Փաշինյանը վանում է բարձրակարգ մասնագետներին

Փաշինյանը վանում է բարձրակարգ մասնագետներին

Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց աղմկահարույց մի հայտարարություն արեց, իբրև թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը և բոլոր ռեֆորմները կյանքի են կոչվում ի հեճուկս պետական համակարգի։ Իհարկե միտքն այս ինքնին անհեթեթություն է, որի մասին շատ եմ խոսել ու իմաստ չկա նորից վերադառնալ արդեն իսկ ծեծված ու չարչրկված թեմային։ Ընդհակառակը՝ այս նույն թեմայի հետ կապված նոր միտք է առաջացել, որի միջոցով, կարծում եմ, հնարավոր կլինի բացատրել Նիկոլ Փաշինյան-պետական համակարգ հակամարտությունը։ 

Խոսքը տեսությունների անհամաչափելիության սկզբունքի մասին է։ Ունենք կառավարման երկու տարբեր մոտեցումներ՝ վարչապետ Փաշինյանի և պետական համակարգի տեսությունները։ Սրանք ամբողջությամբ տարբեր և իրար համար անհասկանլի լեզուներ ու հասկացություններ օգտագործող մոտեցումներ են, ինչն էլ անհնար է դարձնում ինչպես երկու տեսությունների համատեղ գոյությունը, այնպես էլ՝ համագործակցությունը։ Փաշինյանը չի հասկանում համակարգին, իսկ համակարգն էլ չի հասկանում իրեն։ Եվ հենց այս անհասկացողության և անորոշության տիրույթում վարչապետի իռացիոնալ ինտուիցիան առանց որևէ բանական հիմնավորումների եզրակացնում է, որ պետական համակարգը դիմադրում է կամ էլ սաբոտաժ է անում։ Ենթադրենք ինչ-որ ոլորտի մասնագետ վարչապետին խիստ մասնագիտական զեկույց է ներկայացնում, իսկ վարչապետն էլ դա կարդալուց հետո  ընկնում է անորոշության մեջ, քանի որ չի կարողանում հասկանալ իրերի դասավորությունը։ Իսկ չի հասկանում ոչ թե այն պատճառով, որ հիմար է, այլ պարզապես հաղորդակցության և աշխարհի ընկալման լեզուներն են տարբեր և անհամատեղելի։ 

Փաշինյանական կառավարման տեսությունը խոսում է հակահամակարգի լեզվով, դրա մեջ առաջնային տեղ են զբաղեցնում քաոսը, տարերային և անվերահսկելի շարժումը, անհետևողականությունը, սպասելու բացառումը, կարգի բացակայությունը, անընդհատ ու անդադար խոսելու հասկացությունները։ 

Պետական համակարգի կառավարման  լեզուն ամբողջությամբ հակադրվում է փաշինյանական լեզվին։ Դրա մեջ առաջնային են կարգը (ինչպիսին էլ այն լինի), ժամացույցի ճշգրտությունը, աշխատանքի պլանավորումը, շարժման տրամաբանական հետագիծը, պատճառ-հետևանք սկզբունքը և այսպես շարունակ։ 

Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պետությունը կառավարում է իռացիոնալ ինտուիցիայի միջոցով, որը հակաինտելկտուալ մոտեցում է, քանի որ որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործում կենտրոնական դեր է զբաղեցնում ոչ թե բանականությունը, այլ՝ մեկ մարդու զգայական համակարգը։ Կոպիտ ձևակերպմամբ վարչապետը ոչ թե մտածում է, այլ զգում է՝ որպես անտեսանելի և անապացուցելի ճշմարտությունների կրող։ Բնականաբար աշխարհայացքի համանման տարբերությունը չէր կարող կոնֆլիկտի պատճառ չդառնալ, ակնհայտ է, որ Փաշինյանի ինտուիցիան և համակարգի բանականությունը պետք է հակադրության մեջ հայտնվեին։ 

Թերևս հենց սրանով է բացատրվում այն փաստը, թե ինչու են առաջնակարգ մասնագետները հեռանում պետական համակարգից, օրինակ՝ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ Վերջինս ազատման դիմում է գրել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող քայքայիչ անգործության պատճառով։ 

Նշենք, որ պարոն Ճաղարյանն իսկապես պրոֆեսիոնալ է և եթե լուրջ պատճառներ չլինեին, ապա երբևէ նման քայլի չէր դիմի։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում․ Տաթևիկ Ռևազյա՞ն, թե՛ Հակոբ ճաղարյան, ո՞ւմ է ընտրել Նիկոլ Փաշինյանը։ Բնականաբար վարչապետի ընտրությունը չէր կարող կանգ առնել երկրորդ տարբերակի վրա, քանի որ Ճաղարյանը պատկանում է հենց այն նույն ռացիոնալ կառավարման տեսությանը։ Փաշինյանի իռացիաոնալ ինտուիցիայի համար ճաղարյանների տեսակը խորթ է, իսկ Տաթևիկ Ռևազյանը ոչ միայն ընկալելի է, այլ նաև հարմար ու ձեռնտու։ 

Եթե մի փոքր պարզեցնենք միտքը, ապա Փաշինյանն ինքն իրեն նույնակացրել է համակարգի հետ և առաջնահերթությունը տալիս է միայն լոյալ, վերահսկելի, չհակադրվող ու բանական խնդիրներ չառաջացնող մարդկանց, ինչի հետևանքով էլ մասնագետները հեռանում են պետական ծառայությունից։ Իսկ դատարկ տարածությունը զբաղեցնում են կամակատարներն ու մասնագիտական հմտություններ չունեցող տկարները։ Իհարկե դիլետանտներից ու տկարներից չափազանց հեշտ է առաջնակարգ մասնագետի կերպար ստեղծել։ Ֆեյսբուքով ապրող և ֆեյսբուքի միջոցով պետություն կառավարող քաղաքական թիմն արդեն իսկ մասնագիտացել է կեղծ հանրային կարծիք ձևավորելու գործում։ Օրինակ՝ Տաթևիկ Ռևազյանը, որը, կարծես թե, ձախողվել է իր ոլորտում, ֆեյսբուքյան աստղի լեգիտիմություն ունի։ Բայց քչերը կարող են հասկանալ, որ ֆեյսբուքը կեղծ իրականություն է, մատրիցա, որի մեջ տեղ գտած ճշմարտությունները ոչ միայն արհեստական են, այլ նաև երբեմն էլ գոյություն չունեցող։ 

Վստահ եմ, որ պետության մյուս ոլորտները նույնպես համանման բարձիթողի և փնթի իրավիճակում են, ինչը քողարկված է փաշինյանական կեղծ պրոպագանդայով։ Անշուշտ, խնդիրները մոտ ապագայում մեկը մյուսին հերթ չտալով պայթելու են, իսկ վարչապետն էլ դրանք ներկայացնելու է որպես սաբոտաժ կամ էլ դիմադրություն։ Անբովանդակ այս շրջապտույտը կավարտվի միայն այն ժամանակ, երբ դիմադրության և սաբոտաժի տրամադրությունները պետական համակարգից տեղափոխվեն հանրային միջավայր։ Չէ՞ որ հպարտ հորջորջվող ժողովուրդն էլ ի բնությունե հակված է դեպի դիմադրությունը։