Հայկական կողմը բավարար համոզիչ փաստարկներ չի ներկայացրել

Հայկական կողմը բավարար համոզիչ փաստարկներ չի ներկայացրել

Բաքվում եւ Երեւանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Մոսկվայում հունվարի 11-ին տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքները տրամագծորեն հակառակ գնահատականներ են ստացել։ Ադրբեջանում հանդիպումը գնահատել են արդյունավետ, քանի որ այդ հանդիպմանը հնարավոր էր եղել ձեռք բերել պայմանավորվածություն ռեգիոնի տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին։ Հայաստանում էլ ընդդիմությունը մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին թուլակամության եւ հերթական անգամ դիրքերը հանձնելու մեջ․ հայ հանրության մեջ առաջնահերթ հարց են համարում գերիների վերադարձը, սակայն դրա փոխարեն քննարկվել է տնտեսական օրակարգը, որը պնդել է Ադրբեջանը։

Եվ Բաքվում, եւ Երեւանում ակտիվորեն քննարկվեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը տեղի ունեցավ Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել աշխատանքային խումբ երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ, որը կզբաղվի «ռեգիոնում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման» հարցերով։ Խոսքը երկու հիմնական ուղղությունների մասին է։ Առաջին՝ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջեւան միջանցքի, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով, եւ երկրորդ՝ Երեւանից նույն Սյունիքի մարզ երկաթուղու, որը անցնում է Նախիջեւանով։ Երկու երթուղիներն էլ ակտիվորեն օգտագործվել են խորհրդային ժամանակներում, սակայն Լեռնային Ղարաբաղյան հակամարտության սկսվելուց հետո դադարել են գոյություն ունենալ։ Այդ տրանսպորտային ուղիների փակվելու պատճառով իր ժամանակին տուժել է նաեւ Ռուսաստանը։ Երբ ժամանակին վրաց-աբխազական հակամարտության ժամանակ Ռուսաստանից դեպի Վրաստան գնացքների անցումը անհնար էր, Հայաստանը կորցրեց հուսալի երկաթուղային կապն իր հիմնական դաշնակցի հետ, իսկ Ռուսաստանն էլ՝ Թուրքիայի հետ երկաթուղային կապը։

Արդյունքում Հայաստանի երկաթուղին կրճատվեց մինչեւ ոչ մեծ հատվածը, որը կապում էր Երեւանն ու Թբիլիսին, իսկ Ռուսաստանից ապրանքները կարող են գալ Հայաստան միայն Ռազմա-Վրացական ճանապարհով, որը մշտապես փակվում է եղանակային պայմանների պատճառով։ Լուրջ օգնություն Հայաստանին կարող էր լինել Իրանի հետ տնտեսական կապերի խորացումը, սակայն դա հնարավոր չէ մինչ այժմ, քանի որ Իրանի հետ Հայաստանին կապում է միայն մեկ լեռնային ճանապարհ։ Այսպիսով, Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն կարող է ձեռնտու լինել բոլոր երեք կողմերին էլ՝ Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջեւան եւ Թուրքիա, Ռուսաստանին՝ դեպի Թուրքիա եւ Հայաստան, իսկ Հայաստանին՝ դեպի Ռուսաստան եւ Իրան։ Սակայն փաստացի կերպով բանակցությունների արդյունքում իրեն հաղթող զգաց Իլհամ Ալիեւը, իսկ ահա Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կենտրոնացավ ոչ թե ձեռքբերումների, այլ չլուծված հարցերի եւ առաջին հերթին Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելուց հրաժարվելու եւ ռազմագերիների ճակատագրի վրա։ Փաշինյանի հիասթափությունը կիսում են այլ հայ քաղաքական գործիչներ եւս, չնայած նրանք ձախողման համար մեղավոր են համարում հենց վարչապետին։ Օրինակ «Լուսավոր Հայաստան» պառլամենտական ֆրակցիայի ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ տնտեսական միջանցքների ապաշրջափակման հարցը արդեն հիշատակված էր անցյալ տարվա նոյեմբերի իննի հայտարարության մեջ, ուստի ավելորդ էր այն հավելյալ կերպով քննարկելը։ «Փաստացի կերպով, այդ օրակարգը մեր թշնամու կողմից է առաջ մղվել եւ այն շարունակում է գերակա մնալ հայկական օրակարգի հանդեպ»,- ասել է քաղաքական գործիչը եւ մանրամասնել, որ եթե այն դրույթները, որոնք մեր օրակարգի մեջ չեն մտնում, ինչպես օրինակ Քելբաջարից հեռանալը կամ Լաչինի միջանցքի հանձնումը, իրականացվել են եւ նախկինի նման շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ իրականացվում են, ապա Բաքվում հայ ռազմագերիների հարցը քննարկելուց հրաժարվում են։

