Ընտրությունների արդյունքները պայմանավորված կլինեն արտաքին քաղաքական գործընթացներով

Ընտրությունների արդյունքները պայմանավորված կլինեն արտաքին քաղաքական գործընթացներով

Հարցազրույց քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

- Նախընտրական «ռասկլադն» արդեն որոշակի է դառնում, ըստ Ձեզ՝ մրցակցությունը ո՞ր ուժերի միջեւ է գնում, ո՞ւմ խորհրդարան մտնելու հավանականությունն է մեծ, եւ, առհասարակ՝ այս ընտրությունների առանձնահատկությունը ո՞րն է, ի՞նչ բաղադրիչներ կարող են ազդել ընտրողի վրա։

- Մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ ներքաղաքական բոլոր գործընթացները պայմանավորված են արտաքին քաղաքական գործընթացներով։ Դրանք ուղղակի ազդեցություն են ունենում ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների վրա, այդ թվում՝ ընտրական կոչվող այս գործընթացի։ Այս տեսանկյունից՝ արտաքին քաղաքական այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առաջ (կամ կարող են առաջիկայում զարգանալ), ըստ այդմ՝ ներքաղաքական դաշտում արտաքին խաղացողներն այնպիսի դասավորվածություն են բերում, որոնք համահունչ կլինեն արտաքին զարգացումներին։

- Ներկա իրավիճակը ո՞ր ուժերի համար է բարենպաստ, եւ Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ ընտրողը չի որոշելու։

- Եթե այնպիսի արտաքին քաղաքական զարգացումներ ընթանան, որոնք էլ ավելի կխորացնեն ռուս-թուրքական մերձեցումը, այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լավագույնս է սպասարկում այդ շահերը։ Եթե Թուրքիան չեզոքություն պահպանի ՌԴ-ի եւ Արեւմուտքի սուր հակադրության մեջ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն կառավարությունն է, որ էլի լիարժեք բավարարում է թե՛ Թուրքիային, թե՛ Ռուսաստանին։ Բայց եթե ռուս-թուրքական բախում առաջանա, այդ տեսանկյունից Քոչարյանի շանսերը կմեծանան։ Իզուր չէ, որ Պոզների հետ հարցազրույցի ժամանակ նա այդ հայտը ներկայացրեց, բոլորն էլ հասկանում են, թե Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, որ նման աշխարհաքաղաքական զարգացումներին կարողանա ուժ հաղորդել, համահունչ լինել։ Դրա համար շատ հնարավոր է, որ նման զարգացումների դեպքում ընտրություններում տարբեր ռեսուրսներ կիրառելով՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված դաշինքի գործոնն առաջ մղվի։ Քաղաքական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նման գործընթացներ ձեռնարկելու համար։

- Բայց տպավորություն է, որ այս իրավիճակում որեւէ տեխնոլոգիա չի կարող որոշիչ լինել, առավել եւս «փող՝ ձայնի դիմաց» բանաձեւն այնքան էլ չի աշխատի, ինչպես նախկինում էր,  կամ թաղային հեղինակությունների, օլիգարխիայի ռեսուրսները։

