Պատի տակ գնդակահարվելու ֆենոմենը
Արդեն որերորդ անգամ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն անուղղակիորեն խոստովանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու մասին: Զարմանալի է, թե որքան կրեատիվ է այդ անձնավորությունն իշխանությունը պահպանելու հարցում: Իհարկե, նա մեկ-մեկ նաև սխալներ է կատարում՝ ինչպես դա տեղի ունեցավ օրերս Գյումրիում: Իսկ նրա վերջին՝ «Գնդակահարության պատ» վերնագրով գրառումը կարելի է համարել այդ առումով փոքրիկ շեդեվր: Օգտագործելով ժամանակին հենց իր դեմ օգտագործված պերֆորմանսի անվանումը՝ փորձում է արդարանալ ընտրողների աչքում: Ու հենց այդ պատճառով է ընտրում ֆեյսբուքյան քննադատական գրառումները՝ պատասխանելով դրանց:
Եվ վստահ եմ, որ պատասխաններին մեկ-երկու առարկությունից ավելի դժվար թե լինի: Պետք է ընդունել, որ այդ հարցում ինքը դարձել է համարյա թե անգերազանցելի: Եվ մարդ ափսոսում է, որ վերջինիս այդ ընդունակությունը ծառայում է պետության կառավարման առումով լիակատար անհաջողության մատնված անձի ընդամենը իշխանությունը երկարաձգելուն:
Ի դեպ, մի ժամանակ այն կարծիքին էի, որ վարչապետի աթոռից կառչած անձին հնարավոր է, այնուամենայնիվ, խեղճացնել հարց ու պատասխաններով: Խոսքը չորեքշաբթի օրերին Ազգային ժողովում անցկացվող՝ կառավարություն-խորհրդարան երկխոսության մասին է: Մտածում էի, որ անհրաժեշտ է ընդամենը փոխել գոյություն ունեցող ձևաչափը: Այսինքն, թույլատրել իրական բանավեճ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի և ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկի ներկայացուցչի միջև: Բայց անընդհատ լսելով այդ անձի խոսքային ձեռնածությունները՝ հասկանում ես, որ դա անիմաստ է: Որովհետև նա երբեք բանավեճի մեջ չի մտնի որևէ ոլորտի մասնագետի հետ՝ հասկանալով, որ պարտվելու է: Իսկ ոչ մասնագետի հետ բանավեճում «հաղթող» կողմ է հանդիսանալու հենց ինքը՝ հաշվի առնելով թե՛ իր տիրապետած ինֆորմացիայի ծավալը և թե՛ վերը նշված՝ ձեռնածության մեթոդը:
Ինչևէ, «դրական» գնահատականի հետ մեկտեղ չեմ կարող չանդրադառնալ նաև պերֆորմանսի անվանումն օգտագործելու բացասական կողմին: Ինչն արդեն զուտ հոգեբանական երևույթ է՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին որևէ վայրում հանցանք կատարած անձանց անգիտակից մղումը՝ վերադառնալու նույն վայրը: Թե որն է դրա մեխանիզմը՝ ես չգիտեմ. դա կարող են մեկնաբանել մասնագետները: Բայց վստահ եմ, որ Նարեկ Մալյանի կողմից Ռումինիայի ղեկավար Նիկոլաե Չաուշեսկուի և նրա կնոջ՝ զորամասի զուգարանի պատի տակ կատարված գնդակահարության բեմադրությունը երեքուկես տարի անց դեռևս ծանր քարի պես նստած է Նիկոլի հոգու վրա: Այն ժամանակ էլ ասվեց, որ ինքը ծանր է տարել այդ բեմադրությունը: Ու այդ պատճառով էր, որ «ժողովրդավարության բաստիոնի» խիստ «անկախ» դատական համակարգը ստիպված էր ազատազրկել բեմադրության հեղինակին: Ու նաև այդ պատճառով է, որ վարչապետի աթոռից կառչած անձն անընդհատ հիշում է այն: Ու ենթադրում եմ, որ կհիշի մինչև կյանքի վերջը:
Չնայած դրան, ինքը շարունակում է իրեն պահել այնպես, կարծես թե չեն եղել խայտառակ պարտությունը, զոհերը, չկան անվտանգային սպառնալիքներ: Այդքանից հետո միայն տաղանդավոր դերասանը կարող էր դիմել լսարանին, ասելով՝ «ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբանություններ եք գրում»: Եվ ֆեյսբուքում իրեն մեղադրանքներ հղող անձանց դիմել «հարգելի օգտատերեր» դիմելաձևով:
Կարծիքներ