«Վիտալին թողում չի»

«Վիտալին թողում չի»

Այսօր «Հրապարակ» թերթը գրել է․ «Արցախի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանին Հատուկ քննչական ծառայությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել և որոշումն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։ Արցախի հերոսն իր էջում տեղադրել էր նյութը, մի ուշագրավ հատված առանձնացնելով․

Վիտալի Բալասանյան

Արցախի քաղաքացուն ՀՀ ՀՔԾ-ն բերման ենթարկել չի կարող՝ եթե նման որոշում են կայացրել, ապա դա անօրինական է։ Կարող են միայն հետախուզում հայտարարել և դիմել Արցախի դատախազություն՝ խնդրելով արտահանձնել իրենց երկրի տարածքում հանցագործություն կատարած անձին։

Ինչևէ, Վիտալիի ՀՔԾ- ի կողմից «բռնելու հետ կապված» հետաքրքիր մի բան հիշեցի Արցախյան պատերազմից։ Եթե դեպքը  այդ օրերին դառն էր, այսօր՝ քսանամյա բարձունքից,  քաղցր է թվում։ Շատ եմ պատմել՝ տարբեր առիթներով, որովհետև այն բնութագրում է մեր Զինվորին։ Նա կատակում է անգամ ամենածանր պահին։ Բազմիցս եմ ականատես եղել, թե ինչպես ծանր մարտից առաջ կատակում, ծիծաղում են, բայց որ այդ կատակի «թիրախը» ես կարող էի դառնալ, չէի պատկերացնում։ «Կատարի» բարձունքում էի կռվի թեժ օրերին՝ Բարձունքի հրամանատար Մեծ Սոսի հետ (Կամավորական ջոկատներ էին, Մեծ Սոսը դաշնակցական էր և ի պատիվ նրանց, ասեմ, որ շատ ամուր կռվող տղերք ունեին)։ Ինչևէ, մի փոքրիկ քարե պաշտպանական դիրք կար, որից մի քանի կիլոմետր այն կողմ ադրբեջանցիներն էին։ Շատ էին առաջացել։ Ես դա չգիտեի, և գլուխս բարձրացրի, որ նայեմ նրանց դիրքերը։ Միանգամից հակառակորդը խփեց։ Թե ինչ արագությամբ Մեծ Սոսը գլուխս իջեցրեց հողին, չհասկացա, միայն նրա ձայնը լսեցի՝ «գլուխդ ինձ պարտք ես»։ Բռնել էի ճակատս, որը բեկորից արյունաաշաղախ էր և անզուսպ ծիծաղում էի, մոռացած և ցավը, և վտանգը։ Դա միայն դաշտում եղած զինվորը կհասկանա։

Հիմա գամ Վիտալիի՝ ՀՔԾ-ի կողմից "բռնելու գործին"։ Արցախի հերոսի էջում նրան բերման ենթարկելու  հետ կապված" հումորային տրամադրություն կա։ Մեկը գրավեց ուշադրությունս, որն այնպես լավ էր բնութագրում արցախցուն, նրա զինվորին, հերոսին և ընդհանրապես իրավիճակը․

Հովհաննես Գալաջյան

Սասուն Խաչատրյան - Ի՞նչ արեցիք:
Անհայտ ձայն - Հա բռնել ենք:
Սասուն Խաչատրյան - Դե բերեք:
Անհայտ ձայն - Կյալիս չի:
Սասուն Խաչատրյան - Դե դուք հետ եկեք:
Անհայտ ձայն - Թողում չի: