Մեզ համար տարբերություն չկա, թե ով է ընտրվել ԱՄՆ նախագահ. Փեզեշքիան

Մեզ համար տարբերություն չկա, թե ով է ընտրվել ԱՄՆ նախագահ. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի համար նշանակություն չունի, թե ով է հաղթել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Etemad Online թերթը։

«Մեզ համար կարևոր չէ, թե ով է հաղթել ԱՄՆ ընտրություններում, քանի որ մեր երկիրը և նրա քաղաքական համակարգը հենվում են ներքին ռեսուրսների վրա», - նշել է Իրանի առաջնորդը՝ մեկնաբանելով ամերիկյան ընտրությունների արդյունքները:

Հայտնի է, որ Դոնալդ Թրամփը, ով ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նաև 2016 թվականի ընտրություններից հետո, հաղթել է այս տարվա նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում: 

Նա, 19-րդ դարի վերջից սկսած, ԱՄՆ-ում առաջին քաղաքական գործիչն է, ում հաջողվել է նախագահական մեկ ժամկետի ընդմիջումից հետո վերադառնալ Սպիտակ տուն։

Թրամփի հաղթանակը հայտարարել են ձայների հաշվարկ վարող բոլոր առաջատար լրատվամիջոցները՝ Associated Press գործակալությունը, Fox News, CNN, NBC, ABC և CBS հեռուստաալիքները:

Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը կողմնակիցների առաջ ելույթ է ունեցել և հայտարարել, որ ընդունում է իր պարտությունը, իսկ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ և շնորհավորել նրան:

Հավելենք, որ Միացյալ Նահանգների ընտրական կոլեգիան դեկտեմբերի 17-ին պետք է քվեարկի թեկնածուների օգտին՝ ըստ ընտրողների կամարտահայտության, իսկ հունվարի 6-ին Կոնգրեսի նոր կազմը կհաստատի քվեարկության արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025 թ–ի հունվարի 20-ին: