չի՞ տվել

Պողոսը փողը չի՞ տվել

2025թ. հունվարի 1-ից սկսած՝ Երեւանի քաղաքային տրանսպորտում ավելի հետաքրքիր տժժիկներ են սպասվում: Տրանսպորտը կդառնա անվճար՝ պայմանով, որ բանկերն ամեն ամիս 8 հազար 800 դրամ պահեն աշխատավարձերից եւ թոշակներից՝ այդ մասին չտեղեկացնելով հաշվետերերին: Ո՞նց… Շատ պարզ: Քաղաքացին ինքնուրույն գլխի չի ընկնի, որ իրենից տրանսպորտի փող են պահել, դա կարվի շատ նուրբ ու անբռնազբոսիկ, այնքան նուրբ, որ քաղաքացին նույնիսկ գոհ կմնա: Վայ, շատ ապրի Նիկոլը, յա թե չէ՝ Ավինյանը, որ մեզ անվճար տրանսպորտ տվեց: Պողո՞ս, կարծես վատ հեռանկար չէ, այնպես չէ՞:

Հիշո՞ւմ եք, թե ինչպես ցելոֆանի տոպրակները դարձրին վճարովի: Իսկ ո՞ւր գնաց այդ փողը, կարո՞ղ եք ասել: Մինչդեռ ամբողջ հարցն այն է, որ այդ փողը գնաց ձեր գրպանից: Տհաճ բան է, բայց դու, Պողոս ջան, համակերպվել ես: Դու սուպերմարկետից առեւտուր ես անում, աննկատ վճարում ես տոպրակի համար, բայց դրամարկղի մոտ քեզ հարցնում են՝ տոպրակի մեջ դնե՞նք: Դրեք… Ճըտ՝ եւ մի հատ էլ տոպրակի համար ես վճարում: Բա կայֆ չի՞: Ոչ մի թոշակառու միանվագ 8 հազար 800 դրամ չի տա, որ 30 օրվա տրանսպորտի միասնական տոմս գնի, «մշտական»՝ ինչպես ասում է ժողովուրդը: Իշխանությունները, սակայն, կարող են այդ 8 հազար 800 դրամը շատ սահուն ձեւով վերաբաշխել թոշակառուի մնացած գնումների եւ վճարումների վրա, եւ ոչ մի թոշակառուի մտքով էլ չի անցնի, որ իր գրպանից տրանսպորտի փողը տարան: Նույնը վերաբերում է նաեւ մյուս կարգի քաղաքացիներին՝ որոնք, օրինակ, ոչ մի կարիք չունեն 30 օրում տրանսպորտով 8 հազար 8 հարյուր դրամի երթեւեկելու: Ես, օրինակ, մեքենա ունեմ, ինձ «մշտական» պետք չէ, բայց ես ստիպված կլինեմ բենզին, շաքարավազ, կաթ, պանիր, հաց գնելիս այնքան վճարել, որ այդ 8 հազար 800-ն իմ գրպանից գնա: Նիկոլը կզեկուցի՝ է՞լ ինչ եք ուզում, տրանսպորտը ձրի դարձրինք… Պողոսը, երջանիկ ժպիտը դեմքին, կիջնի ավտոբուսից, գործերը կավարտի եւ ավտոբուսով կվերադառնա տուն: Ձրի… Բա կայֆ չի՞:
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում քաղաքային տրանսպորտն անվճար է: Ես այնտեղ չեմ եղել, բայց լսել եմ մի շատ տեղեկացված եւ Տալլինը ծայրից ծայր անցած մարդուց: Չգիտեմ՝ Նիկոլն ու Ավինյանը գիտե՞ն այս մասին: Գուցեեւ գիտեն, գուցեեւ տեղյակ են, որ աշխարհի շատ երկրներում անվճար են նաեւ տրանսպորտի մի շարք տեսակներ՝ էլեկտրագնացքներ, մոնոռելսով շարժվող «օդային» տրամվայներ եւ այլն: Հարց է առաջանում, չէ՞․ այդ ինչպե՞ս են նրանք հաջողացրել, այդ որտեղի՞ց են հայթայթում վարորդների ու վագոնավարների աշխատավարձը, ինչպե՞ս են շարժակազմեր ձեռք բերում, ինչպե՞ս են ապահովում դրանց սպասարկումն ու վերանորոգումը: Օդից փող ոչ մի տեղ էլ չի ընկնում: Այդ գումարները սուսուփուս վճարում են հարկատուները՝ երբեմն նաեւ իրենց համար աննկատ: Հետեւաբար, վատ չի լինի, որ Երեւանի տրանսպորտն էլ դառնա անվճար, ու մարդիկ ազատվեն այս «ռեֆորմատորների» պատճառած էքսցեսներից: Բայց… Բայց Հայաստանն ուրիշ է:

Էս երկու օրը, ԱԺ-ում, բյուջեի նախնական քննարկման ժամանակ Նիկոլն ինչ-որ միտք էր արտահայտել, թե բյուջեն մեր ընտանիքի բյուջեն է` բոլորիս բյուջեն: Հարգելի Նիկոլ Վովաեւիչ, դա, իհարկե, այդպես չէ: Դա պետության բյուջեն է, որտեղ ամեն մարդ իր հասանելիք «բյուջեն» ունի․ մեկինը՝ շատ, մյուսինը՝ քիչ: Հետեւաբար, այդ բյուջեի գլխին մի խելքը գլխին մարդ պետք է լինի, որ բոլորը գոհ մնան ու չմտածեն, որ, օրինակ, Նիկոլն իրենց հասանելիք բյուջեից փող թռցրեց: Նորից տոպրակների պատմությունը հիշենք: Ո՞ւր գնացին եւ ո՞ւր են գնում տոպրակների համար քաղաքացու գրպանից (բյուջեից) հավելյալ հանվող գումարները: Ո՞ւր են գնում անբացատրելի գնաճից գոյացող հավելյալ գումարները: Վերջապես, ինչո՞ւ պետք է քաղաքացին 2025 թվականի հունվարի 1-ից ավելի թանկ վճարի տրանսպորտի համար, եթե նա, տոպրակների եւ թանկացումների համար արդեն իսկ վճարելով, հնարավոր է, մեխանիկորեն վճարում է նաեւ տրանսպորտի համար: Եթե չի բավարարում, կարող եք ապրանքները մի քիչ էլ թանկացնել, առողջապահության նախարարությունը թող հայտարարի, որ գնումները 1 տոպրակի մեջ տեղավորելը հակահիգիենիկ է, պետք է 2 տոպրակի մեջ դնել: Ծխախոտը թանկացրիք, չէ՞: Ո՞ւր գնացին այդ փողերը: Ծխողների թիվը դրանից չի նվազել, եթե չասեմ, որ լրացուցիչ փողեր են մուտքագրվել բյուջե նաեւ ծխելու համար տուգանքներից, ինչպես ասում են՝ ծխի, տուգանքը մուծի, էլի ծխի, էլի ծխի, էլի տուգանքը մուծի, էլի ծխի…

