«Հրապարակ». HSBC բանկը հեռանո՞ւմ է Հայաստանից․ մի գործարքի մանրամասներ

«Հրապարակ». HSBC բանկը հեռանո՞ւմ է Հայաստանից․ մի գործարքի մանրամասներ

HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղի փակվելու մասին ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում ու հերքվում։ Այս անգամ, կարծես, ամեն ինչ լուրջ է, որովհետեւ, որքան էլ ցանկացանք, համոզիչ եւ լիարժեք հերքում չստացանք, ինչը վկայում է լուրերի հավաստիության մասին։ Եվ այսպես՝ մեր տեղեկություններով, 60-ից ավելի երկրների բանկային ծառայություններ մատուցող HSBC բանկի ղեկավարությունը որոշել է վաճառել Հայաստանի մասնաճյուղը։ Միակ իսկապես միջազգային բանկը, որը գրեթե 30 տարվա պատմություն ունի եւ Հայաստանի ամենաշահութաբեր բանկերից է համարվում, որը մոտ 1 մլրդ դոլարի ներդրում ունի ՀՀ տնտեսության մեջ, անհասկանալի պատճառներով որոշել է հեռանալ մեր երկրից։ Իսկ որոշման ակունքները գալիս են 2020 թվականից: 

44-օրյա պատերազմի օրերին Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը սկսում է հանդիպումներ ունենալ HSBC բանկի ղեկավարության հետ եւ կարողանում է համոզել, որ HSBC-ի հայաստանյան մասնաճյուղի միջոցով Ռուսաստանից Հայաստան մեծ գումարներ են փոխանցվում, որով Հայաստանը զենք եւ սպառազինություն է ձեռք բերում եւ օգտագործում է Ադրբեջանի դեմ վարվող պատերազմում, ուստի «HSBC-Արմենիա» մասնաճյուղը պետք է փակվի։ «Հրապարակի» աղբյուրները պնդում են, որ երկարատեւ լոբբինգի արդյունքում, ի վերջո, բանկի ղեկավարությունն աուդիտ է ուղարկում իր հայաստանյան մասնաճյուղ։ Այդ ժամանակ, այսինքն՝ 2020 թվականին, «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ակտիվները կազմում էին 303 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ Էս Բի Սի Բանկ Փի Էլ Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: 

Աուդիտի ժամանակ ստուգում են ակտիվների 60 տոկոսը, սակայն ոչ մի խախտում չեն հայտնաբերում, առավել եւս՝ զենքի հետ որեւէ առնչակցություն։ Ավելին՝ հայաստանյան մասնաճյուղն աուդիտի արդյունքում ստանում է հուսալիության ամենաբարձր աստիճանը։ Եվ չնայած 2022 թվականին «HSBC-Արմենիան» ահռելի շահույթ է ունենում եվրոպական մասնաճյուղերի համեմատ՝ մոտ 20 տոկոս, բայցեւայնպես, HSBC բանկի ղեկավարությունը որոշում է կայացնում վաճառել հայաստանյան մասնաճյուղը։ 

Մեզ հայտնի դարձան նաեւ HSBC բանկի եւ Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավարների միջեւ բանակցությունների մանրամասները։ ԿԲ նախագահը, տեղեկանալով, որ Հայաստանի միակ միջազգային բանկը վաճառվելու է, պայման-խնդրանք է դնում HSBC-ի ներկայացուցիչների առաջ, որ գնորդը պետք է լինի եվրոպական ընկերություն։ Այս կետի շուրջ համաձայնություն է ձեռք բերվում, սակայն, չգիտես ինչու, հետագայում այս համաձայնությունը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չեղարկվում է։ «HSBC-Արմենիան» գնելու ցանկություն է հայտնում հայաստանյան 2 բանկ, որոնցից մեկը Արդշինբանկն է։ Երկրորդ բանկի անունը չենք նշում, քանի որ վերջինիս հետ կապվել չհաջողվեց, սակայն երկրորդը դուրս է բերվում խաղից։ 

Միակ հայտը, որ ներկայացրել է HSBC բանկի լոնդոնյան գրասենյակը, մեր տեղեկություններով, Արդշինբանկինն է։ Բայց ամենահետաքրքիրը գործարքի գինն է՝ 100 մլն դոլար։ Այսպիսով՝ բանկը, որի ստեղծման համար 1 մլրդ դոլարի ներդրում է կատարվել, վաճառվում է 10 անգամ էժան գնով։ Մեր տեղեկություններով, գործարքից տեղյակ է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով, ըստ հրապարակված տեղեկությունների, Արդշինբանկի բաժնետերերից է եղել։ 
Ճի՞շտ է, որ Արդշինբանկը գնում է HSBC հայաստանյան մասնաճյուղը, Դուք տեղյա՞կ եք գործարքից։ Մեր հարցին փոխվարչապետ Գրիգորյանը ժխտողական պատասխան տվեց․ «Ոչ։ Դա ինձ հետ կապ չունեցող եւ իմ իրավասությունների շրջանակից դուրս հարց է»։ 

Կենտրոնական բանկից մենք շատ անորոշ պատասխան ստացանք նույն հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ Արդշինբանկը գնում է HSBC հայաստանյան մասնաճյուղը։ «Եթե պաշտոնապես ինչ-որ բան լինի, այդ մասին բոլորը կիմանան։ Որովհետեւ, եթե նման բաներ տեղի են ունենում, անցնում են որոշակի գործընթացով, ԿԲ խորհրդի կողմից հաստատում է լինում եւ այլն»,- հայտնեց ԿԲ մամուլի հետ աշխատանքի պատասխանատու Հայկ Կիրակոսյանը։ Հիմա կա՞, թե՞ ոչ նման գործընթաց, մանրամասներ կարելի՞ է իմանալ։ «Եթե նման գործընթաց լինում է, դրա պաշտոնական ավարտը ԿԲ խորհրդի թույլտվությամբ նոր պաշտոնապես արձանագրվում է»։ Համաձայնեք՝ սա ո՛չ հերքում է, ո՛չ էլ մեր լուրերի հաստատում։ 

Արդշինբանկից էլ գրավոր հարցում ուզեցին, ապա հերքեցին մեր տեղեկությունները։ «Հայտնում ենք, որ ներկայումս Արդշինբանկը որեւէ հայկական բանկի ձեռքբերման գործարք չի կնքել ու Հայաստանում այդ կապակցությամբ որեւէ քննարկումների չի մասնակցում»,- պատասխանեց բանկի մարքեթինգային հաղորդակցությունների վարչության ղեկավար Նաիրա Առաքելյանը։ Իսկ Հայաստանից դուրս քննարկումների, ոչ հայկական, այլ միջազգային բանկի մասնաճյուղի ձեռքբերման գործարքի մասնակցո՞ւմ եք։ Այս հարցին էլ պատասխանեցին․ «Որեւէ բանկի ձեռքբերմանը չենք մասնակցում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ դրսում»։ 

Դիմեցինք նաեւ HSBC։ Այնտեղ չցանկացան մեկնաբանել հայաստանյան մասնաճյուղի վաճառքի մասին լուրերը։ «Տեղեկացնում ենք, որ բանկը չի մեկնաբանում շուկայում առկա շահարկումներն ու ասեկոսեները»,- պատասխանեց HSBC բանկի մամուլի պատասխանատուն։ 

ՀԳ․ Եթե մեր տեղեկություններն առաջիկայում հաստատվեն, կնշանակի ադրբեջանական իղձերն իրականանում են նաեւ տնտեսական ոլորտում՝ ոչ միայն քաղաքական։ Ի դեպ, մեր տեղեկություններով, բոլոր նրանք, ովքեր տեղյակ են գործարքի մասին, ստորագրել են դրա մանրամասները չբացահայտելու մասին պարտավորություն։ Սակայն եթե նման գործարքներ իրականացվեն, ապա կարելի է միայն գուշակել, թե դրանք ինչ կատաստրոֆիկ հետեւանքներ կունենան ՀՀ տնտեսության համար։