Հայրենասիրությունից՝ իրականություն. Տավուշում մարդկանց քիչ բան է պետք երջանիկ լինելու համար

Հայրենասիրությունից՝ իրականություն. Տավուշում մարդկանց քիչ բան է պետք երջանիկ լինելու համար

Տավուշի մարզի սահմանամերձ ու սահմանապահ համայնքներում մարդիկ բառացիորեն ապրում են հակառակորդի կրակի տակ։ Ի դեպ, մենք մշտապես զերծ ենք մնացել թշնամություն հրահրելուց եւ «թշնամի» բառն էլ չենք օգտագործել, սակայն հակառակորդն իրական թշնամու է վերածվում, երբ սկսում է հրետակոծել խաղաղ բնակչությանը։

Հուլիսի 12-13-ին Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ կորցրել էին քունն ու դադարը, հայտնվել էին մղձավանջում, որովհետեւ թշնամին որոշել էր ցույց տալ իր նենգությունը։ Տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ծանր հրետանուց, կրակի տակ էր առել հայկական բնակավայրերը։ Տուժել էին հիմնականում Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար համայնքները, կրակոցները հասել էին նաեւ Պառավաքար, Տավուշ գյուղերի ուղղությամբ։ Կրակել էին նաեւ Բերդ քաղաքի վրա՝ վնասելով արտադրական ձեռնարկություններ։ Ադրբեջանական զինուժը հրետանուց ու ինքնաձիգներից բացի, օգտագործում էր նաեւ անօդաչու թռչող սարքեր, որոնց մեջ կան «մահապարտ» ԱԹՍ-ներ։ ԱԹՍ-ների մի մասն էլ հետախուզական նշանակության են՝ գալիս, մեր տարածքը նկարում եւ ինֆորմացիա են փոխանցում հակառակորդին, որն էլ դրա հիման վրա հետո «կամիկաձեներ» է ուղարկում մեզ վրա։ Մեր զինվորները, սակայն, այս օրերին աներեւակայելի սխրանքներ գործեցին ԱԹՍ-ների դեմ պայքարում։ Նրանց հաջողվեց թշնամու ուղարկած «դեսանտներից» շատերին ոչնչացնել օդում՝ դեռ իրենց առաքելությունը չավարտած, այդ թվում՝ իսրայելական արտադրության 30 մլն դոլարանոց Hermes-900 տեսակի ԱԹՍ խոցեցին։ Բարեբախտաբար, թշնամու հարձակումների հետեւանքով խաղաղ բնակչությունից զոհեր չունեցանք, միայն մի բնակիչ է վիրավորվել՝ Չինարի գյուղից, որը հիվանդանոցում է, վիճակը գնալով կայունանում է։ Մյուսները հրաշքով են փրկվել։ Ցավոք, զինծառայողներ զոհվեցին, որոնցից երկուսի անունները նկատեցինք գյուղերից մեկում սեւ ժապավենների վրա՝ «Հակոբ-30», «Գարուշ-31»։

Գյուղեր մեկնել էինք՝ ծանոթանալու տիրող իրավիճակին, հասկանալու, թե ինչ վնաս է հասցրել թշնամին երկու-երեք օր տեւած հրետակոծությամբ։ Իսկ վնասը բավականին մեծ էր։ Մեր այցելության պահին որոշ գյուղերում կառավարությունից ու մարզպետարանից աշատակիցներ էին եկել ու չափուձեւ էին անում, գնահատում վնասի չափը, որպեսզի, ինչպես հայտարարել էր Տավուշի մարզպետը, սկսեն վնասված տների վերականգնումը։ Թվարկածս գյուղերից ամեն մեկում 10-15 տուն էր վնասվել։ Խաղաղ բնակչությունը հիմնականում տեղափոխվել էր ավելի ապահով տեղեր։

Տավուշի մարզը երիզող սարերը մեկումեջ բաշխված են մեր եւ ադրբեջանցիների միջեւ։ Երկար ձգվող լեռնաշղթա է, որի բարձունքներից մի քանիսում մեր դիրքերն են, որոշներում՝ հակառակորդինը։ Հենց դա է, որ բարդացնում է տեղի բնակչության կյանքը։ Այդ լեռներում տեղակայված բարձր դիրքերից ադրբեջանական զինուժն ուղիղ նշանառության տակ է վերցրել մեր գյուղերը, եւ որոշ հատվածներում անգամ սովորական ավտոմատով կարող են կրակել ու վնասել ստորոտում իրենց բնականոն կյանքով ապրող մեր հայրենակիցներին։

Չկար, սակայն, մի տուն, մի գյուղ, որի բնակիչները խոսեին վախվորած, խոսեին գյուղը թողնելու, փախչելու մասին։ Ասում էին՝ իրենք են այստեղ զինվորին թեւ ու թիկունք, որ իրենք էլ գնան, բա զինվորի թիկունքն ո՞վ պահի։ «Պետք լինի՝ բոլորս էլ կգնանք կկռվենք»,- ասում էր ներքինկարմիրաղբյուրցի բնակչուհին։ Այգեպարցի մի կին էլ պատմեց, թե ինչպես է առավոտից երեկո թաքնվել տան բաղնիքում, մինչեւ կրակը դադարել է։ Իսկ թշնամին դիմացի սարից ուղիղ կրակում էր իր տան վրա, որի արդյունքում փլվել էր գոմը, սատկել էին անասունները, կոտրվել ապակիները։ Բայց բնակչուհին չէր կոտրվել։ Նկարագրեց իր ապրումները, հետո մեզ ներս հրավիրեց, որ սուրճ ու միրգ հյուրասիրի՝ իր այգու բարիքներից։

