Այսօր Առինջում ԲՀԿ խմբակցության նիստ տեղի կունենա

Այսօր Առինջում ԲՀԿ խմբակցության նիստ տեղի կունենա

Այսօր ժամը 17-ին Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը ԲՀԿ ֆրակցիայի նիստ է։ Ֆրակցիայի նիստն ուղղված է խմբակցությունն ու կուսակցությունը միասնական պահելուն։ Գագիկ Ծառուկյանը, ըստ ամենայնի, ամոթանք է տալու բոլոր տատանվողներին եւ հայտարարելու է, որ պետք է այս ճնշումներին դիմանան՝ ընդդիմություն դառնալու գինն է դա։ Կան ենթադրություններ, որ խոսակցությունը խմբակցությունից նոր անդամներ պոկելու մասին է գնալու։

Ծառուկյանի առանձնատուն գնալու են բոլորը՝ բացի Սերգեյ Բագրատյանից, որն արդեն շուրջ 1 ամիս է՝ անջատել է հեռախոսը, «Ֆեյսբուքը» ու չի պատասխանում ԲՀԿ-ականների զանգերին։ Մեր տեղեկություններով՝ Սերգեյ Բագրատյանին զանգահարելու փորձեր արվել են խմբակցության քարտուղար Արման Աբովյանի ու Տիգրան Ստեփանյանի կողմից։

Վերջին օրերին որպես հաջորդ ԲՀԿ-ից  պոկվողներ շրջանառում են Միքայել Մելքումյանի ,Վահե Էնֆիաջյանի ու անգամ Գևորգ Պետրոսյանի անունները։ Վերջինս, ի դեպ, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանի մասին ծաղրական ոտանավոր է գրել։ Ամեն դեպքում, մեր զրուցակիցը բացառեց, որ թե ՛ Մելքումյանը, թե՛ Պետրոսյանը հեռանան ֆրակցիայից առանց մանդատը դնելու։ Ինչ վերաբերում է, առհասարակ, հեռանալուն,ապա խմբակցությունում որևէ մեկը չի բացառում, որ եթե այնպիսի, մարդու անձնական կյանքին վերաբերող կոմպրոմատներ դրվեն առաջները, ապա ինչ-որ մարդիկ հնարավոր է՝ դնեն մանդատն ու գնան, անհետանան։ Իսկ հարցին, թե այնուամենայնիվ, հայտնի՞ է՝ ովքեր են նրանք, մեր զրուցակիցն ասաց․«Դա կիմանան միայն իրենք, ում վրա աշխատում են։ Սերգեյ Բագրատյանն էլ մինչև վերջին պահն ասում էր՝ 100 տոկոսով սաղ օքեյ ա, մինչև որ թռավ»։