Ով է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 

Ով է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով իր նախագահության ժամկետը Վրաստանում ավարտում է բավական անհաջող կերպով, ֆեյսբուքյան իր գրառմամբ` Հայաստանի Լոռի եւ Տավուշի մարզերը համարել է «պատմական Վրաստան»։ Քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում Սալոմe Զուրաբիշվիլու մասին, մի փոքր անդրադառնանք նրա ծագմանը։ Սալոմե Զուրաբիշվիլին համարվում է Ճավճավաձեների շառավիղ, իսկ Ճավճավաձեները Վրաստանի պատմական հայտնի ու հին ազնվական գերադաստաններից են համարվում։ Պատահական չէ, որ դեռ իր նախագական պաշտոնակալման արարողության ժամանակ նա ընդգծել է իր ծագումը եւ երդմնակալությունից մեկ օր առաջ ծաղկեպսակ դրել իր նախնիներից Իլյա Ճավճավաձեի գերեզմանին, ապա նախագահական պաշտոնակալման արարողության մի մասն էլ տեղափոխել է իր նախնիների տոհմական կալվածք համարվող Ցինանդալի, որտեղ գտնվում է Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարանը։

Բացի այդ, Զուրաբիշվիլին համարվում է վրացի հայտնի լուսավորիչ եւ 19-րդ դարի վրացական ազգային ազատագրական շարժման առաջնորդ Նիկո Նիկոլաձեի շառավիղը։ Զուրաբիշվիլու նախնիներից Գարսեւան Ճավճավաձեն օրինակ, Վրաստանի Իրակլի 2-րդ թագավորի հետ, որպես Բորչալու-Ղազախի ժառանգական մոուրավ, ստորագրել է Վրաստանի՝ Ռուսաստանի հովանու ներքո անցման պայմանագիրը։ Ճավճավաձեների մեկ այլ ներկայացուցիչ՝ գեներալ-ադյուտանտ Ալեքսանդրը, ցարական բանակի լեյբ-հուսարական գնդի կազմում մասնակցել է Նապոլեոնի դեմ պատերազմներին, ականատես եղել Փարիզի գրավմանը։ Վերադառնալով Կախեթիա, նա կառուցել է Ցինանդալի կալվածքը, որտեղ հյուրընկալվել են ռուս դասականներ Պուշկինն ու Գրիբոեդովը։ Նրա դուստրը՝ Նինան ամուսնացել է Գրիբոեդովի հետ, մյուս դուստրը՝ Եկատերինան կամ Քեթեւանը՝ իշխան Դավիթ Դադիանիի հետ եւ դարձել Մեգրելիայի վերջին անկախ իշխանի մայրը։ Զուրաբիշվիլու՝ Դադիանիների գծով մեկ այլ նախնի էլ պայքարել է Հյուսիսային Կովկասում՝ հայտնի Շամիլի դեմ, հասել գեներալի աստիճանի։ Զուրաբիշվիլիի հարազատ պապը՝ Իվանե Զուրաբիշվիլին եղել է Վրաստանի առաջին՝ 1918-21 թթ հանրապետության մենշեւիկյան կառավարության կազմում, մասնակցել Ազգային-Դեմոկրատական կուսակցության ծրագրի ստեղծմանը, համարվել է Վրաստանի այն ժամանակվա ղեկավար Նոյ Ժորդանիայի գործակիցը։

Ի դեպ, ասում են, որ եղել է «կոշկակարի որդի» Իոսիֆ Ջուղաշվիլու՝ Իոսիֆ Ստալինի հետ լավ ծանոթ։ Ասում են, որ այս ծանոթության շնորհիվ է, որ Ժորդանիայի կառավարությանը, Վրաստանի խորհրդայնացման ժամանակ թույլ են տալիս նախ տեղափոխվել Քութայիսի, հետո՝ հեռանալ Վրաստանից, առանց բարդությունների։ Իվանե Զուրաբիշվիլին 1921 թվականից դառնում է քաղաքական գաղթական։ Նա Ստամբուլում տեղավորվում է որպես իրանա-թուրքական բանկում՝ իրավախորհրդատու, ապա՝ 1924 թվականին տեղափոխվում է Փարիզ։ Հայտնի է, որ Ստալինը նամակագրություն է ունեցել Ժորդանիայի հետ եւ հետեւել, թե քաղաքական գաղթանակության մեջ մենշեւիկյան Վրաստանի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները ինչով են զբաղվել։ Թե այս ամենում ինչ դերակատարություն է ունեցել Իվանե Զուրաբիշվիլին, դժվար է ասել, սակայն գիտենք, որ նրա զավակներից Ելենա Զուրաբիշվիլին կամ Էլեն Կարեր դ՛Անկոսը, եղել է Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի քարտուղրան ու Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ եւ նրա միջնորդությամբ է Զուրաբիշվիլին, ըստ վարկածներից մեկի, նշանակվել Ֆրանսիայում Վրաստանի դեսպան։ Ի դեպ, Զուրաբիշվիլու պաշտոնակալման արարողությունը, ինչպես նշել են դեռ տարիներ առաջ, շատ մասնագետներ, շատ նման է եղել վրացական թագավորների թագադրման արարողակարգին, իսկ որոշ վերլուծաբաններ էլ չեն թաքցնում, որ նրան Վրաստանի նախագահ է դարձրել հենց Բիձինա Իվանիշվիլին։ 

Regnum