Մի կեղծեք

Մի կեղծեք

Անդրադառնալով Ցեղասպանության զոհերի հիշատակման  միջազգային դրսեւորումներին, հայրենական լրատվամիջոցն առանձնացնում է Մոսկվայի քար լռությունը: Անշուշտ, Ռուսաստանի պահվածքը քննադատության արժանի է, մանավանդ որ պետդուման դեռեւս 1995-ին է ընդունել Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Բայց նույն տեղում կարդում ենք, որ 1923թ., երբ Հայաստանը դեռ անկախ պետություն էր եւ, ի տարբերություն Ադրբեջանի՝ Ազգերի լիգայի անդամ, Ղարաբաղը բոլշեւիկների կամայական որոշմամբ հանձնվեց Բաքվին:

Գործ ունենք երկու սկզբունքային անճշտության հետ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվել է 1921թ.: Հետագա երկու տարիներին , երբ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս ֆորմալ առումով անկախ խորհրդային հանրապետություններ էին, Բաքուն զանազան պատճառաբանություններով հետաձգում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հռչակումը: Կան  ասվածը վկայող պատմական բազմաթիվ վավերագրեր, այդ թվում՝ Ադրբեջանից Մոսվա տեղափոխված՝ Նարիման Նարիմանովի նամակը կուսակցության Կենտրոնական կոմիտեին, որտեղ նա ԼՂ ինքնավարությունը համարում է դաշնակցական ծրագիր եւ այն կյանքի կոչելու համար մեղադրում Լեւոն Միրզոյանին եւ Սերգեյ Կիրովին: Նարիմանովի թիրախում էր նաեւ Հայաստանի կառավարության նախագահ Մյասնիկյանը, ում համառ եւ հետեւողական պահանջներից հետո է, որ Անդրկովկասի երկրկոմն ընդունում է Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունն անհապաղ հռչակելու մասին Ադրբեջանի իշխանությանը պարտավորեցնող որոշում: Երկրորդ անճշտությունը վերաբերում է Հայաստանի անդամակցությանն Ազգերի լիգային: Իրականում Հայաստանն Ազգերի լիգային անդամակցելու դիմում արել է 1920թ.մայիսին, որը, մի քանի ամիս քննարկվելուց հետո, մերժվել է: Պատճառաբանությունն այն էր, որ Սեւրի պայմանագիրը, որով Հայաստանը հռչակվում էր անկախ պետություն, դեռեւս վավերացված չէ, ինչպես նաեւ հստակեցված չէ նրա սահմանների հարցը:

Ի՞նչ կարիք կա կեղծելու հանրահայտ փաստերը: Հայաստանի առաջին հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվել է միայն դե-ֆակտո: Ի՞նչ է մեզ տալիս պատմության կամայական, միակողմանի մեկնաբանությունը: Միայն մի բան՝ խոր հիասթափություն եւ անպտուղ երազապաշտություն: Մինչդեռ եթե մեկ դար  առաջ աշխարհի հզորները սատար են կանգնել, որպեսզի պատերազմում պարտված Թուրքիան վերականգնի անկախությունը եւ ներկայիս սահմաններով մաս կազմի միջազգային հանրությանը, ապա ո՞րն է երաշխիքը, որ նրանք այսօր կմասնատեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որպեսզի կյանքի կոչեն Վիլսոնի ծրագիրը: