Ինչ գործի շրջանակներում են խուզարկել Սևանի «Հարսնաքարը» 

Ինչ գործի շրջանակներում են խուզարկել Սևանի «Հարսնաքարը» 

Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում , ինչպես նաև առերևույթ դեպքի ժամանակ դեռևս չկառուցված այլ հյուրանոցում։ Այս մասին հայտնել էր Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ մակինյանը։ Մակինյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում է տեղի ունեցել խուզարկությունը․

«Խուզարկությունը տեղի է ունեցել «ապօրինի ազատությունից զրկելու» այդ հանրահայտ գործի շրջանակներում, ըստ որի՝ իբր, ապօրինի անձին ազատությունից զրկել են, խոշտանգել են կամ ինքնիրավչություն են կատարել։ Քննվող առերևույթ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին, 2016-ից անցել է 4 տարի, և 4 ամիս է՝ այս քրեական գործը քննվում է։ Խուզարկությունը հրատապ կատարվող քննչական գործողություն է, երբ տեսնում են, որ այս գործում ոչ մի բան չկա, որովհետև դատարաններն էլ արձանագրեցին, որ Ռուբեն Հայրապետյանի մասով չկա հիմնավոր կասկած՝ խոշտանգման և ապօրինի ազատությունից զրկելու, Ռաֆիկ Հայրապետյանի մասով չկա։ Այսինքն՝ էլ բան չկար անելու, մնում էր ընկերության հաշվապահական համակարգիչներն ու փաստաթղթերը առգրավելը։ Այսինքն՝ նոր բան են ման գալիս։ Սա խայտառակ ապօրինի գործընթաց է, խայտառակ»,- ասաց պաշտպանը։ Նա նաև նշեց, որ դատարանը խուզարկության ապօրինի թույլտվություն է տվել քննիչներին, որը պատրաստվում են բողոքարկել․

«Առգրավել են նաև հյուրանոցի ընդունարանի համակարգիչները և հյուրանոցային համալիրի փաստացի  գործունեությունը կանգնած է։ Դրանք այն աշխատող համակարգիչներն են, որոնցով ամրագրումներ են անում, որոնցով քարտային բանալիներն են աշխատեցնում , փաստացի ընկերության աշխատանքը կանգնել է։ Սրանք այն աստիճանի ապօրինություններ են, որ արդեն հանցանքներ են, ակնհայտ հանցանքներ։  Այն դատարանը, որը թույլ է տվել խուզարկություն կատարել , քննիչին տալիս է հայեցողություն՝ գործի համար նշանակություն ունեցող իրեր ու առարկաներ փնտրել ։ Այդ հայեցողությունը ինքնին անօրինական է։ Բազմաթիվ դատական ակտեր կան, որոնք դատարանին հնարավորություն չեն տալիս գործի համար նշանակություն ունեցող առարկաներ փնտրելու, այլ պետք է ասեն՝ կոնկրետ ի՞նչ եք փնտրում, եթե, օրինակ, այսինչ քարն եք փնտրում , ապա գնացեք քարը փնտրելու, ոչ թե՝ գնում ենք, փնտրենք, տեսնենք՝ ինչ կա։ Դատարանը այսպիսի որոշում էր կայացրել, իհարկե, դա կբողոքարկենք, այդ որոշումը խայտառակ անօրինական է»,- ասաց Մակինյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ենթադրյալ դեպքերի մի շարք հանգամանքներ: Հարուցվել էր քրեական գործ։