Գրագողություն՝ DAILLY BEST-ԻՑ

Գրագողություն՝ DAILLY BEST-ԻՑ

Հոկտեմբերի 1-ի DAILLY BEST-ում հանդիպեցի David Rothkopf-ի Putin Has Left the World No Other Option But Regime Change հոդվածը (https://www.yahoo.com/news/putin-left-world-no-other-180147049.html):

Հոդվածը վերաբերում է հոկտեմբերի 30-ին, ուրբաթ օրը, Կրեմլում Վլադիմիր Պուտինի ելույթին: Հոդվածի որոշ հատվածներում Պուտին, Ռուսաստան, Կրեմլ, Ուկրաինա բառերը եթե փոխարինենք Ալիև, Ադրբեջան, Բաքու, Հայաստան և Արցախ բառերով, կստացվի հետևյալը.

  1. Բաքվում նրա (Ալիևի) խելագար ելույթները, որոնց ժամանակ նա պնդում է, որ Ադրբեջանը բռնակցում և բռնակցելու է Հայաստանի որոշ հատվածներ, հիմնավոր փաստարկներ են՝ Բաքվում ռեժիմի փոփոխության անհրաժեշտության համար, որը դեռևս պետք է անի համաշխարհային որևէ առաջնորդ: Սակայն, արդեն հստակ է, որ ադրբեջանական բռնապետը պետք է հեռացվի պաշտոնից:
  2. Պարզ է, որ Ալիևի գործողությունները և հռետորաբանությունը օրեցօր ցուցադրում են, որ Հայաստանը երբեք չի կարող անվտանգության մեջ լինել, քանի դեռ նա մնում է իշխանության: Պարզ էր, որովհետև ոչ մեկը չի կարող լինել անվտանգության մեջ, եթե հարևանությամբ գտնվում են երկու խելագարներ՝ Էրդողանը և Ալիևը, ովքեր ունեն մեծ պատրանքներ և խոսում են Օսմանյան կայսրության մասին, մշտապես սպառնում են վերաձևել ինքնիշխան պետությունների սահմանները:
  3. Արդարությունը պահանջում է նաեւ, որ Էրդողանն ու Ալիևը հեռանան իրենց պաշտոններից։ Նրանք սերիական պատերազմական հանցագործներ են, վատագույններից երկուսը, որոնց աշխարհը տեսել է ժամանակակից դարաշրջանում: Նրանք պատասխանատու են տասնյակ հազարավոր մարդկանց մահվան համար։ Նրանք Օսմանյան կայսրությունից ժառանգել են ցեղասպանության լեզուն և գործելակերպը: Նրանց բանակները ռազմական հանցագործություններ են կատարել։ Զանգվածային գերեզմանները վկայում են նրանց դաժանության մասին: Ավելին, նրանց հանցագործությունները չեն սահմանափակվում միայն մարդկային տառապանքով, որը նրանք սանձազերծել են Արցախի Հանրապետությունում և Հայաստանի  Հանրապետությունում: Հիմնարար օրենքների այլ խախտումներ և անհամար վայրագություններներ կարելի է տեսնել նրանց ընդունած որոշումներից՝ Կիպրոսի մի հատվածի բռնազավթումից, քրդական բնակչության բռնաճնշումներից մինչև Սիրիայի և Արցախի սարսափազդու  դեպքերը, իրենց չարագործությունների իրականացման համար աշխարհի տարբեր երկրներից ահաբեկիչներ ներգրավելը, արգելված զինատեսակներ կիրառելուց մինչև սեփական երկրներում այլախոհների նկատմամբ մահացու արշավները:
  4. Էրդողանը և Ալիևն ապացուցել են ոչ միայն միջազգային դատախազներին, այլև երկրագնդի բոլոր բանական էակներին, որ իրենք օրինական առաջնորդներ չեն: Նրանք պաշտպանության արժանի չեն, որից սովորաբար օգտվում են օտարերկրյա պետությունների ղեկավարները: Նրանք ունեն ոչ ավելի իրավունքներ, քան անցյալի հրեշները՝ երիտթուրքերից, Աթաթուրքից, Հիտլերից մինչև Սադամ և Կադաֆի, Պոլ Պոտից մինչև Միլոշևիչ:

Մեկ նկատառում, այս առումով: Կարծես, Դեյվիդ Ռոթկոֆի թվարկածներից ոչ բոլոր են հրեշներ եղել…

  1. Որոշ փորձագետներ իրավացիորեն նշում են, որ Էրդողանին և Ալիևին լավ այլընտրանքներ չկան, այդ պատճառով, նրանցից ազատվելը կարող է հանգեցնել ավելի վատ արդյունքի՝ քաոս տարածաշրջանում, էներգակիրների մատակարարման խափանումներ, ռուսական ազդեցության ուժեղացում…

Ինչպես վերնագրից երևում է, նշված հոդվածում մինչև 1% փոփոխություններ են կատարվել:

Այսպիսին է «միջազգային հանրության» դիրքորոշումը: Հայերը, քրդերը, սիրիացիները և այլ ազգեր կարող են և ոչնչանալ, միայն թե Ռուսաստանի հարցը լուծվի: Դե, եթե կարող եք՝ լուծեք, բայց, կարծես, 1000 տարի է չի ստացվում: Ի՞նչ հիմքեր կան ենթադրելու, որ հաջորդ 1000 տարիների ընթացքում դա հնարավոր կլինի անել:

 

Գագիկ Վարդանյան