Ո՞վ է հայոց բանակի էստոնացի զինվորը․ «Ավտոբուսից իջեցրին, թե դու էստոնացի ես, չես կարող կռվել»

 Ո՞վ է հայոց բանակի էստոնացի զինվորը․ «Ավտոբուսից իջեցրին, թե դու էստոնացի ես, չես կարող կռվել»

«69 տարեկան եմ։ Չնայած այս տարիքիս շարունակում եմ ծառայություն իրականացնել։ Մենք պահակություն չենք անում, երկիր ենք պահում։ Այո, ես «Խաչակիրներից» եմ, բայց զարմանում եմ այս ղեկավարության վրա, որը անուն է դնում , թե դու խաչակիր ես, սա ես, նա ես։ 44-օրյա պատերազմի ժամանակ ԵԿՄ-ի մեջ էի։ Ինձ ավտոբուսից իջեցրին ու ասացին, թե ես էստոնացի եմ, չեմ կարող կռվել։ Սաղ աշխարհը թափել էր հայի գլխին, ինձ ասում են՝ դու էստոնացի ես։ Միևնույն է ես գնացի պատերազմ, պարտքս կատարեցի»,- երեկ ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարում էր էստոնացի Ֆելիքս Բուրմանը, որը նույնպես «Խաչակիրներ» ջոկատի անդամ է, իսկ վերոնշյալ ջոկատին Վարդենիսի դիրքերից իջեցնելու որոշում են կայացրել։

Ֆելիքս Բուրմանը ծնվել է Տալլինում` 1954 թվականին։ Նա Տալլինի «Երևան» մշակութային հանրության ներկայացուցիչն է: 1978 թվականին առաջին անգամ ժամանել է Հայաստան, այնուհետև՝ Ղարաբաղյան շարժումն սկսվելուն պես, կրկին եկել և մասնակցել է շարժմանը,  կռվել Շուշիի գումարտակում։ Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցել է Բուրմանը, որը նաև նկարիչ է։ Ֆելիքս Բուրմանն  էստանացի անվանի ճարտարապետ Կարլ Բուրմանի թոռն է և հայտնի ջրանկարիչ Կարլ Բուրման-կրտսերի որդին: