Անգամ մեռնելուց հետո են վախենում․ կկարողանա՞ն այսօր թաղել Նավալնուն

Անգամ մեռնելուց հետո են վախենում․ կկարողանա՞ն այսօր թաղել Նավալնուն

Մոսկվայի սգո գործակալությունները հրաժարվում են Ալեքսեյ Նավալնիի մարմինը դիահերձարանից տեղափոխել եկեղեցի, որտեղ պետք է անցկացվի նրա հրաժեշտի արարողությունը։ Պատճառն անանուն սպառնալիքներ են, հայտարարել է քաղաքական գործչի նախկին մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Սկզբում մեզ թույլ չէին տալիս հուղարկավորման սրահ վարձել՝ Ալեքսեյին հրաժեշտ տալու համար։ Հիմա, երբ եկեղեցում պարզապես հրաժեշտի արարողություն է տեղի ունենալու, սգո գործակալները մեզ ասում են, որ ոչ մի դիակառք չի համաձայնում դիակը տանել այնտեղ», - գրել է նա X սոցիալական ցանցում:

«Անհայտ մարդիկ կանչում են կատաֆալկաների բոլոր վարորդներին և սպառնում, որ Ալեքսեյի դին դիահերձարանից որևէ տեղ չտանեն: Սա մաքուր խելագարություն է»,- գրել է ընդդիմադիր գործիչ Լեոնիդ Վոլկովը:

Նավալնու հիմնած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովն իր հերթին գրել է, որ մահացած ընդդիմադիրի թիմը գլուխ կհանի այս խնդրից։

Հիշեցնենք, որ Նավալնիի հրաժեշտը նախատեսված է մարտի 1-ի կեսօրին՝ Մոսկվայի Մարինո շրջանի ուղղափառ եկեղեցում (hենց այդ շրջանում էր ապրում փետրվարի 16-ին կալանավայրում մահացած ընդդիմադիր գործիչը)։ Հուղարկավորությունը նախատեսված է մոտակայքում՝ Բորիսովի գերեզմանատանը։ Ընդդիմադիրի այրին՝ Յուլիան, ով այս օրերին Եվրոպայում է, X-ում հրապարակել է Յարմիշի հրավերը Նավալնու կողմնակիցներին՝ Մոսկվայում իրենց առաջնորդին հրաժեշտ տալու կապակցությամբ։ 

Բացի այդ, Ալեքսեյի կողմնակիցները իրենց գաղափարական ընկներներին հրավիրել են հավաքվել աշխարհի տարբեր քաղաքներում։

Ի դեպ, եկեղեցում, որտեղ պետք է տեղի ունենա հոգեհանգստի արարողությունը, նոր գրություններ են փակցվել աուդիո ձայնագրման և տեսանկարահանման արգելքի մասին, հայտնում է Սոտա-ն։ 

Եկեղեցու մատույցներում ուղեփակոցներ են տեղադրվում՝ ենթադրաբար մետրոյից հերթը կազմակերպելու համար։ Ուղեփակոցներ են դրվում նաև գերեզմանատան մուտքի մոտ, որտեղ իրավապահները ստուգում են այցելուների անձնագրերը և հարցնում նրանց այցելության նպատակի մասին: