Ալիևը հիմա էլ ՄԱԿ-ին է հաթաթա տալիս

Ալիևը հիմա էլ ՄԱԿ-ին է հաթաթա տալիս

«Աշխարհում երկար տարիներ քննարկվում են ՄԱԿ-ի հետ կապված հարցեր, տեղի է ունենում մտքերի փոխանակում ՄԱԿ-ում բարեփոխումների շուրջ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ, որ այս բարեփոխումների կարիքը մեծ է։ Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի»։ 

Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանա-եգիպտական ​​փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշելով, որ մեկ մշտական ​​տեղ պետք է հատկացվի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամին, Ալիևն ընդգծել է. 

«Իսլամական համագործակցության կազմակերպությունն ինքը պետք է խորհրդատվությունների հիման վրա առաջադրի այդ թեկնածուին։ Մեկ այլ մշտական ​​տեղ պետք է տրվի Չմիավորման շարժմանը, եւ այդ տեղը պետք է զբաղեցնի Չմիավորման շարժումը նախագահող երկիրը»։
Հատկանշական է, որ հենց Ադրբեջանն է այս պահի դրությամբ հանդիսանում Չմիավորման շարժման նախագահող երկիրը, որի լիազորությունները նախատեսված են մինչև 2023 թ․ ավարտը։

«Երկրորդ համաշխարհային պատերազմից անցել է գրեթե 80 տարի, աշխարհը փոխվել է, և այդ փոփոխությունները շարունակվում են արագ տեմպերով։ Ուստի կարծում եմ, որ այս բարեփոխումները կծառայեն ավելի արդար և անվտանգ աշխարհի ստեղծմանը»,-ասել է Ալիևը։