«Հրապարակ». Փաշինյանի հեռացումը ծրագիր չէ, ծրագիրն այն է, թե ոնց ես հասնելու հեռացմանը

«Շարժումը չի հաջողվում, որովհետեւ հստակ պլան չկա ներկայացված՝ ինչ է արվելու, ովքեր են անելու, ինչքան ժամկետում եւ ինչի համար: Ի վերջո, գլխավոր նպատակը շատ կոնկրետ պահանջ պետք է լինի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ դրան տանող գործողություններ։ Ժողովուրդը չի տեսնում դա, չի զգում, հետեւաբար՝ դուրս չի գալիս ու սկսում է երկմտել, կասկածի տակ դնել ընդդիմությանը»,- կարծում է ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը։
Նրա խոսքով՝ ամենաքիչը կարելի է մտածել, որ հատուկ է արվում․ «Մեծ հավանականությամբ, իրենք ցայտնոտի մեջ են եւ, իսկապես, չեն պատկերացնում հստակ ճանապարհը` արդյունքին հասնելու»։ Բայց շարժմանը թափ հաղորդելու հույսը վերջնականապես չի մարել․ «Վստահ եմ՝ ճիշտ կազմակերպչական աշխատանքների դեպքում կարելի է մեծ էֆեկտ ստանալ, բայց մինչ այդ ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ իրենց մեծամտությունը մի կողմ պետք է դնեն, հաշվի նստեն խորհուրդների, առաջարկների, հասարակական կարծիքի ու պահանջի հետ»։
Կոստանյանի կարծիքով՝ շարժումը կարող էր դրական արդյունք գրանցել, եթե կոնկրետ ծրագիր ներկայացվեր․ «Նիկոլ Փաշինյանի հեռացումը ծրագիր չէ, ծրագիրն այն է, թե ոնց ես հասնելու Փաշինյանի հեռացմանը, գործողությունների պլան, էլ չեմ ասում հեռահար պլանների մասին: Եթե հասնում եք Փաշինյանի հրաժարականին, դրանից հետո ի՞նչ եք պատրաստվում անել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մարդիկ չունեն, երբ ունենան, այն բոլոր ակցիաները, որոնք արվել են` որպես փոքր հաջողություններ, քաղաքացիներին ավելի են մոտիվացնելու, ավելի մեծ զանգվածով են դուրս գալու հրապարակներ»։
Կոստանյանի համոզմամբ՝ «հարթակի ձեւավորման» խնդիր էլ կա. ովքե՞ր պետք է կանգնեն, պիտի հայտարարվի՞ լիդերի՝ ապագա վարչապետի անունը․ «Իհարկե, լիդերի հարցը կարեւոր է, հասարակության մեջ կա պահանջ, որ պետք է հայտարարել ապագա վարչապետի թեկնածուի անունը, բայց, իմ համոզմամբ, հեչ էլ պարտադիր չէ, որովհետեւ վարչապետը կարող է լինել մարդ, ով զբաղվելու է վարչարարությամբ, իսկ փողոցային պայքար առաջնորդողը պետք է լինի բոլորովին այլ մարդ, որն աչքի է ընկնում բովանդակալից տեքստերով, հռետորական բարձր արվեստով, ով կկարողանա հասարակության լայն զանգվածներին մոտիվացնել եւ առաջնորդել պայքարը։ Իմ կարծիքով՝ պետք է կոտրել հասարակության մոտ ընդունված լիդերի կարծրատիպը եւ դուրս գալ 2018 թ. հեղափոխության տրամաբանությունից, որովհետեւ պարզ է՝ նույն մեթոդաբանությամբ այսօրվա ընդդիմությունը չի կարող հաջողություն ունենալ»։
Իսկ ժողովուրդը պատրաստ է պայքարի, պարզապես մոտիվացնել է պետք․ «Ինչ վերաբերում է կազմակերպիչներին, ես տեղյակ չեմ՝ ինչպես է այդ կոմիտեում տեղի ունենում աշխատանքի, դերերի բաշխումը, կոնկրետ՝ ով ինչի համար է պատասխանատու, բայց որպես ՀՀ քաղաքացի, որ բոլոր հավաքներին ներկա է եղել, առարկայական գործողությունների պլան չեմ տեսել, հետեւաբար՝ ինձ մոտ էլ է դեմոտիվացիա առաջ եկել։ Բայց վստահ եմ, որ բազմամարդ հավաքներ են լինելու, ի վերջո, մարդիկ հրապարակ չեն գալիս ինչ-որ մարդկանց համար, այլ որովհետեւ հասկանում են, որ Արցախից չի կարելի ձեռքերը լվանալ։ Իմ կարծիքով՝ շարժումը վերակազմավորման փուլում է, կկարողանա՞ն արդյոք ռեալ, իրատեսական գործողությունների ծրագիր ներկայացնել՝ ժամանակը ցույց կտա»։
Կարծիքներ