ԿԳՄՍՆ-ն ցանկանում է «Գոյ» թատրոնը լուծարել եւ միավորել Սունդուկյան թատրոնի հետ

ԿԳՄՍՆ-ն ցանկանում է «Գոյ» թատրոնը լուծարել եւ միավորել Սունդուկյան թատրոնի հետ

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը լուծարել, վարչական մասը կրճատել, իսկ ստեղծագործական կազմը միավորել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ, ինչպես ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն է նշել՝ որպես «էքսպերիմենտալ թատերական խմբակ»: Այս մասին փոխնախարարը նախ փետրվարի 8-ին «Գոյ»-ի տնօրենի ԺՊ Սարգիս Չոլոյանին է բանավոր կերպով տեղեկացրել, որից հետո՝ արդեն փետրվարի 17-ին, նախարարությունում տեղի է ունեցել Խզմալյանի եւ թատրոնի ստեղծագործական կազմի 7 ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում փոխնախարարը «Գոյ» կենտրոնի ներկայացուցիչներին ներկայացրել է որպես առանձին միավոր՝ կենտրոնի լուծարման եւ մեկ այլ թատրոնի հետ միավորման հիմքերը: Դրանք են՝ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Չի համապատասխանում իր փորձարարական անվանմանը: Հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել: Կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ, եւ այլ հիմնավորումներ:

Թատրոնի ստեղծագործական անձնակազմը եւս արձագանքել է՝ պատասխան նամակով, այն հասցեագրելով ԿԳՄՍ նախարարին։ Այն տեղադրել են նաեւ իրենց ՖԲ-յան էջում, որտեղ կետերով հիմնավորում են եւ պարզաբանում իրավիճակը։  

Թե ինչից սկսվեց այս պատմությունը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արթուր Սահակյանը նկատում է․ «Այս պատմությունը սկսվել է ուրիշ տեղից՝ իմ քաղաքացիական դիրքորոշումից, բայց ես մի երկիր ունեմ եւ այն չեմ վաճառելու, ոչ մի աշխատանք կամ աշխատավարձ այստեղ դեր չի խաղում»։

Փետրվարի 7-ին թատրոնում տեղի է ունեցել «Գարեգին Նժդեհ․ իրական առասպել» փաստավավերագրական ներկայացման պրեմիերան, որի հենց հաջորդ օրը թատրոնի տնօրենին կանչել են նախարարություն եւ տեղեկացրել, որ այսպիսի լուծում է առաջարկվում, բայց, ինչպես նկատում է Ա․ Սահակյանը, մեկուկես ամսում չէր կարող նման արագ լուծում գտնվել, որովհետեւ տարեվերջին թատրոնի տնօրենին ոչինչ չի ասվել դրա մասին․ «Անունը դնում են ոչ թե լուծարում, այլ միավորում Սունդուկյանի հետ, բայց մենք 88-ից այստեղ ենք աշխատում եւ Սունդուկյանի տեղը շատ լավ գիտենք, թատրոնի ու նրա դերասանների հետ երբեք խնդիր չենք ունեցել։ Եթե մեր մտքին լիներ Սունդուկյանում աշխատելը, մենք վաղուց իջել էինք ներքեւ եւ տաքուկ տեղավորվել էինք այնտեղ, բայց չկա ոչ մի տրամաբանություն»։

35 տարվա պատմություն ունեցող թատրոնում այսօր աշխատում է 35 հոգի (թե՛ ստեղծագործական, թե՛ ադմինիստրատիվ կազմ), ներառյալ եւս 3 անձ, ովքեր Կամերային թատրոնի փակվելուց հետո եկել են «Գոյ»։ «Նրանք, ովքեր աշխատում են «Գոյ»-ում, աշխատավարձի համար չեն աշխատում, այլ՝ գաղափարից ելնելով, որովհետեւ իրենք «Գոյ»-ում կխաղան այն, որը ոչ մի տեղ չեն խաղա, կունենան այն ստեղծագործական պրոցեսը, որ ոչ մի տեղ չեն ունենա»,- ասում է Սահակյանն ու անդրադառնում Նժդեհի մասին ներկայացմանը, որից էլ, ըստ նրա, ամեն ինչ թափ է առել ու զարգացել։

