Հասկացանք՝ փոխնախարարի «գլխին սարքել են», բայց փողը վերցրել է, չէ՞

Հասկացանք՝ փոխնախարարի «գլխին սարքել են», բայց փողը վերցրել է, չէ՞

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նատավայրում այսօր կայացավ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով հերթական դատական նիստը, որին որպես վկա մասնակցում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նիստից հետո Թորոսյանը ըստ էության չխոսեց, չմանրամասնեց, թե ինչ է ասել դատարանում վկայի կարգավիճակով, ավելի շատ անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք, որ լրատվամիջոցներին թույլ չէին տվել գտնվել նիստերի դահլիճում։
«Հրապարակը» տեղեկացավ, որ նիստի ընթացքում Արսեն Թորոսյանն իր խոսքում հիմնականում անդրադարձել է առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Արման Մելքոնյանին, ում ընդամենը երեկ է մեղադրանք առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Ըստ առաջադրված մեղադրանքի` նա, 2005-2018թթ. զբաղեցնելով նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Մ.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ վերջինս դժգոհություններ է ունեցել տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ս. Օ.-ի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել` նրան այդ աշխատանքների ղեկավարումից հեռացնելու հարցում: Համաձայն ՀՔԾ-ի՝ նախորդ փետրվարին Ա. Մ.-ն բժշկական կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ նախարարությունը մտադրվել է նվազեցնել հիվանդանոցին պետպատվերով մատուցվող ծառայությունների հատկացումները, և որ հիշյալ բժշկական կենտրոնը զրկվել է համավճարային սկզբունքով բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունից, որպիսի հարցերը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել, որպեսզի Ս. Օ.-ն կաշառք տա առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին: Ա. Մ.-ն հավաստիացրել է, որ այդ դեպքում Ս. Օ.-ի և Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի, և արդյունքում բժշկական կենտրոնի տնօրենը հնարավորություն կունենա ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի՝ Ս. Օ.-ի մասնաբաժինը, որը հավասարապես կբաժանվի իր և տնօրեն Ա. Մ.-ի միջև: Եւ նախարար Արսեն Թորոսյանը բառացիորեն կրկնել է այս տեքստը, որը նախօրեին ՀՔԾ-ն առաջադրել է նախարարի՝ անվտանգության գծով խորհրդականին՝ դեպքերից մեկուկես տարի անց։

Նշենք, որ սրանք իրականում երկու տարբեր գործեր են, բայց փորձել են կպցնել իրար։ Ըստ մեր աղբյուրի, իմաստն այն է, որ Արսեն Դավթյանի մեղադրանքն ուզում են ջրել եւ մեղքը փորձում են բարդել առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Արման Մելքոնյանի վրա, որ իբրեւ թե նա սարքել է կաշառքի գործը եւ «փուռը տվել» խեղճ փոխնախարարին։ Բայց այս գործը սարքողները մոռանում են, որ փոխնախարարն այնուամենայնիվ կաշառքը վերցրել է եւ տեղում բռնվել։ Ինչքան էլ այդ գործը սարքած լինեին, փողը տվողներն ու կազմակերպիչները վատ մտադրություններ ունենային, դա ոչ մի նշանակություն չունի՝ փոխնախարարի գործողություններում կա ավարտուն հանցանք՝ պայմանավորվելուց մինչեւ փողը վերցնելը։ Եւ դա ժխտել հնարավոր չէ, ու դատարանը նրա գործողություններին պետք է առանձին գնահատական տա։