Թշնամի եւ բարեկամ

Թշնամի եւ բարեկամ

Ահա այսպես՝ անպատմելի հումանիզմ եւ մեծահոգություն Թուրքիայի ու թուրք ժողովրդի հանդեպ եւ անասելի անհանդուրժողականություն ու ատելություն՝ սեփական ընդդիմության հանդեպ։ Ես դեմ չեմ, որ մեր հարեւան պետությանը, անգամ 2020-ի գիշատիչ պատերազմից ու այսքան հայի արյուն թափելուց հետո, մենք ցավակցություն հայտնենք եւ մեր օգնությունն առաջարկենք։ Այո, մենք մեծահոգի, բարի, մարդասեր ժողովուրդ ենք, մեր թշնամիներին անգամ պատերազմի դաշտում՝ եթե հանձնվում են, չենք սպանում, նրանց կանանց չենք բռնաբարում, գերիներին բանտերում չենք խոշտանգում, ուրիշի հողի վրա էլ հարձակվում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ նեղում են, զրկում ապրելու իրավունքից։ Մենք պատրաստ ենք անգամ մեր թշնամիներին ներել եւ նրանց ձեռք մեկնել, եթե նրանք էլ նույն ցանկությունն ունեն եւ պատրաստ են փակել անցյալի թշնամության էջն ու բարեկամություն անել մեզ հետ։ Բայց արդյոք թշնամին ցավակցո՞ւմ է մեզ, ձեռք մեկնո՞ւմ է, ուզո՞ւմ է մեզ հետ խաղաղ ապրել։

Կարծես թե հակառակն է՝ մեզ ոչ միայն տասնամյակներ շարունակ փորձում են ոչնչացնել ու կոտրել, ծնկի իջեցնել եւ հպատակեցնել, խլել մեր հողն ու ապրելու իրավունքը, այլեւ ոչ մի առիթ բաց չեն թողնում խոշտանգելու եւ սպանելու համար։ Թեեւ ես էլի դեմ չեմ՝ եկեք մի անգամ էլ փորձենք թուրքի ու ադրբեջանցու հետ հաշտության գնալ, պատերազմի կացինը պահել եւ ինչ-որ համաձայնություն կնքել նրանց հետ։ Բայց մի պայմանով՝ խաղաղության օրակարգ որդեգրած եւ թուրքին ցավակցող ու հաշտություն մուրացող մեր իշխանությունը նախ պետք է հաշտություն կնքի սեփական ընդդիմության հետ։ Նախ պետք է պահի ընդդիմադիրներին գլխատող կացինը, հայտարարի, որ պատրաստ է խաղաղ համակեցություն հաստատել եւ համագործակցել նրա հետ, ապա նոր անցնի թշնամուն։