Ամեն ժամ պոտենցիալ կրակի տակ ապրող մարդիկ չէին ընկճվել, ասում էին՝ «մեր հողն ու ջուրն է, մեր տունը, հո թուրքի համար մեր տունը չե՞նք լքելու»։ Թեպետ շատերը կանանց ու երեխաներին տեղափոխել էին հարեւան՝ ավելի անվտանգ գյուղեր։ Չինարիում էլ թշնամու կրակած արկն ընկել էր տներից մեկի բակը՝ առաջացնելով խորը փոս։ Պայթյունից փլուզվել էին հացատունը, փուռը եւ բաղնիքը, վնասվել էր արեւային ջրատաքացուցիչը։ «Բայց մեր ժողովուրդն արի ժողովուրդ ա, շատ արի ժողովուրդ ա, որ էսքանին դիմանում ա... թող մեծերը մտածեն՝ էս ինչ են անում ժողովրդի հետ»,- ասաց տանտիկինը՝ նկատի ունենալով իշխանություններին։ Անհավանական հպարտություն էր՝ տեսնել այս մարդկանց գոյության պայքար մղելիս, լսել նրանց անկոտրում խոսքը, տեղեկանալ մեր զինվորների հերոսական արարքների, մարտական ոգու, հայրենիքի հանդեպ սիրո եւ նվիրման մասին։

Բայց պաթոսից ու հայրենասիրական ճառերից զատ՝ կար նաեւ իրականություն, որին պետք է սթափ հայացքով նայել։ Սահմանին ապրող մարդիկ ունեն սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնց պատճառով նաեւ մի մասը ժամանակին թողել-հեռացել է երկրից։ Մենք՝ «օսլայած օձիքներով» քաղաքաբնակներս, դժվար կհասկանանք նրանց, մենք մեր փափուկ ու անվտանգ աշխատասենյակներից պաթոսախեղդ տեքստեր ենք գրում, գուցե նաեւ այս տողերում էլ լինի նման բան, ու չենք պատկերացնում, որ մեր իրական անվտանգությունը կախված է հենց այս մարդկանցից՝ Չինարիի, Մովսեսի, Այգեպարի ու մյուս գյուղերի բնակիչներից։

Պառավաքար համայնքում, օրինակ, դժգոհում էին «հավասարությունից», որը բերում է յուրահատուկ անհավասարության։ Նրանք կարծում են, որ կառավարությունը պետք է հստակ արտոնություններ տրամադրի սահմանամերձ համայնքների բնակիչներին, որոնք նաեւ սահման են պահում, բայց նույնկերպ են հարկ վճարում, ինչ սահմանից հարյուրավոր կիլոմետր հեռու բնակվող քաղաքաբնակները։ Օրինակ՝ Պառավաքար գյուղից մի տղամարդ, որը ֆուռի վարորդ է «Տավուշտեքստիլ»-ում, մեզ հետ զրույցում նեղսրտեց, որ ինքը, ապրելով ու աշխատելով սահման պահող համայնքում, իր աշխատավարձից նույնքան հարկ է վճարում, ինչ մյուսները։ «Էսքան ժամանակ մի հատ ղեկավար եկե՞լ ա ստեղ` մի հատ հարցնի՝ ժողովուրդ, ո՞նց եք»,- դժգոհեց ֆուռի վարորդը։

Մի գործարար էլ, որ Ռուսաստանից եկել էր իր հայրենի գյուղ, այստեղ գազի լցակայան հիմնել, կառավարությանն առաջարկում էր՝ տեղի գործարարներին ազատել հարկերից։ Թեպետ հարկային որոշակի արտոնություններ սահմանամերձ համայնքների բնակիչներն ունեն, բայց դա քիչ է։ Լուրջ դժգոհություններ, սակայն, չլսեցինք։ Այս մարդկանց խոսքից հասկացանք, որ ընդամենը խաղաղություն է պետք, մնացածն իրենք կարարեն։ Հատկապես, որ բնությունն էլ առանձնահատուկ շռայլ է գտնվել իրենց հանդեպ։

Իսկ իշխանություններից ընդամենը մի փոքր ուշադրություն, մի քիչ տարբերակված մոտեցում է պահանջվում սահմանապահ բնակչության հանդեպ, եւ ամեն ինչ հրաշալի կլինի՝ գեղատեսիլ բնության ու տեղի ժողովրդի հարուստ ներաշխարհի նման։ Ի դեպ, Տավուշի մարզի միջպետական ու միջհամայնքային գրեթե բոլոր ճանապարհներն ասֆալտապատված էին, թեպետ որոշ տեղեր կահավորման խնդիր կար։ Սա, ինչ խոսք, գովելի փաստ է, եւ սահմանամերձի բնակիչները դա բարձր են գնահատում։