Կարագի դիֆիցիտ, թե՞ գերիշխող դիրքի չարաշահում

Կարագի դիֆիցիտ, թե՞ գերիշխող դիրքի չարաշահում


Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին օրերի ընթացքում խոշոր սուպերմարկետներում 30-40 տոկոսով ավելացել է շրջանառությունը, իսկ փոքր և միջին խանութներում, կրպակներում ընդհակառակը՝ շրջանառությունը նվազել է, և նրանք վնասներ են կրում։ Ցավոք, ո՛չ մեր կառավարության տնտեսական թիմի ներկայացուցիչները, ո՛չ էլ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուշադրություն չդարձրեցին այս երևույթին և չփորձեցին պարզել պատճառները։ Գաղտնիք չէ, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա ընտանիքին պատկանող կազմակերպությունները հանդիսանում են մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրողներ, մեծածախ և մանրածախ վաճառողներ, ինչպիսիք են ալյուրը, ձեթը, շաքարավազը, կարագը և այլն։ «Ալեքս Ընդ Հոլդինգ» ընկերությունը կարագի շուկայում ունի գերիշխող դիրք, այսինքն՝ մեծածախ կարագ վաճառող հիմնական տնտեսավարողներից է։ Այս ընկերությունը օգտվելով իր՝ ներմուծող լինելու հանգամանքից, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում կարագը վաճառվում է համեմատաբար ցածր գնով, քան մյուս խանութներում։ Ահա այսօր էլ ահազանգ ստացա խանութներից, որ «Ալեքս ԸՆդ Հոլդինգ» ընկերությունն անորոշ ժամկետով դադարեցնում է կարագի մատակարարումներն այն դեպքում, երբ իրենց պատկանող սուպերմարկետներում կարագի պակասուրդ չկա, ընդհակառակը, մեծ պահանջարկ ունի։ Տրամաբանական է որ այս իրավիճակում փոքր և միջին խանութների, կրպակների շրջանառությունը կնվազի, քանի որ խուճապով պայմանավորված մարդիկ այժմ նախընտրում են կատարել մի քանի օրվա կամ շաբաթվա գնումներ, և դա կանեն այն խանութներից, որտեղ կան բոլոր ապրանքները։
Վստահ եմ, որ մոտակա օրերին հանրության հայտնի օլիգարխները, իրար հերթ չտալով, կհայտարարեն, որ նվիրատվություններ են անում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման նպատակով։ Այնուհանդերձ, գործող իշխանությունները և մեր հանրությունը պետք է իմանա, որ օլիգարխներից ստացվող նվիրատվությունները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չեն գոյացել ազնիվ և արդար տնտեսական մրցակցության արդյունքում, այդ գումարները կուտակվել են հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերերին վնասելու հետևանքով:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան