Առողջապահական տեսչական մարմնի ստուգայցերն ապօրինի են

Առողջապահական տեսչական մարմնի ստուգայցերն ապօրինի են

2021թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում կառավարության որոշումը, որի համաձայն՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ պարտավորեցնել14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։ Այս հրամանի կատարման հիմնական վերահսկողը առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն է։ Այն վերահսկողություն իրականացնում է ստուգայցերի միջոցով։ Ըստ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի խոսնակ Գայանե Խաչատրյանի, ստուգայցերում նաեւ մյուս տեսչական կառույցներն են ներգրավված։ «Այս պահի դրությամբ դրանք են՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը եւ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը»,- ասում է խոսնակը։

«Բեկում» ՀԿ ղեկավար, Սննդի անվտանգության ծառայության մեթոդոլոգիայի վարչության նախկին պետ, համաճարակաբան Արմեն Վարդանյանը կարծում է, որ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ո՛չ ստուգայցեր կատարելու իրավունք ու լիազորություն ունի, ո՛չ էլ պատվաստման սերտիֆիկատներ պահանջելու կամ տուգանքներ նշանակելու։

«Այդ մարմինը՝ որպես տեսչական մարմին, նման գործառույթ չունի։ Նախ՝ պաշտոնյան կարող է կատարել գործառույթներ, որոնցով լիազորված է օրենքով։ Բայց ո՛չ այդ, ո՛չ էլ մյուս տեսչական մարմինների գործիքակազմում ստուգայցը՝ որպես գործիք, սահմանված չէ։ Այն որեւէ ձեւով ամրագրված չէ օրենքում։ Իրենք նստում-որոշում են, որ պետք է գնան էսինչ գործատուի մոտ, ու գնում են։ Ստուգայցը՝ որպես Սահմանադրությունից բխող լիազորություն, պետք է ունենա կառուցակարգ, որը եւս չկա։ Ուրեմն, տեսչության մուտքն անօրինական է։ Եթե դա ստուգայց է, ապա պետք է ունենա ընթացակարգ։ Հանձնարարականով են մտնելու հիմնարկ, առանց հանձնարարական՝ իրավական հիմք պե՞տք է ունենա այդ գործողությունը, թե՞ ոչ։ Եթե վարչական մարմին է, նախաձեռնություն պետք է ունենա, ապա դրա իրավասության հիմքը ո՞րն է լինելու։ Բանավոր ասելու է աշխատողներին՝ գնացեք Սյուզիի կամ Արմենի հիմնարկը, ես էլ ասեմ՝ բարի գալո՞ւստ։ Ուղեղ ունեցող գործատու եթե լինի, ոչ թե պետական մարմնի ստրուկ, հենց դռան մոտից կասի՝ հաջողություն»։

Ի՞նչ պետք է անի գործատուն, եթե առողջապահության տեսչությունը մտնի հիմնարկ ու տուգանի։ «Հիմա արդեն պետք է մտնեն` առողջապահության նախարարի հրամանը վարչական դատարանով ճանաչեն առոչինչ։ Դա պետք է անել արագ, որ ժամկետը չանցնի»,- ասում է Արմեն Վարդանյանը։