Փաշինյանը պատժիչ գործիքներ է սահմանել հանձնաժողովականների համար

Փաշինյանը պատժիչ գործիքներ է սահմանել հանձնաժողովականների համար

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հանձնաժողովի այսօրվա նիստին, ամենայն հավանականությամբ, կբարձրաձայնի ԲՀ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամ նշանակված Գեւորգ Պետրոսյանին հանձնաժողովից հեռացնելու հարցը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար ամսից են մեկնարկել հանձնաժողովի աշխատանքները, իսկ Պետրոսյանն ընդամենը անդրանիկ նիստին է մասնակցել, դրանից հետո բոյկոտում է բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները։   Սեպտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի՝ հանձնաժողովի աշխատակարգում փոփոխություն անելու որոշումից հետո հնարավորություն է ընձեռվել հեռացնել կարգազանց անդամներին, որոնք 3 եւ ավելի նիստից անհարգելի պատճառներով բացակայել են եւ այդ կապակցությամբ բացատրություն չեն ներկայացրել։ Մասնավորապես, ըստ վարչապետի որոշման, «հանձնաժողովի անդամի բացակայությունը համարվում է անհարգելի, եթե վերջինս բացակայել է հանձնաժողովի երեք եւ ավելի նիստերից եւ այդ կապակցությամբ չի ներկայացրել բացատրություն»։

Ըստ այդմ՝ «հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ կարող է քվեարկության դրվել հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու հարցը: Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդով: Քվեարկությանը չի մասնակցում հանձնաժողովի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը»։ Հանձնաժողովը բաղկացած է 16 անդամից՝ ներառյալ Գեւորգ Պետրոսյանը, եւ եթե 15 անդամ ներկա լինի նիստին, ապա պետք է 10 անդամ կողմ լինի, որպեսզի Պետրոսյանի լիազորությունների դադարեցման հարցով դիմեն վարչապետին, իսկ եթե տասը ներկա լինեն, ապա վեցն էլ կողմ լինեն, բավական է։ Վարչապետը միեւնույն ժամանակ աննախադեպ մեծահոգություն է դրսեւորել՝ սահմանելով․ «Հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամների լիազորությունները դադարեցվելու դեպքում վերջիններիս առաջադրող մարմինն իրավասու է ներկայացնելու նոր անդամի թեկնածություն»։ Այսինքն, եթե Պետրոսյանի լիազորությունները դադարեցվեն, ապա նույն սուբյեկտը, այս պարագայում՝ ընդդիմադիր խմբակցություն «Բարգավաճ Հայաստանը», հնարավորություն կունենա այլ թեկնածություն առաջադրել։ 

Գեւորգ Պետրոսյանի բացակայությունները միանշանակ «ոչ հարգելի» են, քանի որ պատգամավորը որեւէ բացատրություն չի ներկայացրել, թե ինչու չի մասնակցում նիստերին․ «Ինձանից որեւէ մեկը բացատրություն չի պահանջել, ես էլ չեմ ներկայացել նիստերին, որովհետեւ մտադիր չեմ մասնակցել այնպիսի գործընթացների, որոնցում հաշվի չի առնվում կողմերի կարծիքը։ Մի կողմից՝ իշխանությունը ցույց է տալիս, թե հրապարակային գործընթաց է իրականացնում, բայց, օրինակ, մեր անդրանիկ նիստից մի քանի օր անց խմբակցության անունից գրավոր դիմում ներկայացրեցի, որպեսզի տան համաձայնություն առ այն, որ պարտավորվում են հայեցակարգում եւ ընդհանրապես Սահմանադրության ապագա նիստում տեղ գտնի հայ առաքելական եկեղեցու կարգավիճակն ամրագրող դրույթ։ Սակայն ոչ մի պատասխան չստացա։ Սա նշանակում է, որ իրենք հակված են իրենց ուզած դրույթները կյանքի կոչելու ուղղությամբ, իսկ ես նման գործընթացին մասնակցելու նպատակահարմարություն չեմ տեսնում։ Բացի այդ, մի տեղ, որ Դանիել Իոաննիսյանն է մասնակցում Սահմանադրությունը գրելու պրոցեսին, ես այնտեղ անելիք չեմ տեսնում, դա անլուրջ է, ընդհանրապես՝ նա ի՞նչ կապ ունի Սահմանադրության հետ, ես ուզում եմ հասկանալ․ նա իրավաբան չէ, կարելի՞ է այսքան անլրջացնել ամեն բան»։

