Եթե Բայդենն էլ Թրամփի նման Իրանին մաղթի՝ լինել ավելի հզոր պետություն...

Եթե Բայդենն էլ Թրամփի նման Իրանին մաղթի՝ լինել ավելի հզոր պետություն...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Դեյտոնում՝ իր կողմնակիցների առջեւ, հայտարարեց, որ հաղթանակի դեպքում Իրանը չափազանց կարճ ժամկետում կստորագրի պայմանագիր միջուկային զենքի մասին. «Երբ մենք հաղթենք, ապա այդ հաղթանակից մոտավորապես ինը վայրկյան հետո մեզ կզանգահարեն, եւ դա կլինի Իրանը, որը ցանկանում է գործարք կնքել»: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը Թեհրանին ցանկանում է միանգամայն լավը եւ ուզում է, որ այդ երկիրը լինի ուժեղ. «Սակայն նրանք ուղղակի չեն կարող ունենալ միջուկային զենք: Ահա եւ ամենը: Շատ պարզ է»: 
Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ հռետորաբանությունն Իրանի առնչությամբ այնքան էլ բարեհունչ չի եղել, ինչը որոշակի լարվածություն է ստեղծել Մերձավոր Արեւելքում: Ուրախալի է, որ ԱՄՆ-ն, ի դեմս Դոնալդ Թրամփի, փորձում է բարեկամության ձեռք մեկնել Իրանին: Այդ հայտարարությունից երեւում է, որ ամերիկացիներն այնքան էլ ոգեւորված չեն Իրանի հետ լարված հարաբերություններով: Հատկապես ակնհայտ է դառնում նրանց ձգտումը՝ օր առաջ հաստատել սերտ եւ փոխադարձ վստահելի հարաբերություններ:
Եթե Ջո Բայդենն էլ նման մտադրություն հայտնի, ապա ամերիկացիների համար դժվար կլինի ընտրություն անելը երկու թեկնածուների միջեւ: 
Անշուշտ, միայն Իրանի հիմնահարցը չէ կանխորոշողն առաջիկա նախագահական ընտրություններում, բայց այդ հարցը յուրօրինակ ցուցիչ է, թե ԱՄՆ-ն առաջիկայում աշխարհաքաղաքական ինչ ուղեծիր դուրս կգա: Ամեն դեպքում, մի բան պարզ է՝ ինչպես ամերիկացիները, այնպես էլ ամերիկյան իսթեբլիշմենթը դիսկոմֆորտ են զգում ստեղծված իրավիճակում եւ անկեղծորեն ձգտում են Իրանին տեսնել իրենց բարեկամ երկրների շարքում: Կարելի է համոզված ասել՝ Իրանը՝ նույնպես:
ԱՄՆ նախագահի այդ ուղերձը հուսադրող է ոչ միայն Իրանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Ունենալով Իրանի նման ծանրակշիռ, բնիկ ժողովուրդ ունեցող դաշնակից պետություն՝ նշանակում է ունենալ հուսալի գործընկեր տարածաշրջանում: Ռուսաստանի եւ արաբական երկրների հետ միասին, Իրանը կարող է տարածաշրջանում հավասարակշռություն, խաղաղություն ապահովել: 
ՀԳ. 2007 թվականին, որպես Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալա­տի տնօրեն, հյուրընկալել էի ամերիկացի իմ գործընկերներին: Տարբեր թեմաների մա­սին զրուցելիս անդրադարձանք նաեւ Իրանին (Իրանի առեւտրա­արդյունաբերական պալատի հետ սերտ հարաբերություններ էին հաստատվել): Այդ ժամանակ բավական լարված էին իրանա-ամերիկյան հարաբերությունները. նույ­նիսկ խո­սակ­ցություններ կային Իրանը ռմբակոծելու մասին: Քանի որ մեր շփում­ները հաճախակի էին, եւ, բացի դրանից, Արեւելյան Հայաստանը տեւական ժա­մանակ եղել է Իրանի տիրապետության ներքո, ապա մեր փոխ­ըմբռնումը դյուրին էր: Այդ առնչությամբ ես հայտնեցի իմ հետեւյալ նկատառումը. «Ես հասկանում եմ, որ ԱՄՆ-ի նման հզոր երկիրը խորհուրդների կարիք չունի, բայց Իրանին ռմբակոծելը, բացի նրանից, որ անկանխատեսելի հետեւանքներ կունենա, անթույլատրելի է, քանի որ Իրանն ինքնատիպ քաղաքակրթություն է, որը գալիս է հազարամյակների խորքից: Ուղղակի պետք է ձգտել հասկանալ իրանցիներին»: Դոնալդ Թրամփի վերոնշյալ հայտարարությունը, կարծում եմ, հենց այդ կոնտեքստի մեջ է: Պետք է բարձր գնահատել Իրանի զուսպ պահվածքը, որը տեւական ժամանակ երբեք չի կորցրել մնացած աշխարհի հետ արժանապատիվ հարաբերվելու իր կեցվածքը, չնայած իր նկատմամբ կիրառվող նվաստացուցիչ պատժամիջոցներին: Դարեր շարունակ հայերը ջերմ հարաբերություններ են հաստատել տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ հանդիսացող իրանցիների եւ արաբների հետ. երբ իրենց նկատմամբ հարգալից ես վերաբերվում, նրանք դա բարձր են գնահատում ու պատասխանում են նույնկերպ:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր