Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով հնարավոր չի տեղից շարժել․ վարչապետ

Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով հնարավոր չի տեղից շարժել․ վարչապետ

Մենք գրել էինք, որ այսօր կառավարության նիստին բուռն բանավեճ ծավալվեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ու ֆինանսաների նախարար Ատոմ Ջանջուղազյանի միջև։ Անանյանը բյուջեից լրացուցիչ փող էր ուզում Գյումրու ԱՏԳ-ի կառուցման համար, ինչին դեմ էր Ատոմ Ջանջուղազյանը, որը կարծում է, որ ՊԵԿ-ը չէ, որ պետք է այդ կարիքը ձևակերպի, այլ այդ կարիքը ենթադրաբար պիտի տնտեսությունից ծնվի։

Կարիքի մասին իր տեսակետը հայտնեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չհամաձայնելով Ջանջուղազյանի հետ։

«Ձեր այն դիտարկումը, թե էդ կարիքը տնտեսությունը պետք է ձևակերպի կամ չձևակերպի, գիտե՞ք, տեսականորեն լավ է հնչում, բայց կարիքներ կան, որ եթե տենց սպասենք, երբեք չի էլ ձևակերպվի՝ այդ թվում հաշվի առնելով նաև մեր էսօրվա կառավարման համակարգի առանձնահատկությունները։ Մի քիչ գրոտեսկային ասենք՝ մեր նախարարություններում աշխատող քանի՞ մարդ ենք ճանաչում, որ իրենք տենց կարիք ձևակերպող են։ Ընդհակառակը, իրենց հիմնական անելիքն էն ա, որ «դե ոչ մի բանի կարիք էլ չկա, լավ է, էլի, նստած են մեզ համար»,-ասաց վարչապետը։

Ըստ նրա՝ չպետք է առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ նախաձեռնությունը պատժելի է։
«Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով հնարավոր չի տեղից շարժել, էդ բան չի, որ  դա մեր բոստանն ա, ոչ մեկը մեր բոստանը չմտնի, որ տենց նայենք, կարելի ա տարիներով սպասել ու ոչ մի տեղ չշարժվել»,-ասաց վարչապետը։

Ջանջուղազյանն էլ ասաց, որ խոսքը տարիներով սպասելու մասին չէ, այլ խոսքը նրան է վերաբերում, որ իրենք չանեն այնպիսի բան, որի կարիքը չունեն։

«Պարոն Ջանջուղազյան, Ձեր առաջարկները մենք շատ լավ հասկանում ենք, ընկալում ենք և արձանագրեցինք, նույն բանը կարիք չկա երկորրդ անգամ կրկնելու, որովհետև դրանից ոչ մի բան չի փոխվի»,-Ջանջուղազյանին հակադարձեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։