ԱԺԲ-ն ու «Հայաստան» դաշինքը քաղաքապետարանին մեղադրում են պայթյունավտանգ վիճակ ստեղծելու մեջ 

ԱԺԲ-ն ու «Հայաստան» դաշինքը քաղաքապետարանին մեղադրում են պայթյունավտանգ վիճակ ստեղծելու մեջ 

Նոյեմբերի 9-ին ԱԺԲ-ն և «Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակում հրավիրել են հանրահավաք: Երկու կողմերն էլ վստահ են, որ հավաքի իրավունքն իրենցն է։ Վարուժան Ավետիսյանը ստեղծված իրավիճակի հետ կապված «Ֆակտոր»-ի հետ զրույցում սրա համար մեղադրել էր Երևանի քաղաքապետարանին (բառացի ասաց՝ քաղաքապետարանի հերթական սրիկայությունն է՝ իշխանությունների ցուցումով, և բախում սադրելու նպատակով), իսկ 2-րդ նախագահի համակիրներն էլ անուղղակի դիմել էր՝ ասելով․ «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ դիմացը ողջամիտ մարդիկ են, թեկուզ անհայրենիք են, բայց իրենց կլանային և անձնական շահերը գիտակցում են և պատկերացնում են՝ ինչն ինչոց է, և չեն խցկվի այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ»։

Հարցը, թե ինչպես է ստացվել, որ երկու տարբեր քաղաքական ուժ նույն օրը պետք է հավաք անեն նույն վայրում, Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն առաջարկեց ուղղել գրավոր, կպատասխանեն սահմանված ժամկետում և կարգով։

Իսկ մինչ այդ «Հրապարակը» դիմեց մյուս կողմին։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի պատասխանից հասկացանք, որ իրենք չեն չեղարկելու հանրահավաքը։

«Մենք իրազեկել ենք տևական ժամանակ առաջ և քաղաքապետարանն այն ընդունել է ի գիտություն։ Ձեր կողմից նշված ուժը փաստացի այլ ձևաչափով է իրականացնում հանրային հավաքները և այնպես չէ, որ Ազատության հրապարակը կարող է պատկանել մեկ միավորի։ Այստեղ կարծում եմ, պետք է դիտարկվեր այն հանգամանքը, թե ուժերից որն ինչ ձևաչափով է  իրականացնում հանրային հավաքները։ Օրինակ՝ ամենօրյա կտրվածքո՞վ, թե մեկ այլ սկզբունքով։ Եվ քաղաքապետարանը սա պարտավոր էր հաշվի առնել»,- ասաց Վարդևանյանը։ Նրա մեկնաբանությամբ՝ իրենց հավաքի հայտն ի գիտություն ընդունելուց հետո քաղաքապետարանը պետք է միջոցներ ձեռնարկեր և ԱԺԲ-ի հետ բանակցեր և առաջարկեր տարածքներ, որտեղ այդ ուժը նախկինում ևս հավաքներ իրականացրել է։ Օրինակ՝ Մատենադարանի տարածքը, որտեղ իրենք չեն կարող հանրահավաք անցկացնել այն պարզ պատճառով, որ իրենց հանրահավաքն ավելի բազմամարդ է լինելու։ 

Արամ Վարդևանյանը չի հասկանում, թե ոստիկանությունն իր հերթին ինչպես է ողջամտորեն ընդունել քաղաքապետարանի այս գործելաոճը։

Նրան հարցրեցինք՝ հնարավոր է, որ բախումներից խուսափելու համար չեղարկեն, հրապարակը զիջեն ԱԺԲ-ին։ Վերջինս էլ կրկնեց, որ իրենք 20 և ավելի օր առաջ են ներկայացրել հայտը։

«Պարզ է, չէ՞, որ հավաքը կազմակերպչական բնույթի աշխատանք է նախատեսում, տեխնիկական, այլ բնույթի, չէ՞ որ սարքավորումներ պետք է տեղադրվեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Հավելեց, որ եթե քաղաքապետարանն ու ոստիկանությունը երկու քաղաքական ուժերի հավաքների կազմի, թվի վերաբերյալ և այլ համեմատականներ անցկացնեին և գլխավորը՝ հայտի ներկայացման ժամկետը հաշվի առնեին, ապա նախապատվությունը պետք է տային «Հայաստան» դաշինքին։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն էլ համամիտ է, որ իշխանությունները ստեղծում են պայթյունավտանգ իրավիճակ։