Բացի Աննա Հակոբյանից, ո՞վ տեսավ վերադարձված կոպեկներն ու քյաբաբները

Բացի Աննա Հակոբյանից, ո՞վ տեսավ վերադարձված կոպեկներն ու քյաբաբները

Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն  ականջահաճո խոստումներ տվեց, թե նախկին թալանչիներից կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ թալանվածը վերադարձնելու է, ժողովրդից թալանածը վերադարձվելու է ժողովրդին: Ինչ խոսք, բավականին ոգեւորիչ խոստումներ էին: Ու պողոսը սպասում էր, թե շուտով իր գրպաններն են հոսելու իրենից «թալանվածը», ինքն սկսելու է լավ ապրել: Արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը սպառված է, եւ դրան կարճ կյանք է մնացել: Իսկ ստացա՞վ արդյոք պողոսն այն, ինչ իրեն խոստացել էր իր ընտրած վարչապետը: Իհարկե` ոչ: Նա այդպես էլ մնաց ձեռնունայն, ո՛չ վերադարձված կոպեկներ տեսավ, ո՛չ էլ` քյաբաբ:

Իսկ ո՞ւր գնացին այդ կոպեկներն ու քյաբաբները: Հեղափոխությունից հետո, ինչ խոսք, նախկինում թալանվածից որոշակի գումար մտավ բյուջե. մոտ 103 մլն դոլարի չափով: Բայց այդ գումարի վրա մոտ 5 մլն դոլար էլ դրվեց բյուջեից եւ որպես պարգեւավճար բաժանվեց պետական պաշտոնյաներին, իշխանությանը: Ասել է թե` թալանվածը վերադարձրին, որ իրար մեջ բաժանեն:   
Իշխանափոխությունից հետո հաճախ էինք տեսնում «նախկինների» կարկառուններին ասֆալտին փռելու, քրգործեր հարուցելու ներկայացումներ, աղմկոտ բացահայտումներ: Սակայն, որքան աղմկոտ էին այդ ձերբակալությունները, այնքան աննկատ էին տվյալ մարդկանց ազատ արձակումները: Օրինակ` աղմկահարույց բացահայտումներ եղան Հովիկ Աբրահամյանի եւ նրա եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ կապված. ապօրինի զենք-զինամթերք, ապօրինի եւ գողացված ջրատար խողովակներ եւ այլն:

Հետո այդ գործերը մոռացության տրվեցին: Հովիկ Աբրահամյանը եւ նրա եղբայրն ազատության մեջ են, իրենց բիզնեսների մեծ մասը դուրս են հանել Հայաստանից: Սա միակ դեպքը չէր: Օդում լուրեր էին շրջանառվում, որ նախկինները, որպես «փրկագին», կլորիկ գումար էին «մուծվում» վերեւներին եւ հանգիստ դուրս գալիս Հայաստանից: Հիշեցնենք, որ այդպիսի գործարքի առաջարկության մասին խոսել էր նաեւ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Այդ խոսակցությունները կհաստատվեն այն ժամանակ, երբ Փաշինյանն այլեւս իշխանության չի լինի: Սակայն հաստատված իրողություն է, որ շատերը «փրկագին» վճարել են վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներին: Մինչ իշխանության գալը ընդդիմադիր Նիկոլը հաճախ էր քննադատում հայաստանյան օլիգարխներին: Իսկ իշխանության գալուց հետո հայտարարեց, թե Հայաստանում արդեն օլիգարխներ չկան, այլ կան խոշոր գործարարներ:

Այդ հրաշք «կերպարանափոխման» գաղտնիքն այն էր, որ օլիգարխներն սկսեցին կլորիկ գումարներ փոխանցել նշված հիմնադրամներին: Օրինակ` Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւանի սիթի» սուպերմարկետների ցանցն «Իմ քայլին» վճարել է 34,500,00 դրամ, «Ալեքս հոլդինգ»-ը՝ 33,600,000, «Նատալի ֆարմ»-ը`10,000,000 դրամ: Դրանից հետո անասելի ջերմացան իշխանության հարաբերությունները Սամվել Ալեքսանյանի հետ, որին ընդդիմադիր Նիկոլը համարում էր թալանչի օլիգարխ, մոնոպոլիստ Լֆիկ Սամո: Աննա Հակոբյանի հիմնադրամին կլորիկ գումար է վճարել նաեւ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերությունը` 15,000,000 մլն դրամ:

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, ով Սերժ Սարգսյանի ընտանիքի մտերիմն ու երեխաների կնքահայրն է, նախկին իշխանության ժամանակ արտոնյալ էր եւ իր բիզնես ոլորտում մոնոպոլ արտոնություններ ուներ, նույնպես վճարել է Աննա Հակոբյանի հիմնադրամին` 5 մլն դրամ: Հիմնադրամի նվիրատուների ցանկում շատ են նաեւ անանուն անձինք: Թե որ թալանչիների անուններն են թաքնված դրանց ետեւում, հայտնի չէ: Իշխանափոխությունից հետո Հանրապետության հրապարակում Փաշինյանը հայտարարեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի եղբայրը հայաստանյան բանկերից մեկում ունի 30 մլն դոլար: Թեեւ Փաշինյանն անուն չասաց, սակայն հասարակությունը ճանաչեց գումարի տիրոջը` Սաշիկ Սարգսյանին: Թե ինչ եղավ այս գումարի ճակատագիրը, օրերս գաղտնազերծեց նախկիններից ու ներկաներից ամենաքաջատեղյակ մարդը` Միքայել Մինասյանը, ով ասաց, որ այդ գումարներն Աննա Հակոբյանի հաշվեհամարներում են:  

Թե ինչու այդ գումարները չէին փոխանցվում պետական բյուջե, այլ գնում էին անհայտ ուղղությամբ կամ փոխանցվում Աննա Հակոբյանի հիմնադրամներին, կարելի է միայն ենթադրել: Թե ինչպես եւ ինչի վրա են դրանք ծախսվել, հրապարակայնացման ենթակա չէ: Հիշեցնենք, որ վերջին ամիսներին, պատերազմական օրերին ամերիկահայ գործարար Ջորջ Բաղումյանը 2 մլն դոլար նվիրաբերեց Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին: Հայտարարեցին, որ այդ գումարները ծախսվելու են քովիդի բուժման նպատակով։ Սակայն մանրամասներ, թե որտեղ եւ ինչ նպատակներով է հիմնադրամն այն ծախսել, չտեղեկացրին. Հակոբյանի խոսնակը հայտարարեց, որ իրենք հաշվետու են միայն դոնորներին, իսկ լրատվամիջոցներին տեղեկատվություն չեն տրամադրում: 

Մի խոսքով, հօդս ցնդեցին հասարակության այն սպասելիքները, թե Նիկոլը գալու է, նախկին «թալանչիներից» վերցնելու է իրենցից թալանված փողերը, ու իրենք սկսելու են լավ ապրել: Ոչ մի թալանված էլ ետ չեկավ ու չհասավ շարքային քաղաքացուն: Փաշինյանը, պարզապես, պետք է ազնիվ գտնվեր եւ ասեր. «Թալանվածը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ խլելու ու վայելելու ենք ես, իմ կինն ու իմ թիմը…»: