Երկու մոր կաթ խմող գառանն է փորձում նմանվել

Կարծում եմ, որ մարդիկ հիշում են 2018 թվականի «դուխով» Նիկոլի այս հայտարարությունը. «Պուտինը պետք է հարմարվի Հայաստանում կատարված փոփոխություններին»: Աշխարհի մեկ յոթերորդ մասը գրավող և աշխարհի երկրորդ /ԱՄՆ-ից հետո/ ամենահզոր բանակն ունեցող պետության ղեկավարը, թե ինչու պիտի գնար այդ քայլին՝ Նիկոլն այն ժամանակ չպարզաբանեց: Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ծայրահեղ իրավիճակներում ոչ թե ՎՎՊ-ն էր հարմարվում ինչ-որ բանին, այլ վաղուց արդեն «խեղճ հարիֆի», ինչպես «սիրելի» ժողովուրդն էր բնորոշել, վերածված Նիկոլն էր ընկնում ՌԴ նախագահի ոտքերը: Իսկ վերջում էլ վերածվեց թշնամի երկրների ղեկավարների կամքը կատարող կամազուրկ մեկի:
Հիմա էլ որոշել է երկու մոր կաթ խմող գառան վերածվել: Ուզում է ԵԱՏՄ-ում պահպանելով տնտեսական կապերը՝ միաժամանակ նման կապեր հաստատել Եվրամիության հետ: Եվ երբ փորձում են նրան հասկացնել, որ այդպես չի կարող լինել, քանի որ դրանք ամբողջությամբ տարբեր համակարգեր են, ձայն չի հանում: Իսկ իր ենթականները «մեկը մյուսին չի խանգարի» անգիր արած դատողությամբ են կերակրում զանգվածներին: Թե ինչպես չի կարող խանգարել, գիտեն միայն կիսագրագետ ՔՊ-ական ֆունկցիոներները: Եթե դրան էլ ավելացնենք արևմտյան պատժամիջոցների ներքո Ռուսաստանի գտնվելը՝ նույնիսկ հարց էլ չի առաջանում: Հատկապես որ ԵԱՏՄ-ի շարժիչ ուժ հանդիսացող ՌԴ-ի ղեկավարությունն անընդհատ ասում է, որ «երկուսը մեկում» բանաձևն տվյալ դեպքում չի կարող գործել:
Սրանք աչքիս մտաբերում են ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանի օրոք իրականացված «և... և»-ի քաղաքականությունը: Ու ենթադրում են, որ եթե մի բան հաջողվեց Սերժին, ինչու չի հաջողվի Նիկոլին: Մոռանում են, վերջինս մի քանի տարի բանակցում էր ԵՄ-ի հետ այդ կառույցին հնարավորինս մոտ լինելու ձևաչափով: Ինչպես, օրինակ, Վրաստանը, Ուկրաինան Մոլդովան: Բայց այնուհետև մի գեղեցիկ օր հայտարարեց, որ միանում է ՌԴ-ի նախաձեռնած Մաքսային միությանը: Ու դա էլ այնպես ներկայացվեց, թե իբրև հենց Սերժի ցանկությունն էր դրան միանալը: Երևի ինքն էլ էր մոռացել, որ իր նշանակած վարչապետն ասում էր, որ ՀՀ-ն այդ միության անդամների հետ չունի ընդհանուր սահման: Ու այդ պատճառով էլ մաքսային կարգավորումները չեն կարող գործարկվել: Հետո, իհարկե, դա էլ մոռացվեց, ու վարչապետ Սարգսյանն էլ պաշտոն ստացավ ռուսների ձևավորած կառույցներից մեկում:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դա դեռեևս 2013 թվականն էր, ու Ռուսաստանն Արևմուտքի հետ դեռևս գտնվում էր եթե ոչ նախկին բարեկամական, ապա գործընկերային հարաբերությունների մեջ: Ու ՌԴ-ին Ղրիմի միացումն էլ դեռ չէր եղել ու դրա պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ դեռևս չէին մտցվել: Ու Սերժ Սարգսյանն էլ «գունավոր» իշխանափոխությամբ նախագահ չէր դարձել, որպես ՌԴ-ի նախագահը հարմարվեր նրան: Էլ չասած, որ արդեն երրորդ տարին Ռուսաստանն ու Արևմուտքը գտնվում են ռազմական հակամարտության մեջ: Ճիշտ է, երրորդ երկրի՝ Ուկրաինայի, տարածքում: Բայց դրանից հարցի էությունը չի փոխվում:
Այս ամենն ընկալելու համար մեծ խելք պետք չէ ունենալ: Պետք է ունենալ ընդամենը քթածակ ու ոչ վաղ անցյալի իրադարձությունները գոնե մի թեթև վերլուծելու ունակություն: Բայց դրա համար պետք է լինել երկրի իրական և ոչ թե սոցցանցային ղեկավար: Ու մարդկանց «գրավել» ոչ թե սոցցանցային դիտումների քանակով, հեծանվավազքով ու սոխով ձվածեղ պատրաստելով, այլ ծանր պայմաններում գտնվող երկիրը մի կերպ շողուլի բերելու գործունեությամբ: Ի դեպ, այն պայմանների, որոնց մեջ գցել է ինքը, ու իր մեջ ուժ չի գտել, որպեսզի հանդես բերի մարդկային ու ազգային արժանապատվություն ու հրաժարական ներկայացնի: Իր պաշտոնը զիջելով մեկին, ով կփորձեր ուրիշներին բարոյականության դասեր տալու փոխարեն պետությունը դուրս հանել անդունդից: Կրկնվեմ՝ այն անդունդից, որի մեջ գցել է հենց ինքը:
Կարծիքներ