Հանրային խորհրդի նախագահ կնշանակվի 15-ից մեկը

Հանրային խորհրդի նախագահ կնշանակվի 15-ից մեկը

Մանուկյանի հրաժարականից հետո վարչապետը 2 նոր անդամ պետք է նշանակի ու նոր՝ ՀԽ նախագահ։ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո ինչ զարգացումներ են հնարավոր խորհրդում, ինչպես է այն կառավարվելու, գործելու։ Պարզվում է՝ հերթական իրավական կազուսն է ստեղծվել, քանի որ օրենքում ամրագրված չեն ՀԽ նախագահի հրաժարականի դեպքում հնարավոր սցենարները։ Այսպես․ Հանրային խորհրդի մասին օրենքի 7-րդ հոդվածով՝ «Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամը՝ Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ։ Եթե նման որոշում չկա, նախագահին փոխարինում է ՀԽ տարիքով ամենամեծ անդամը»։

Ինչպես տեղեկացանք ՀԽ մամուլի քարտուղար Անի Գասպարյանից՝ նման որոշում չկա։ Եվ մյուս դեպքում էլ, ըստ նրա, սա ամրագրված է այն դեպքերի համար, երբ մարդը բացակայում է կամ պարտականությունները ժամանակավորապես չի կարող կատարել, ոչ թե այն պատճառով, որ ՀԽ նախագահը հրաժարական է տվել։ Այսինքն՝ այս դրույթը չի կարող կիրառվել Մանուկյանի հրաժարականի դեպքում։ Մյուս կողմից՝ ՀԽ 45 անդամից 15-ին նշանակում է վարչապետը, իսկ այդ 15-ից 2-ը՝ Վազգեն Մանուկյանը եւ Բաբկեն Պիպոյանը, հրաժարական են տվել։ Եվ, փաստորեն, 2 թափուր տեղ կա։

Ինչպես Անի Գասպարյանը տեղեկացրեց՝ վարչապետը պետք է մեկամսյա ժամկետում այդ թափուր տեղերը լրացնելու համար ներկայացնի թեկնածուներ եւ ապա միայն այդ 45-ից թեկնածու առաջադրի։ Ի դեպ, ենթադրում էինք, որ իր նշանակած 15-ից, սակայն Անի Գասպարյանը, հղում անելով օրենքին, պնդեց, որ 45-ից։ Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո երեկ մեկ նիստ է եղել՝ Ստյոպա Սաֆարյանի վարքագիծը քննարկելու հարցով, որին Ստյոպա Սաֆարյանը չէր մասնակցել։ Այդ նիստը վարել էր ՀԽ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի անդամ, Ստյոպա Սաֆարյանի երբեմնի կուսակից, ժառանգական Լարիսա Ալավերդյանը։ Մեզ հետ զրույցում նա չբացառեց, որ կհեռանա ՀԽ-ից, թեեւ չպնդեց, որ անպայման այդպես կլինի, եթե Ստյոպա Սաֆարյանին նշանակեն ՀԽ նախագահ։ «Ես երբեք հարցն անձնավորված չեմ դրել, ես պետք է հստակեցնեմ, որ երեկ, երբ մենք քննարկում էինք այն դեպքը, որ տեղի էր ունեցել լրատվամիջոցների ու Ստյոպա Սաֆարյանի միջեւ, դա ինձ համար անընդունելի է։ Երկրորդ․ քանի որ նշանակումը կառավարության եւ վարչապետի կողմից է, իրենց գործն է, ինձ կմնա միայն որոշել, թե ինչ է արվում։ Եվ երրորդ․ արդյոք ես, Ստյոպա Սաֆարյանից չստանալով այդ լրագրողի հետ կապված որեւէ հոդաբաշխ բացատրություն, կմնա՞մ, թե՞ չէ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ նախկինում, բացի Անահիտ Բախշյանից, բոլորը պաշտպանում էին Վազգեն Մանուկյանին։ Ինչպես տեղեկացանք՝ Գագիկ Մանասյանը, օրինակ, նիստի ժամանակ հայտարարել է, որ եթե Նիկոլ Փաշինյանի ՀԽ նախագահի թեկնածուն լինի Ստյոպա Սաֆարյանը, ապա ինքը հրաժարական կտա։ Նրա հետ, ցավոք, կապվել չհաջողվեց։ Որոշ անդամներ էլ խուսափեցին կարծիք ներկայացնելուց՝ զուգահեռաբար նշելով, որ շատ ցավում են Վազգեն Մանուկյանի հեռանալու համար։ ՀԽ անդամներից Վազգեն Սաֆարյանն էլ հարցին, թե ինչ տրամադրություն կա, եւ հնարավո՞ր է, որ ինքը հրաժարական տա, ասաց․ «Չէէ․․․ Հանրային խորհրդի նախագահի նշանակման լիազորությունը վերապահված է վարչապետին։ Հիմա նա պետք է եղածներից մեկին նշանակի։ Եվ կնշանակի․․․ դա արդեն վարչապետի խնդիրն է․․․ հիմա մենք ի՞նչ պիտի ասենք»։