Այս պահին նախարարը փոփոխությունների ծրագիր չունի, իսկ հաջորդ պահի՞ն

Այս պահին նախարարը փոփոխությունների ծրագիր չունի, իսկ հաջորդ պահի՞ն

Եթե Զարուհի Բաթոյանը ֆլեգմատիկ էր եւ որպես նախարար առանձնապես ակտիվ չէր, ապա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նոր նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը բանկային ու վարկային անցյալ ունի եւ համապատասխան մտածողություն, արդեն բուռն քննարկումների տեղիք է տվել իր կասկածելի գաղափարներով։ Նախարարի ծրագրերի մասին լսեցինք ե՛ւ դժգոհների պատմածը, ե՛ւ հենց իր՝ Մեսրոպ Առաքելյանի։

Դժոհները պատմում են

Եվ այսպես․ լուրեր են շրջանառվում, թե նախարարն ուզում է միավորել Երեւանի երկու ծերանոցները՝ Նորքի տուն-ինտերնատը, որի շենքը մոտ է կենտրոնին, եւ Շահումյանի գերեզմանատան կողմերում՝ Չորրորդ գյուղում գտնվող թիվ 1 տուն-ինտերնատը։ Նախարարի բիզնես-մտածողության արդյունքում ծերերը կարող են տեղափոխվել գերեզմանոցին մոտ, իսկ Նորքի շենքը վաճառվի։

Համակարգում խոսում են նաեւ, որ նոր նախարարը որոշել է հին կադրերին փոխել եւ սկսել է ենթակա ՊՈԱԿ-ներից։ Այսպես․ նա աշխատանքից ազատել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենի ԺՊ Լիլիթ Հակոբյանին։ Այս հաստատությունում պահվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Ըստ որոշ տվյալների, Լիլիթ Հակոբյանը ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանի սանիկն է, ինչը նրան աշխատանքից ազատելու հնարավոր պատճառներից է եղել։ Նոր տնօրեն Թամարա Մնացականյանը ժամանակավոր պաշտոնակատար է՝ նախարարի առաջին տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանի շրջապատից։ Թե ինչ վիճակում է մանկատունը, ինչ թերություններ կան, նոր տնօրենի ԺՊ-ն, որն աշխատում է դեկտեմբերի 30-ից, մեզ չի ասում։ Ի՞նչ թերություններ է նկատել ինքը, ի՞նչ վիճակում է գտել մանկատունը, ինչի՞ վրա է ուշադրություն դարձնելու աշխատանքի ընթացքում, նա չկարողացավ պատասխանել։ «Ես այս պահին դիտարկման փուլում եմ, չգիտեմ, թե ինչ թերություններ կան։ Դեռ փորձում եմ հասկանալ, թե այստեղ ինչ աշխատանքներ են իրականացվել, եւ ինչ կարող եմ անել իմ փորձի հիման վրա»,- ասաց Մնացականյանը՝ խորհուրդ տալով դիմել նախարարություն։ Հարցին, թե ինքը Տաթեւիկ Ստեփանյանին ճանաչո՞ւմ է, նրա շրջապատի՞ց է, պատասխանեց․ «Ճանաչում եմ այնքանով, որքանով որ պետք է ճանաչեմ։ Ես, երեւի թե, պետք է չպատասխանեմ Ձեր ուղղակի հարցերին։ Ինչո՞ւ՝ այդպես չի՞ լինում, որ մարդուն նշանակում են տնօրեն իր անցած ճանապարհի համար։ Ինձ առաջարկել են, որովհետեւ ես ունեմ անցած ճանապարհ»։

Արդեն 3 սոցապնախարար է փոխվել 2018-ից, իսկ հաշմանդամ երեխաների ՊՈԱԿ-ում երկրորդ ԺՊ-ն է նշանակվում, բայց տնօրենի մրցույթ չի նշանակվում։ Երեւի, հետհեղափոխական սոցապնախարարները վստահ չեն եղել, որ իրենց համար ցանկալի մարդիկ կհաղթեն։

Մինչեւ 6 տարեկանների համար նախատեսված «Մանկան տան» տնօրեն Լիդա Ջուլիկյանից էլ դժգոհություններ կան։ Մեր տեղեկություններով, մանկատան բարերարները, որոնք տարիներ շարունակ հոգում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների բուժման ծախսերը, գումար են տալիս շենքային պայմանները բարելավելու համար, այլ մեծ ծախսեր են կատարում, գոհ չեն նորանշանակ տնօրենից, ով փոխարինեց Լիանա Կարապետյանին, որին մեղադրում էին երեխաների որդեգրման գործընթացում խախտումների համար, սակայն այդ գործի քննությունը ոչ մի կերպ ավարտին չի մոտենում․ ակնհայտ է, որ դա հերթական շոուն էր՝ թույլ հիմքերով։ Իսկ 90-ականների վերջից «Մանկան տունը» ղեկավարող Լիանա Կարապետյանը նույն մանկատան բուժքույր աշխատելուց էր սկսել կարիերան։

Տնօրենի փոփոխություններ են կանխատեսվում նաեւ Գավառի մանկատանը, «Լոռու մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն», «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ներում։ Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը, որը 20 տարի ղեկավարում է հիմնարկը, ասաց, որ իր հետ որեւէ խոսակցություն չի եղել։ «Այս փոփոխությունները, եթե ուզենան, կանեն, խնդիր չկա։ Եթե ինձ ասեն՝ քեզ հաջողություն, քո ծառայությունները պետք չեն, ես էլ կգնամ, բայց ես առաջին անգամ եմ լսում նման բան»,- ասաց նա։

Մեր հարցերն ուղղեցինք նախարար Մեսրոպ Առաքելյանին

 Ի՞նչ ծրագրեր ունեք մանկատների հարցում, ինչո՞ւ չեն անցկացվում տուն-ինտերնատների եւ մանկատների, աջակցության կենտրոնների տնօրենների մրցույթներ, եւ ճի՞շտ է, որ պատրաստվում եք միավորել Նորքի ծերանոցն ու Չորրորդ գյուղի տուն-ինտերնատը։ Առաքելյանն ասաց, որ մանկատների հետ կապված օպտիմալացման հատուկ ծրագրեր չունի։

«Կառավարության ընդհանուր ռազմավարությունը երեխաներին ընտանիք վերադարձնելուն է միտված։ Անում ենք առավելագույնը, որ մանկատներում հնարավորինս քիչ թվով երեխաներ լինեն, եթե չկա հնարավորություն վերադառնալու կենսաբանական ընտանիք, նոր ընտանիքներ գնան։ Միեւնույն ժամանակ հասկանանք, որ դա արագ քայլ չէ։ Անում ենք առավելագույնը, որ երեխաների համար լինեն առավելագույն բարվոք ու հետաքրքիր պայմաններ։ Այդ ուղղությամբ նախատեսում ենք բարելավումներ իրականացնել»։

Ծերանոցները միավորելու ծրագիրը․ «Այս պահին մեր խնդիրն առկա պայմանների բարելավումն է։ Գլխավոր խնդիրն այն է, որ ծերանոցները ոչ թե զուտ դառնան հարմար եւ ապահով կեցավայրեր, այլ կարեւորում ենք ակտիվ ծերացման գաղափարը, որ այդ մարդիկ ունենան զբաղմունք, որովհետեւ նրանց մեծ մասն աշխատունակ է»։

Նորքի ինտերնատի շենքի վաճառքի մասին լուրերը նա հերքում է․ «Այս պահին նման հարց չկա։ Երկու կառույցներն էլ իրենց ֆունկցիաներն իրականացնում են»։

Իզմիրլյանի մանկատան տնօրենի պայմանագրի ժամկետն է լրացել, թեեւ ցանկության դեպքում կարող էին պայմանագիրը երկարացնել։ «Շուտով հայտարարվելու է մրցույթ, իսկ տնօրենի պաշտոնը զբաղեցնում է անձ, որը նախկինում աշխատել է մեր համակարգում»,- ասաց նախարարը։

Խարբերդի, Գավառի մանկատների տնօրենների ազատման մասին, նորից՝ այս պահին խոսք չկա։ «Քանի որ որոշակի ժամկետով են ընտրվում, պայմանագրով։ Ում պայմանագրի ժամկետը կլրանա, օրենքով սահմանված կարգով կհայտարարվի նոր մրցույթ։ Տեսականորեն հնարավոր է, որ նույն մարդիկ շարունակեն աշխատել»։