Եվ, ուրեմն, ինչո՞ւ Երեւանում քաղաքային տրանսպորտը չի դառնում անվճար: Երկու պատճառ կարող է լինել՝ կա՛մ նախկիններն են մեղավոր, կա՛մ գործող իշխանությունը չի ցանկանում մատը մատին տալ, որովհետեւ այս վիճակը շահեկան է իր համար: Անձամբ ինձ ավելի հավանական է թվում երկրորդ տարբերակը: Նախկինները, օրինակ, շատ մոտ էին տրանսպորտն անվճար դարձնելուն: Լեւոնի վախտ տրանսպորտ չկար, տրոլեյբուսը բրթովի էր, փողն էլ՝ ինչ կտաք, կտաք: Քոչարյանի ժամանակ կոպեկանոց տրանսպորտի առատություն նկատվեց, նորից կյանքի նշույլներ ցույց տվեցին հին ու բարի «Իկարուսները»… Մերը տված ա՝ ձայն էին տալիս Պողոսներն ու թռնում վերջին դռնից: Սերժի վախտ ընդհանրապես կոմունիզմ էր՝ մլիցեքը, զինվորականները, հայտնի թոշակառուները, «Փարոս» ստացողները եւ նրանց հավասարեցված անձինք երթեւեկում էին «ուդոներով»: Նույնիսկ ուսանողական «մշտականներ» կային: Պետությունը, հասկանում ես, սոցիալական էր: Տարոն Մարգարյանը, իհարկե, վերջում փորձեց «բարեփոխում» կատարել Երեւանի տրանսպորտի գներում, բայց դա նրան չհաջողվեց, որովհետեւ ակտիվիստ Պողոսներ կային այդ ժամանակ եւ դեմ դուրս եկան: Ո՞ւր են հիմա այդ ակտիվիստ Պողոսները: Չկան: Նրանց մի մասը դարձավ իշխանություն, մի մասն էլ՝ շարքային ՔՊ-ական, ու կանաչ խիյարի պատմությունն ավարտվեց: 

Փող տեսած իշխանություն-պողոսներն արագ հասկացան, որ փողի շատն է լավը, եւ անցան գործի՝ փող շինել ամեն ինչից, այդ թվում՝ նաեւ օդից: Իսկ երբ խոսքը Հայաստանի մասին է, օդում շատ փող կա, եւ ոչ մեկի մտքով չի անցնում հաշվել այդ փողն ու հասկանալ, թե ուր է այն գնում: ՊԵԿ նախագահն ու միլպետը, օրինակ, որ զօրուգիշեր փող են քերում Պողոսներից, վստահ եմ, զարմացել են Ավինյանի օյինբազությունների վրա: Լավ, ինչպե՞ս կարելի է այսքան քերել, լցնել «օբշչագ» բյուջեն ու դեռ մի բան էլ տրանսպորտը թանկացնել՝ անկայուն վիճակ ստեղծելով երկրում: Մի հատ վարչապետ ունենք, որ ասում էր՝ էս ճանապարհները մենք սարքել ենք, որ Գեղարքունիքի ժողովուրդը ձրի երթեւեկի՞: Մի հարցնող լինի՝ էդ ո՞ւմ փողերով ես սարքել, էդ փողերը մեր ընդհանուր բյուջեի փողերը չե՞ն, թե՞ միայն քո ու ՏԿԵ նախարարի փողերն են:

Մի խոսքով, սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը տրանսպորտի թանկացման գործում, կարելի է ասել, «օրթախ» են եւ որոշել են 2025 թ. հունվարի 1-ից մտնել ձեր գրպանը՝ հավելյալ գումարներ տանելու անառողջ նպատակով: Դուք դրանց հեծանիվ-մեծանիվ քշելուն մի նայեք, «գող, ավազակ» մարդիկ են, «ջեբկիր»: Հրեն, Հայկ Մարությանը շարժում է սկսում՝ «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը»: Ոտքի կանգնեք, միացեք Հայկ Մարությանին եւ իմացեք, որ դուք արդեն իսկ վճարել եք տրանսպորտի համար: Եվ էլի մի խնդրանք՝ հանկարծ այստեղ-այնտեղ ինտերվյու չտաք, թե դուք քաղաքականությամբ չեք զբաղվում: Սա հենց քաղաքականություն է: Արցախը ծախեցին՝ փողերն ո՞ւր են, լճեր են կիսել-ծախել, ո՞ւր են փողերը, ամեն ինչ այսպես թանկացել է, օրական միլիոններով տոպրակ են ծախում՝ փողերն ո՞ւր են: Էս քիչ էր, հիմա էլ պարզվում է՝ այլեւս սպուտնիկ չունենք: 8 միլիոն դոլար էին ծախսել, վերջը էդ փողն ո՞ւմ վրա մնաց:

Եվ, ուրեմն՝ ոտքի՛, Պողոս, դու կարող ես դա անել, այլապես Նիկոլն ու Ավինյանը գալիս են փողերիդ հետեւից: