Սյունիքում արտակարգ իրավիճակ է․ պոչամբարի թունավոր ջրերը լցվել են Ողջի գետը

Սյունիքում արտակարգ իրավիճակ է․ պոչամբարի թունավոր ջրերը լցվել են Ողջի գետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին, որտեղ պոչամբարից աղտոտված ջրերը, խողովակի վնասվածքի հետևանքով, հոսել են Ողջի գետը՝ աղտոտելով գետը։ 

«Մենք շատ լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում. այնտեղ պոչամբարից աղտոտված ջրերը հոսել են դեպի Ողջի գետ»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ զեկուցեց, որ առավոտյան ժամը 9-ին մարզպետը զանգել-տեղեկացրել է, որ Ողջի գետի գույնը փոխված է, դարչնագույն է, եւ մարզում առկա բոլոր ուժերը մոբիլիզացվել են՝ գնալ-տեղում իրավիճակը հասկանալու համար:

Նա հստակ չկարողացավ ասել, թե որ կոմբինատի պոչամբարն է, բայց նախնական դիտարկմամբ՝ տարածքը ցույց է տալիս, որ այն կարող է լինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինը:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առավոտյան եղել են դեպքի վայրում, փորձանմուշներ վերցրել։ Նա էլ տեսակետ հայտնեց, որ այդ արտահոսքերը կարող են Զանգեզուրի կոմբինատից լինել։  

«Եթե տարածքն ավելի վերեւի գոտում է գտնվում, ապա դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հնարավոր արտահոսքերն են: Ըստ նախնական տվյալների՝ վերեւի մասից է, ոչ թե կեսից»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։

Իր տեսակետը հայտնեց նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ տերերը թաքուն են պահել, որ նման դեպք է եղել։ «Չեն ասել եւ արագ վերականգնման աշխատանքներ են սկսել: Այդ խողովակներն արագ զոդել են: Մերոնք ասացին, որ արդեն վերականգնել են»,- ասաց Ցոլակյանը։