Խորհուրդներ Նիկոլ Փաշինյանին

Խորհուրդներ Նիկոլ Փաշինյանին

Շատ տխուր իրավիճակում ենք հայտնվել` կորոնավիրուսը մի կողմից, տնտեսական ճգնաժամը մյուս կողմից։ Այսքանն արդեն ավելի քան բավական է, բայց պարզվում է մի լուրջ խնդիր էլ ունենք: Պարզվում է մեր իսկ իշխանությունը դժգոհ է մեզնից, մեր պաշտոնյաները մի տեսակ մեզ չեն հավանում: Դե, մեկ՝ չլսող երեխայի պես ենք մեզ  պահում, մեկ՝ չհասկացող տգետի պես: Մեկ՝ չենք հավատում վտանգին, մեկ՝ խելոք չենք կատարում իրենց ասածը։ Մի խոսքով, չենք արդարացնում իրենց սպասելիքները՝ համատարած, ազգովի: 

Դժվար է նման անկիրթ, օրինախախտ ժողովուրդ կառավարելը, շատ դժվար: Կարեկցելու, իրենց դրության մեջ մտնելու փոխարեն էլ ինչ-որ բաներ ենք պահանջում, վերլուծություններ անում: Ամաչեցի՞ք գոնե մի քիչ, կարմրեցի՞ք․ կարծում եմ՝ ոչ։ Բացատրեմ՝ ինչու չարժի ամաչել: Իշխանություն, եթե ուզում ես քեզ լսեն, ցուցումներդ կատարեն, ուրեմն հակասական հայտարարություններ ու հրահանգներ մի տուր: Ուզում ես՝ կարգապահ լինե՞ն ու քո կարծիքին վստահե՞ն, ուրեմն թող խոսեն մասնագետները, միջինից ցածր գիտելիքների տեր մարդկանց մի դարձրու պատասխանատու: Բժիշկների փոխարեն խոսնակներով մի պատասխանիր: Ուզում ես՝ վտանգը ռեա՞լ համարեն, հիվանդությունը իսկակա՞ն, ուրեմն, հրապարակիր հիվանդ ու մահացած մարդկանց անունները (գոնե նրանց՝ ովքեր համաձայն են): Թե չէ ստացվում է՝ 10 հազար հիվանդ ունենք, մի քանի հոգու մասին գիտենք, այն էլ լրատվամիջոցների տիտանական ջանքերով:
Ուզում ես վստահեն քո հակահամաճարակային միջոցառումների՞ն, ուրեմն մի խելացի, փորձառու գիտնականի պատասխանատու նշանակիր, որ Վրաստանի Գամկրելիձեի պես 24 ժամ հասանելի լինի և բոլոր հարցերին հիմնավորված պատասխաններ տա՝ երբեք գիտության հետ կապ չունեցած մեր վարչապետի, պարետի ու նախարարի փոխարեն: 

Ու վերջում․ ուզում ես մարդիկ պահպանե՞ն կանոնները, տանից դուրս չգա՞ն, ուրեմն քո վրա վերցրու տնտեսական պատասխանատվությունը, կրճատիր սեփական ծախսերդ, ծախսիր բյուջեի ավելցուկները, մարդկանց տուր իրական ֆինանսական աջակցություն, բանակցիր աշխարհի հետ, փորձիր ստանալ աջակցություն դրսից: Թե չէ ստացվում է, մենք վատն ենք՝ դու լավը, բայց հայտնի խոսք կա՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, կարծում եմ, հակառակը նույնպես ճիշտ է. ամեն իշխանություն արժանի է իր ժողովրդին: 

Սվետա Մարտիրոսյան