«Արմեն Մազմանյանը, որի կուրսի ուսանողներն են թատրոնի դերասանների մոտ 70 տոկոսը, իր բոլոր կուրսերի հետ անպայման անում էր Գարեգին Նժդեհ։ Մենք մտածեցինք, որ Գարեգին Նժդեհն այսօրվա անհայրենիք ու անհավատ Հայաստանում պարտադիր պետք է ներկայացվի, որպեսզի մանր-մունր բաները չարատավորեն այդ մարդուն։ Մենք հիմա շատ ենք ասում՝ ո՞ւր է Սասունցի Դավիթը, բայց մի հատ Սասունցի Դավիթ էլ հենց Նժդեհն էր։ Ու երբ ներկայացման հաջորդ օրը տնօրենին կանչում են նախարարություն ու ներկայացնում թատրոնը փակելու նախագիծը, ես կարո՞ղ եմ ենթադրել, որ հենց «Գարեգին Նժդեհ» ներկայացումն էր դրա պատճառը, ես կարո՞ղ եմ այն որակել որպես գրաքննություն դեմոկրատ խաղացողների կողմից։ Իսկ ներկայացումը, իհարկե, նաեւ ակցիա էր։ Խորհուրդ կտամ, որ տոմս առնեն, գան նայեն ու տեսնեն, թե ինչի մասին է խոսում Նժդեհը, ու նոր իրենց համեմատեն այն երեւույթի հետ, որի մասին համարձակվում են բարբառել։ Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ցանկացած պրովոկացիա, որ լինի «Նժդեհ» ներկայացման ժամանակ, իրենց ձեռքի գործն է»,- ասում է ներկայացման բեմադրիչն ու նշում, որ արդեն 5-րդ անգամ են այն ներկայացնում՝ լեփ-լեցուն դահլիճներում։ 

Ինչ վերաբերում է պատճառաբանությանը, թե «Գոյ» կենտրոնը 2022-ին 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը, Ա․ Սահակյանը նկատում է, որ անցած տարին իրենց համար բարդ տարի էր․ «Մենք ունեցել ենք մեզ համար ոչ նպաստավոր գարուն, ամառ եւ դրանից հետո շատ զիլ աշուն եւ ձմեռ։ Ասում են՝ պլանը չեք կատարել, բայց այդ 3.5 մլն-ն հանգիստ կարող է տեղափոխվել այս տարի, մեզ վրա դրա կրկնակին դրեք, ոչ թե թատրոն փակեք։ Դուք 3.5 մլն-ի մասին եք խոսում, ես էլ ձեզ հարցնում եմ՝ ո՞ւր են Արցախը, Հադրութը, Շուշին․․․ բայց դուք նստած եք, չէ՞, ձեր տեղում եւ չեք փակվել․․․։ Եվ, առհասարակ, ի՞նչ եք ստեղծել, որ հիմա ինչ-որ բան էլ փակում եք։ Մի թատրոն է բացվել ազատ, անկախ Հայաստանոմ, դա Համազգային թատրոնն է՝ Սոս Սարգսյանի մեծ հեղինակության շնորհիվ, իսկ «Գոյ»-ին 2010-ին կցվեց «Փոս» փորձարարական թատրոնը, այսինքն՝ մենք միավոր չենք զբաղեցրել։ Հիմա նույն՝ այդտեղի շրջանավարտներն ի՞նչ երջանկությամբ են ուզում այդ միավորը կուլ տալ։ Սա հուդայություն է, խորեոգրաֆիկ թատրոնը խառնեցին, մտցրին դատերի մեջ, ու հիմա այն չկա, կամերայինը փակեցին, հիմա էլ հասել են «Գոյ»-ին․ ի դեպ, հաջորդը «Մալյան թատրոնն» է, որն ուզում են միացնել Պատանի հանդիսատեսի թատրոնին։ Այս հուդայականությունը նախ երկրի հանդեպ է, հետո՝ արդեն ամեն ինչի»։ 

Կամերային թատրոնի դեպքում տարածքը տվեցին սիմֆոնիկ նվագախմբին՝ որպես փորձատեղի, իսկ ի՞նչ են անելու իրենց զբաղեցրած տարածքի հետ։ «Երեւի թե մի ուրիշ սիմֆոնիկ կստեղծեն․․․, բայց հարցը չի հասնելու դրան, մենք չենք գնալու այստեղից, որովհետեւ դրա մեջ ոչ մի տրամաբանություն չկա,-ասում է Ա․ Սահակյանն ու ընդգծում, որ իրենց վախեցնելու եւ լռեցնելու տարբերակներից մեկը եղավ այն, որ ամիսներ առաջ նախարարությունն աուդիտ իրականացրեց իրենց թատրոնում, բայց,- մեկ ամիս աուդիտը մնաց մեր թատրոնում, ի վերջո՝ դրական գնահատական տվեց»։     

«Գոյ» թատրոնն իր տարածքը վարձակալում է Սունդուկյան թատրոնից, որտեղ, ըստ Սահակյանի, ո՛չ բեմ է եղել, ո՛չ դահլիճ, բայց տարիների ընթացքում ամեն ինչ ստեղծել են։ Այսօր արդեն թատրոնի խաղացանկում կա 14 անուն ներկայացում։ Մարտի 29-ին «Գոյ պոեզիա» շարքից հանդիսատեսի դատին կներկայացվի այս տարվա երկրորդ առաջնախաղը: Պատրաստվում է Թումանյանի ստեղծագործությունների բեմականացումը: Վերոնշյալ 2 ներկայացումներով թատրոնը մեկնելու է հյուրախաղերի հանրապետության մարզեր, հատկապես՝ սահմանամերձ համայնքներ: Այս պահին թատրոնում ընթանում են նաեւ Վ. Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության բեմադրական աշխատանքները: Ներկայացման գլխավոր դերակատարն ԱՄՆ-ից հրավիրված, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանն է: Ներկայացման առաջնախաղը նախատեսվում է մայիսի վերջին:

Արթուր Սահակյանն ասում է՝ թեպետ ոչ մի գրավոր փաստաթուղթ չեն ստացել, բայց նյարդային, անհանգիստ իրավիճակ է թատրոնում, անգամ «Լիր արքայի» փորձերն են կանգնեցրել, օրերս նամակով դիմել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, իսկ առաջիկայում՝ ամսի 23-ին, ժամը 12.00-ին թատրոնում մամլո ասուլիս են հրավիրելու եւ ներկայացնեն թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակը։ 

Ա․ Սահակյանն առանձնահատուկ շեշտում է, որ փոխնախարար Խզմալյանը 2015-ից ի վեր՝ մինչեւ պաշտոնավարումը եւ պաշտոնավարման ընթացքում, չի այցելել իրենց թատրոն, հետեւաբար, տեղյակ չէ թատրոնի ստեղծագործական անցուդարձին: «Գոյ»-ի ամբողջ խաղացանկը, ըստ Սահակյանի, հիմնված է յուրօրինակ, ինքնատիպ, փորձարարական ստեղծագործությունների վրա: Թատրոնի խաղացանկում ներառված են Ս. Բեքեթի, Ջ. Օրուելի, Ա. Կամյուի, Պ. Վայսի, Տ. Գուերրայի, Ա. Այվազյանի, Վ. Սարոյանի, Բ. Բրեխտի, Պ. Շաֆֆերի, Ն. Գոգոլի եւ այլ անվանի հեղինակների ստեղծագործություններ: ««Գոյ» կենտրոնի տնօրինությունը բազմիցս դիմել է նախարարությանը՝ թատրոնի տեխնիկական վերազինման խնդրանքով, նոր ներկայացումներ բեմադրելու համար պետական աջակցություն ստանալու առաջարկով, սակայն ԿԳՄՍ նախարարությունը, չհամագործակցելով թատրոնի հետ, որեւէ աջակցություն չի ցուցաբերել»:

Թե Սունդուկյան թատրոնում որտեղ եւ ինչպես են ուզում իրենց տեղավորել, Ա․ Սահակյանը չգիտի։ «Միայն այն կասեմ, որ շատ վատ ու անսպասելի ավարտեցին այն մարդիկ, ովքեր «Փոսի թատրոնի» գործարքին մասնակցեցին»,- ասում է Սահակյանը, ով չգիտի նաեւ, թե միավորման գաղափարն ինչպես է ընդունել Սունդուկյան թատրոնը, արդյոք պատրա՞ստ են 35 հոգու տեղավորել իրենց հարկի տակ, թե՞ ոչ․ «Բայց անպայման կպարզենք, թե ով ինչ է մտածում»։ Թե իրենց համար «լավ պայմաններ» որտեղ են ապահովելու Սունդուկյանում, նկատում է․ «Մենք իրենց նման չենք, որ մեզ համար լավ պայմաններ ապահովեն, պայմանավորվեն, թոշակ տան մինչեւ կյանքի վերջ․․․ մենք աշխատում ենք մեր խղճի առաջ, մեր երկրի համար, մենք այդ բոլոր պայմանները գիտենք, մենք գտնվում ենք լավագույն պայմաններում»։ Թատրոնի գեղղեկավարը նշում է՝ եթե հանկարծ ընթացք տրվի այս գործընթացին, կդիմեն դատարան, նաեւ՝ Եվրադատարան․ «Մենք ոչ թե բողոքարկելու ենք իրենց որոշումը, այլ դատի ենք տալու, որովհետեւ պայմանագրով իրենք իրավունք չունեն դրան գնալու»։