«Հայ ռազմագերիների հարցը չի քննարկվել երկու պատճառով։ Առաջին, ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիներին հանցագործ եւ փորձում է նրանց ճակատագրի հարցը բանակցային առանձին կետի վերածել, եւ երկրորդ, հայկական կողմը բավարար համոզիչ փաստարկներ չի գտել, որպեսզի բացատրի նման մոտեցման ոչ արդյունավետությունը»,- «Կոմերսանտի» հետ զրույցում հայտարարել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Ադրբեջանցի քաղաքագետ եւ «Վալդայ» միջազգային բանավիճակյին ակումբի փորձագետ Ֆարհադ Մամմադովը «Կոմերսանտի» հետ զրույցում հայտնել է, որ Բաքուն պահվող ոչ բոլոր հայերին է համարում ռազմագերիներ։ «Մարդիկ, որոնք ձերբակալվել են հակամարտության ժամանակ, արդեն հանձնվել են։ Իսկ հիմա Հայաստանն ուզում է հետ բերել 62 մարդու, որոնց ադրբեջանական բանակը Հադրութի մոտ զինաթափել է արդեն դեկտեմբերին։ Նրան Հայաստանի Շիրակի մարզից են անցել այնտեղ արդեն նոյեմբերի վերջին, այսինքն՝ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց հետո, եւ սպանել են Ադրբեջանի հինգ քաղաքացիների։ Ուստիեւ նրանց հարցը դիտարկվում է առանձին եւ նրանք համարվում են դիվերսանտներ»,- ասել է Մամմադովը։ Նա նաեւ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, կամ այնտեղ ապրող հայերի ճակատագրի քննարկման մասով Ադրբեջանը ավելի խիստ է լինելու, քանի որ Ադրբեջանը Հայաստանի հետ միայն միջպետական հարցեր է քննարկելու, իսկ ըստ Բաքվի, Ղարաբաղյան հակամարտությունը վերջացել է, իսկ Ղարաբաղի հայերի ճակատագիրը կարող է քննարկվել թերեւս միջազգային կազմակերպությունների եւ մյուս միջնորդների հետ, բայց ոչ Երեւանի։ Չկարողանալով այլ ձեռքբերումներով գլուխ գովալ այդ բանակցություններում, Նիկոլ Փաշինյանը կանգ է առել տնտեսական կապերի զարգացման հեռանկարի վրա։ Նրա կարծիքով, դրանք «կարող են լրջորեն փոխել ռեգիոնի տնտեսական դիմագիծը եւ լրջորեն ավելացնել ներդրումային պոտենցիալն ու ներդրումային գրավչությունը»։ «Կոմերսանտի» զրուցակիցները Երեւանում, սակայն նրա լավատեսությունը չեն կիսում։ «Միջին ժամկետայնության հեռանկարում Ռուսաստանի կողմից Հայաստանի համար ադրբեջանական ենթակառուցվածքներով բեռնափոխադրումների իրականացումը ավելի թանկ կարժենա, քան Վերին Լարսով կամ Սեւ ծովի նավահանգիստներով։ Պատճառը՝ նոր ենթակառուցվածքային լուծումներ գտնելու անհրաժեշտությունն է, որոնք անխուսափելիորեն կարտացոլվեն փոխադրումների ինքնարժեքի մեջ, կարծում է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» ՀԿ ղեկավար Վահե Դավթյանը։- Կարեւոր դերակատարություն կունենա քաղաքական բաղադրիչը։ Թեեւ Ադրբեջանը հայտարարում է տրանսպորտային ենթակառուցվածքների հանդեպ իրավահավասար հասանելիությանը, ակնհայտ է, որ նա դրսեւորելու է պրոտեկցիոնիստական մոտեցում, հայ բենռափոխադրողների համար ոչ բարենպաստ պայմաններ ստեղծելով։

Հիբրիդային պատերազմը շարունակվում է եւ ունենալու է գլխավորապես տնտեսական բովանդակություն։ Carnegie Europe կենտրոնի ավագ գիտաշխատող եւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության մասին գլխավոր աշխատություններից՝ «Սեւ այգու» հեղինակ Թոմաս դե Վաալը կարծում է, որ «ամենահետաքրքիրը» երեք երկրների ղեկավարների բանակցություններում «մնացել է փակ դռների հետեւում», իսկ տնտեսական օրակարգը հանել են առաջին պլան այն բանի համար, որպեսզի ինչ որ արդյունք գոնե ցույց տան։ «Փաշինյանն անկասկած ցանկանում էր հասնել համաձայնության ռազմագերիների եւ անհետ կորածների մասով, սակայն Ալիեւը դրանում դեռ հետաքրքրված չէ։ Ալիեւն ամենայն հավանականությամբ գոհ չէ խաղաղապահ առաքելության աշխատանքից, սակայն Պուտինն էլ պատրաստ չէ այս մասով զիջումների։ Ինչ է մնում։ Անկեղծ եւ ընդհանուր հետաքրքրությունը ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների վերականգնման»,- «Կոմերսանտին» փոխանցել է մասնագետը։ Սակայն, ինչպես խոստովանել է պարոն դե Վաալը, այդ պլանը պետք է համարել երկարաժամկետ, քանի որ այն իրականացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն ենթակառուցվածքներ, այլ նաեւ «քաղաքական կամք եւ բազային մակարդակում համաձայնագիր», որն այժմ չկա։

Կիրիլլ Կիրվոշեեւ, Հայկ Խալաթյան

«Կոմերսանտ»