Պետրոսյանը տարակուսած է՝ իշխանությունն ինքն է այս գործընթացում ամենաշատ խախտումները թույլ տվել։ Նա հիշեցնում է՝ տեւական ժամանակ նիստեր չեն անցկացվել, նախապես սահմանված ժամկետներ են խախտվել, ի սկզբանե որոշվել էր՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը հայեցակարգը պետք է ներկայացվի, հիմա անհայտ ժամկետով հետաձգվել է. «Այսինքն՝ իշխանությունը մատի վրա խաղացնում է ընդդիմությանը, ձեւական աշխատանքներում է ներգրավել։ Ես ինչո՞ւ պիտի մասնակցեմ նման գործընթացի, հատկապես՝ եթե մենք որոշիչ ձայն չունենք այնտեղ»։ Երբ լինի հայեցակարգը, ԲՀԿ-ն պաշտոնապես կհայտնի իր դիրքորոշումը։ Իսկ հիմա իրեն ոչ թե հեռացնում են, այլ փաստացի ինքն է վաղուց հեռացել․ «Էդ էր մնացել պակաս՝ ծանր տանեմ, որ հեռացնեն»։ Պետրոսյանը չի կարող ասել՝ իր լիազորությունները դադարեցնելուց հետո փոխարինող կգործուղե՞ն հանձնաժողովի կազմ, թե՞ ոչ։

Հանձնաժողովի՝ ԲԴԽ-ից նշանակված անդամ Վիգեն Քոչարյանը տեղյակ չէ Պետրոսյանին հեռացնելու մտադրությունների մասին, անցած նիստին բացակայել է։ Փոխարենը կռահում է, թե ինչու է նա բոյկոտում հանձնաժողովի նիստերը. «Ինձ թվում է՝ իր բացակայությունը միգուցե քաղաքական պատճառներ ունի, ուստի ես՝ որպես ապաքաղաքական մարմնի անդամ, ձեռնպահ կմնամ մեկնաբանություններ անելուց»։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ որպես ապաքաղաքական մարմնի անդամ՝ չի մասնակցի նաեւ Պետրոսյանին լիազորություններից զրկելու գործընթացին։ «Ճիշտն ասած՝ այդ հարցը չի քննարկվել, ուստի չեմ կարող հստակ դիրքորոշում հայտնել»։ 
Մեզ ասացին, որ աշխատակարգում արված վարչապետի վերջին փոփոխությունները ոչ թե մեկ անձի, այլ ընդհանրապես հանձնաժողովի դեմ են։ Փաշինյանը դժգոհ է հանձնաժողովի աշխատանքներից, հանձնաժողովականները մատների արանքով են վերաբերվում իրենց գործին եւ շատ հաճախ չեն մասնակցում նիստերին։

Ինչպես հայտնի է՝ 2020 թվականի փետրվարի 12-ի հրամանով է ստեղծվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որը պետք է գործունեությունը սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում, մշակեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը վարչապետի աշխատակազմ ներկայացներ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Սակայն, հաշվի առնելով մարտի 16-ից Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը, որոշվեց փոխել ժամկետները, եւ սահմանվեց, որ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31-ը պետք է մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը մշակել եւ վարչապետի աշխատակազմ ներկայացնել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Չնայած հանձնաժողովը տեւական ժամանակ է՝ վերսկսել է նիստերը, սակայն ցայսօր միայն 3 հարցի վերաբերյալ է քվեարկություն արել եւ այն ներառել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Դրանք են՝ կառավարման խորհրդարանական համակարգի պահպանում, կայուն մեծամասնության վերացում եւ գերագույն դատարանի ստեղծում: Վիգեն Քոչարյանը վստահեցնում է, սակայն, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի մինչեւ հոկտեմբերի վերջը հայեցակարգը ներկայացվի։

Հանձնաժողովի ԼՀԿ-ական անդամ Տարոն Սիմոնյանն էլ չի կարծում, թե անարդյունավետ են աշխատում, բացակայում նիստերից. «Պարզապես քննարկումներն են բավականին թեժ անցնում եւ երկար տեւում»։ Ինչ վերաբերում է Պետրոսյանին հանձնաժողովից հեռացնելու որոշմանը, ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց, թե տեղյակ չէ, երբ հարցը բերեն օրակարգ ու հիմնավորեն պատճառները, կհայտնի իր դիրքորոշման մասին։