Վիրուսաբար եմ տրամադրված

Վիրուսաբար եմ տրամադրված

Փաշինյանի լավատեսությունը, թե կորոնավիրուսից հետո տնտեսական հրաշքներ ենք գործելու, համաշխարհային շուկաների չգիտեմ քանի տոկոսն ենք մեզանով անելու և այլն, շատ տեղին է, կարծում եմ, կորոնավիրուսի օրերին: Անհայտ ու անհասկանալի ցավից իներտութան մատնված մարդկանց համար իսկական հայտնություն է Փաշինյանի այն համոզումը, որ կորոնավիրուսն իր դրական կողմերն ունի և նպաստելու է մեր՝ համաշխարհային քաղաքակրթությանը որդեգրվելուն: Ե՞րբ էինք այսքան լվացվել, լողացել, ախտահանվել, ո՞վ էր մեզ երբևէ սովորեցրել, որ չի կարելի քիթը կամ ականջը փորել, ձեռքերը տանել բերանին կամ աչքերին: Փաշինյանը չի դադարում այս բաների մասին խոսելուց, ու եթե նա շարունակի այս գործը, կորոնավիրուսի ավարտին, ինձ թվում է, արդեն մոռացած կլինի, որ ճգնաժամերին միշտ էլ տնտեսական բումեր են հաջորդում: Այսինքն, այնպես չէ, որ Հայաստանի հետվիրուսյան տնտեսական բումն իր շնորհիվ է լինելու կամ իր ասելով:

Ժամանակից, սակայն, առաջ չընկնենք: Ապագան գուշակելն, ինչպես ասում են, անշնորհակալ գործ է: Ավելի լավ է տապակվենք այս օրերին մեր տակ դրված թավայի մեջ: Նույն խորհուրդը կտայի նաև Նիկոլ Փաշինյանին, այն առումով, որ իր լայվերով ու հեռուստաուղերձներով չփչացնի մարդկանց առանց այն էլ վատ տրամադրությունը: Այդ ուղերձների կարիքը մենք ամենեւին էլ չունենք, մանավանդ՝ «դուխով» կոչի կարիքը: Դրանք այսօր սպեղանի չեն: Ինչի՞ս վրա ուրախանամ, երբ պարետ Տիգրան Ավինանը հայտարարում է, որ ՀՀ բոլոր քաղաքացինեն այսօրվանից ինքնամեկուսացվածի կարգավիճակ ունեն: Եվ կամ լո՞ւրջ են, արդյոք, պարետատան ու ոստիկանության հաթաթաները, թե 150-200 հազար կտուգանեն: Սա գժանո՞ց է, թե՞ կարանտին: Փաշինյանն ասում է՝ կորոնավիրուսով առաջին հիվանդին պարգևատրելու եմ, իսկ Ավինանը պատրաստվում է կարգը խախտողներին տուգանել չլսված չափերով: Առաջինը հենց տուգա՞նքն անցավ մտքներով: Նախկիններին տուգանացավի համար էին չէ՞ քննադատում: Այս ե՞րբ հասցրեցին այսքան սիրել փողը, այն էլ օդից բռնած: Իսկ ձե՞զ ով պետք է տուգանի: Ամբողջ աշխարհում պետությունները սատար են կանգնում կորոնավիրուսով վարակված և կորոնավիրուսի պատճառով աշխատանքից ու կենսամիջոցներից զրկված իրենց քաղաքացիներին, իսկ դուք տուգանո՞ւմ եք, սպառնում եք բա՞նտ նետել «ինքնագիր-անցաթուղթ» չունեցող կամ իր գնալիք տեղն ու վերադարձի ժամը չիմացող քաղաքացուն: Կարող եք հեգնել. ասինք՝ հո չարի՞նք… դրանք միջոցառումներ են, որոնք կօգնեն վիրուսի տարածումը կանխելուն: Լուրջ ե՞ք ասում: Իսկ ինչի՞ց է, որ ձեր բոլոր միջոցառումների հիմքում ընկած են տուգանքներն ու պատիժները, մինչդեռ բացակայում են այնպիսի միջոցառումները, որոնք կարտացոլեին պետութան հոգատարությունն իր քաղաքացիների հանդեպ, քարոզչական և բացատրական աշխատանքը նրանց շրջանում:

Հ.Գ. Առաջարկում եմ բոլոր արագաչափերն ու տեսախցիկներն ուղղել քաղաքացիների կողմը և բյուջեն լցնել: Թե չէ Նիկոլ Փաշինյանն էն կողմից թվեր կրակելով գալիս է՝ փետրվարին տնտեսության ակտիվության 9,2 տոկոս աճ ենք ունեցե՜ե՜ե՜լ… Այ, որ բյուջեն էլ տուգանքներով լցվի, Փաշինյանի նման տղա չի լինի…