Կարիճը խայթել է 16-ամյա աղջկան
Վանաձորում կարիճի խայթոցի դեպք է գրանցվել. Տուժածի վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Այս մասին տեղեկանում ենք «Վանաձոր» ԲԿ֊ից։
«Այսօր` ապրիլի 13-ին, ժամը 11:10-ին Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով:
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար:
Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ:
Մեկ անգամ եւս հիշեցնում ենք` կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն»։
Կարծիքներ