- Ես դրան կանդրադառնամ, բայց մինչ այդ նշեմ, որ մեկ այլ տարբերակ նույնպես պետք է հաշվի առնել։ Այն վերաբերում է  Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչմանը կամ Արեւմուտքի, ԱՄՆ-ի կողմից Հայաստանում որոշակի զարգացումներ ապահովելուն։ Այս տեսանկյունից հնարավոր են բոլորովին այլ վերադասավորումներ, ո՛չ սեւերը եւ ո՛չ գորշերն  այնպիսի կշիռ ձեռք չեն բերի, որը կառավարություն կկազմի։ Այդ ժամանակ գուցե Արեւմուտքի կողմից գործարկվեն այլ զարգացումներ, որտեղ պրոարեւմտյան ուժերն անգամ կարողանան կառավարություն կազմել։ Մի բան կարող եմ ասել, որ առայժմ հստակ չէ, թե ամբողջ տարածաշրջանը որ հունով է ընթանում, ուստի մեզ մոտ էլ հստակություն չկա։ Թուրքիան անընդհատ մանեւրում է, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ կարողանում է այնպիսի քայլեր անել, որոնք անընդհատ անորոշություն են ապահովում, ինքը դրանից անընդհատ օգտվում է։ Այս տեսանկյունից բոլորը փորձում են Էրդողանին ստատիկ վիճակի բերել, որպեսզի հասկանան՝ ինչպիսի քաղաքականություն վարեն տարբեր տարածաշրջաններում։
Ներկա իրավիճակում պրոռուսական մի քանի ուժեր կան, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, ՀՀԿ-ն, որը հայտարարեց, որ «Հայրենիք» կուսակցության հետ դաշինք են կազմում եւ այլն։ Կրեմլի համար խնդիր կա, թե որ քաղաքականությունն իրենք կսպասարկեն, երբ հստակություն մտնի, այդ առումով իրենք կկարողանան ե՛ւ մեդիադաշտը կառավարել, ե՛ւ այլ տեխնոլոգիաներ։

- Իսկ եթե աշխարհաքաղաքական զարգացումներում Ձեր նշած անորոշությունը պահպանվի՞։

- Այդ անորոշության պահպանվելը կախված է նաեւ Արեւմուտքի կողմից Հայաստանում ձեռնարկվելիք քայլերից, մենք տեսնում ենք, որ որոշակի ակտիվություն կա, եւ ինտրիգը հենց դրանում է, թե Արեւմուտքը մինչեւ որ աստիճանը կփորձի Հայաստանում էֆեկտ ապահովել։ Այս պահին, կրկնում եմ, անորոշ է, բայց եթե այս անորոշությունը մի քանի ամիս պահպանվի, ըստ էության, միակ հնարավոր տարբերակը ընտրություններում այնպիսի դասավորություն կապահովի, որը հնարավորություն կտա, որ արտաքին քաղաքական դաշտում երբեւէ մեծ, տեկտոնիկ փոփոխությունների դեպքում վերակողմնորոշվելու հնարավորություն ստեղծվի, այսինքն՝ հավասարաչափ ինչ-որ բաշխվածություն կբերեն դաշտում, որտեղ բացարձակ մեծամասնություն չեն ունենա ինչ-որ ուժեր, եւ հետագայում հնարավորություն կլինի նոր տեսակի դաշինքներ կազմելու միջոցով նոր կառավարություն կազմելու։ Այսինքն՝ այն իրավիճակը, որ հիմա կա, որ «Իմ քայլը» դաշինքը կարողանում է միանձնյա որոշումներ կայացնել, չի լինի, կլինեն տարաբաժանումներ, որ հնարավորություն կտան արտաքին զարգացումներին համահունչ զարգացումներ ապահովել։ Ենթադրելի է, որ արեւմտյան ինչ-որ ուժեր էլ ներկայացված կլինեն։ Ինտրիգը Հայաստանում ԱՄՆ քաղաքականությանն է վերաբերում, որտեղ նշմարելի է, որ ինչ-որ պատկեր կարող են ցուցանել։

Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի եւ այլ գործոնի մասին Ձեր հարցին, ճիշտ հակառակը՝ ցանկացած տեսակի ելք ապահովելու համար օգտագործելու են առաջին հերթին վարչական ռեսուրս, իսկ եթե ռեսուրսը չբավականացնի, շատ ավելի հանցավոր ճանապարհով՝ ընտրակեղծիքների միջոցով են կեղծելու։ Այնպես չէ, որ այս անգամ ազատ-արդար ընտրություններ են սպասվում Հայաստանում։

- Կարծում եք՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը ընտրողի գիտակցության մեջ փոփոխություն չի՞ մտցրել։

- Իհարկե, որոշակի հետեւանքներ թողել է, բայց հանրությունն անընդհատ զոհ է գնում մեդիամանիպուլյացիաներին։ Երբ որ բերվում է այն պատկերը, որ կա վատի եւ վատագույնի միջեւ ընտրություն, այլ ընտրություն հնարավոր չէ, որովհետեւ ձայները կփոշիանան, քաղաքացին հայտնվում է կապանքների մեջ․ կա՛մ պիտի ինքնուրույն որոշում կայացնի, որ ձայնը տա երրորդ այլ ուժի, մինչդեռ իրեն հավատացրել են, որ այդ ձայնը կկորի, կա՛մ էլ ընտրությունը կենտրոնացրել են պրոռուսական ուժերի միջեւ, որոնք այս կամ այն կերպ բոլորն էլ ձեռք են տալիս Կրեմլին։ Հայաստանում արվելու է այն, ինչ ասելու են Կրեմլում։ Մնացածը, թե քաղաքական դաշտում ինչ դասավորվածություն կլինի, արդեն քաղտեխնոլոգիաների խնդիր է։ Կրկնում եմ՝ այնպես չէ, որ այս անգամ ազատ-արդար ընտրություններ են սպասվում Հայաստանում՝ հաշվի առնելով, որ ԿԸՀ դերակատարներն էլ նույնն են մնացել։
Հետեւաբար, հետընտրական գործընթացներ կլինեն, քաղաքական ճգնաժամը գուցե խորանա։ 

- Իսկ արտաքին գործոնո՞վ եք պայմանավորում, որ Հայաստանում ընդդիմությունը միասնական ճակատով չի մասնակցում, նույն Ծառուկյան, Քոչարյան, Վանեցյան, Սարգսյան՝ բոլորը Հայրենիքի փրկության շարժման անդամ էին, բայց հիմա առանձին-առանձին են գնում ընտրության։

- Հայաստանը պատերազմի ավարտից հետո բավական երկար ժամանակ ներքաղաքական լարված ժամանակ ապրեց։ Հանրությունը որոշակի սպասելիքներ ուներ, որ այդպիսի աղետալի պատերազմից հետո ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի կունենային այնպիսի փոփոխություններ, որոնք կկասեցնեին վարչակարգի կյանքը։ Բայց դա տեղի չունեցավ, որովհետեւ այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում, եւս արտաքին հովանավորությամբ էր տեղի ունենում։ Այդ բոլոր ուժերը, որոնք ամպագոռգոռ հայտարարություններով պայքար էին մղում Նիկոլ Փաշինյանի դեմ, ինքնուրույն սուբյեկտներ չեն, ի վերջո, իրենց մտքում ունեին այն սցենարը, որ Ռուսաստանը եւս, դժգոհ լինելով այս պատերազմի հետեւանքներից, իրենց թիկունք կլինի, եւ իրենք կգան իշխանության։ Սակայն Ռուսաստանը՝ ճիշտ հակառակը, վերջին շրջանում բոլորովին այլ քաղաքականություն է վարում Թուրքիայի հետ՝ մերձեցման, կոմունիկացիաների բացման եւ այլն, իսկ այդպիսի քաղաքականությունը կարող էր իրականություն դառնալ միայն Նիկոլ Փաշինյան կառավարչի կողմից, ով գաղափարական այն գիծն ունի, որ թուրքերի նկատմամբ թշնամությունը պետք է կառավարելի լինի եւ այլն։ Ուրիշ ո՞վ է այդ քաղաքական գծի մասին արտահայտվել, թե՛ Քոչարյանը, թե՛ ՀՀԿ-ականները նժդեհապաշտության, պահպանողական գաղափարներով չեն կարող նման քաղաքականություն իրականացնել։ Ռուսաստանը վարեց այն քաղաքականությունը, ինչը վարեց պատերազմի ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կազմելիս։