Բարեխոսելով Իսրայելի համար՝ օգնում է Իրանին. ի՞նչ խաղ է սկսել Պուտինը

Բարեխոսելով Իսրայելի համար՝ օգնում է Իրանին. ի՞նչ խաղ է սկսել Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին խնդրել է զսպվածություն ցուցաբերել Իսրայելի նկատմամբ։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նրանք ասել են, որ Պուտինը Խամենեիին խորհուրդ է տվել չվնասել իսրայելցի խաղաղ բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Թեհրանի ծրագրած պատասխան հարվածի շրջանակներում:

Պուտինի ուղերձը Խամենեին փոխանցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Հիշեցնենք, երեկ նա Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի եւ Իրանի բանակի հրամանատար Մոհամմադ Բաղերիի հետ։

Ըստ Reuters-ի հետ զրուցած իրանցի պաշտոնյաների՝ Շոյգուի այցը մի քանի ուղիներից մեկն էր միայն, որով Մոսկվան իր պահանջը փոխանցել է պաշտոնական Թեհրանին: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Կրեմլը, որը սերտ հարաբերություններ ունի ՀԱՄԱՍ-ի հետ, խստորեն դատապարտել է Իսմայիլ Հանիեի վերացումը՝ այն անվանելով «քաղաքական սպանություն»։

Reuters-ի աղբյուրները հավելել են, որ Մերձավոր Արևելքն այժմ «մեծ պատերազմի շեմին է»։

Միևնույն ժամանակ, օգոստոսի 6-ին The New York Times-ը, վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու անանուն բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնել է, որ Ռուսաստանը սկսել է Իրանին մատակարարել ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Իսրայելի հնարավոր հարձակումը հետ մղելու համար: Նրանք հաստատել են, որ Թեհրանը նման խնդրանքով դիմել է Մոսկվային՝ որպես իր մերձավոր դաշնակցի։