Կին եւ տղամարդ

Կին եւ տղամարդ

Երեկ գրածս խմբագրականը՝ ուղղված լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցներին եւ հատկապես գլենդելաբնակ հայ տանտիկիններին, մեծ վրդովմունք է առաջացրել նրանց շրջանում, սակայն հայաստանյան ընթերցողի արձագանքից հասկացա, որ սա որքան ցավոտ, նույնքան կարեւոր թեմա է։ Լոս Անջելեսում բնակվող մեր սիրելի հայրենակցուհիների վրդովմունքից, եթե զատենք աղմուկն ու հայհոյանքը, որը նրանց լեքսիկոնի անբաժանելի մասն է դարձել երկու եւ ավելի տարի, ու ներկայացնենք միայն սթափ առարկությունները, ապա ահա թե ինչ էին ասում նրանք․ մենք այստեղ աղոթում ենք մեր բանակի ու զինվորների համար, մենք ձեզնից պակաս չենք տառապում, ավելին՝ աշխատում եւ փող ենք ուղարկում Հայաստան, Արցախ, դուք իրավունք չունեք մեզ ասելու՝ մի խառնվեք մեր ներքին գործերին։ Ի դեպ, խոսքը բոլորովին էլ Հայաստանի կյանքով ապրել-չապրելու մասին չէր, այլ այն ռազմատենչ հռետորաբանության, պատերազմի քարոզչության, որն իրականացնում են Հայաստանում չապրող մեր հայրենակիցները։

Ավելին ասեմ՝ ոչ միայն Գլենդելում, այլեւ Երեւանում ապրող հայ մարդն իրավունք չունի պատերազմի կոչեր անելու եւ արյուն տենչալու։ Իրավունք չունի խոսելու հաղթանակի, ոչ մի թիզ հող չհանձնելու մասին։ Մանավանդ նրանք, ում մերձավորները ճակատում չեն։ Ինձ համար հատկապես անհասկանալի է այն մայրերի ու կանանց պահվածքը, որոնք պատերազմ են քարոզում։ Բնությունը մորը կյանքը շարունակելու, տղամարդուն պահապան ու սատար կանգնելու, խաղաղություն եւ կայունություն քարոզելու առաքելություն է տվել։ Արյուն ու զոհ, մահ ու պատերազմ տենչացող կանայք բնության սխալն են եւ ինձ համար՝ մերժելի։ Տղամարդիկ կկռվեն, կպաշտպանեն հայրենիքը, կզոհվեն հանուն հայրենիքի, բայց կինը դրանից չպետք է ոգեւորվի, դա չպետք է խրախուսի ու ողջունի։