Ասաց՝ Ղարաբաղում ենք ապրում, ցանկացած ղեկավար իր մարդուն է բերում

Ասաց՝ Ղարաբաղում ենք ապրում, ցանկացած ղեկավար իր մարդուն է բերում

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել Արցախի բնակիչ Ռուզաննա Սեյրանյանը և խնդրել հանրայնացնել իր խնդիրը։

«Ինձ աշխատանքից ազատել են ոչ ճիշտ հիմնավորմամբ։ Ազատվել եմ 2018թվականի հունիսի 4-ին և մինչև այսօր աշխատանք չունեմ։ 2014թվականի հունվարի 17-ից աշխատել եմ ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմում։ Սկզբում որպես աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար, իսկ հետո արդեն որպես աշխատակազմի ղեկավար։ Օրենքի համաձայն՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը 4 տարի է։ 2018-ի հունիսի երեքին լրացել է իմ պաշտոնավարման 4-րդ տարին։ Մինչև ժամկետի ավարտը ծառայության պետը ինձ կանչեց իր մոտ և ասաց, որ պայմանագիրը չի երկարաձգվելու։ Ես հարց տվեցի՝ կարո՞ղ եմ իմանալ որն է հիմնավորումը, նա պատասխանեց, թե Ղարաբաղում ենք ապրում և ցանկացած նոր ղեկավար իմ մարդուն է բերում։ Ուրիշ որևէ բան ոչ ասվել է, ոչ ներկայացվել։ Այնուհետև նամակ է ձևակերպում և ուղարկում գյուղնախարարին, թե լրացել է Սեյրանյանի պաշտոնավարման ժամկետը, առաջարկում եմ նշանակել մեկ այլ մարդու, որը նույնպես ծառայության աշխատակից է։ Նամակը ներկայացվում է, սակայն 2 օրից նորից հետ է կանչվում, այդ թեկնածուի փոխարեն մեկի ուրիշի թեկնածությունն է դրվում։ Արդեն այս նամակի մասին ես տեղյակ չեմ լինում, որպեսզի չիմանամ՝ ում թեկնածությունն է ներկայացվում։ Այդ նամակն էլ հասնում է կառավարություն, որտեղ պարզում են, որ այդ մարդու ստաժը չի հերիքում և հետ են ուղարկում գյուղնախարություն, որպեսզի նոր թեկնածու առաջադրվի։ Օրենքի համաձայն՝ եթե ժամկետը չի երկարաձգվում, ես մտնում եմ կադրային կարճաժամկետ ռեզերվ։ Սակայն օրենքի այդ ընթացակարգը չի պահպանվում, որը օրենքի կոպիտ խախտում է»,-նշում է Ռուզաննա Սեյրանյանը։

ԱՀ գյուղատնեսության նախարարության նախկին աշխատակցի խոսքով՝ ինքը միակը չէ, ում հետ այսկերպ են վարվել․ «Այդ ընթացքում էլի են եղել թափուր պաշտոններ, որոնք նորից համալրվել են օրենքի խախտումներով, այսինքն կադրերի կադրային կարճաժամկետ ռեզերվի ընթացակարգը չի կատարվել, այլ միանգամից կատարվել են նշանակումներ։ Տեսնելով, որ օրենքը խախտվում է՝ ես անձամբ դիմել եմ թափուր աշխատատեղերի համար։ Ինձ հիմնավորումներ ներկայացրին, թե ուզում են ներսից մարդ վերցնել, դրա համար քեզ չենք կարող վերցնել։ Նաև ուզում եմ նշել, որ օրենքը ասում է՝ քաղծառայության  պաշտոնները 6 ամսից ավել չեն կարող թափուր լինել, 6 ամսվա ընթացքում պետք է մրցույթ հայտարարվի։ Ուղիղ մեկ տարի հետո գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարը դիմում է գրում և հեռանում աշխատանքից։ Ես նորից դիմում եմ ու գյուղնախարարը փորձում է նորից նույն սկզբունքով առաջնորդվել՝ էլի միանգամից նշանակի իր ուզած մարդուն, սակայան դա չի իրականացվում, քանի որ Մարդու իրավունքների պաշտմանն արդեն դիմել էր նրանց և ասել, որ սա օրենքի խախտում է։ Իսկ անցկացվող մրցույթը, որին ես մասնակցել եմ, լրիվ ձևական բնույթ է կրել։ Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը և մեկ այլ անձ, որը հանձնաժողովի կազմում հայտնվել էր էլի պատվերով, իմ դեմ քվեարկեցին, քանի որ այդպես էր հրահանգը։ Չնայած այս ամենի, ես միևնույն է հաղթող ճանաչվեցի այդ մրցույթում։ Մրցույթի մասով չէի ուզի մանրամասնություններ ներկայացնել, քանի որ սրանք ավելի շատ ենթադրություններ են»։


«Հրապարակի» հետ զրույցում Ռուզաննա Սեյրանյանը նշեց նաև, որ դիմել է ՄԻՊ-ին, սակայն մինչև հիմա որևէ արձագանք չի եղել․«Մեկ անգամ անձամբ հանդիպել եմ մարդու իրավունքների պաշտպանին։ Ինձ խոստացան, որ կզբաղվեն իմ հարցով, բայց ոչինչ էլ չարեցին»։

Ռուզաննա Սեյրանյանի խոսքով տնօրինության հետ որևէ խնդիր չի ունեցել․ «Որպես այդպիսին խնդիր չի եղել, ուղղակի նոր նախարարը հենց նշակվեց, ինձ բոլորը զգուշացնում էին՝ ինքը քո հետ չի աշխատելու։ Ես մինչ այդ իր հետ չեմ էլ շփվել, ուստի չեմ կարող պատկերացնել՝ ինչ խնդիր կարող է ունեցած լինել իմ հետ»։

ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակիցը հավելեց․ «Նաև դիմել եմ դատարան՝ աշխատանքից ազատման օրինական հիմքերի ճշտման համար, քանի որ ես իրոք անօրինական եմ ազատվել աշխատանքից։ Դիմել եմ դատարան, քանի որ առ այսօր պատշաճ ձևով չեմ ծանուցվել աշխատանքից հեռացվելու որոշման մասին»։

Փորձեցինք կապ հաստատել ԱՀ գյուղատնտեսության նախարարության հետ, սակայն չստացվեց։