Որ Հայաստանում անգամ իշխանափոխություն չի եղել, դրանում էլ համոզվեցի հենց այսօր

Որ Հայաստանում անգամ իշխանափոխություն չի եղել, դրանում էլ համոզվեցի հենց այսօր

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Որ Հայաստանում հեղափոխություն չի եղել, դրանում համոզվեցինք առնվազն 1 տարի առաջ:

Բայց, որ Հայաստանում անգամ իշխանափոխություն չի եղել, դրանում էլ համոզվեցի հենց այսօր, երբ հետևեցի Լուսավոր Հայաստանի ներկայացրած՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության ԱԺ-ի քննարկմանը:

Նախ` ինչ է հեղափոխությունը․ հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ: Հեղափոխությունը նաև կառավարման համակարգի փոփոխությունն է:

Ակնհայտ է, որ չունենք որևէ հիմնաքարային փոփոխություն, թեկուզ պայմանականորեն ընդունելով, որ վերացվել է համակարգային կոռուպցիան (չվերանալու մասին նախկինում խոսել եմ): Հիմնաքարային չեն անգամ այն փոփոխությունները, որոնք ինչ-որ չափով կարող են բարելավել հանրության սոցիալական վիճակը (ըստ էության սա էլ տեղի չի ունեցել):

Չունենք անգամ կազմակերպչական ու կառուցվածքային փոփոխություններ: Վառ օրինակ՝ գործող պետական ապարատի կառուցվածը, որը, բացի անվանումներից որևէ այլ իրական փոփոխության այդպես էլ չենթարկվեց:

Հեղափոխության համար իշխանափոխությունը (ուժի փոփոխություն) պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է:

Բայց, ինչպես արդեն ասեցի, մենք չունենք նաև իշխանափոխություն: Առնվազն Հայաստանում վերջին 1 տարում իշխանությունը չի փոխվել, քանի որ պահպանվել են նախորդ իշխանությանը բնորոշող բոլոր սյուները: Մտածողությունից մինչև վարվեցողություն և քաղաքական կամքից մինչև փաստացի իրականություն՝ որևէ երևույթ փոփոխության չի ենթարկվել: Իսկ կուսակցությունների անվանումներն ամենաանկարևորն է:
Վառ օրինակ՝ այսօր ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի պատգամավորների ելույթները, իսկ վերջում՝ նախաձեռնությունը օրենսդրական հնարքի կիրառմամբ տապալելու քայլը:

Հետևաբար` փոխվել են միայն դեմքերն ու անունները: Ստացվում է, որ մենք գրանցել ենք անձափոխություն, բայց ոչ երբեք իշխանափոխություն, առավել ևս՝ հեղափոխություն:

Անգամ Էդմոն Մարուքյանի այսօրվա քննադատությունն ու զգուշացումն էր նույն պնդումներով կամ հիմքերով, որը նա հասցեագրում էր նախորդ քաղաքական ուժին:

Այսքանից հետո դուք ինչպե՞ս եք կարողանում այլ անձանց մեղադրել նախկինների հետ մութ կապերում:

Այս մասին ապագայում գուցե հանդես կգամ ծավալուն հոդվածով:

Իսկ այժմ պետք է վերահաստատեմ պնդումս, որ մեզ իրական հեղափոխություն է պետք»: