Մինչ Նիկոլը փորձում է գովազդել երեւութական խաչմերուկը...

Մինչ Նիկոլը փորձում է գովազդել երեւութական խաչմերուկը...

Թյուրքախոս երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ Իլհամ Ալիեւն անընդհատ խոսում է, այսպես կոչված, «արեւմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենիքը» վերադառնալու իրավունքի մասին: Իսկ երբեմնի «դուխով» Նիկոլը եվրոպական պետությունների ղեկավարների կամ եվրաչինովնիկների հետ հանդիպումների ժամանակ անընդհատ խոսում է խայտառակ պարտությունից հետո իր երկնած «խաղաղության խաչմերուկի» մասին: Եվ չնայած երկուսի օգտագործած լեզուն ընկալելի է ոչ միայն դիմացիներին, այլեւ նույնիսկ միմյանց համար, բայց բովանդակության հակասությունը վկայում է, որ մեկը մյուսին չի լսում: Եթե Հայաստանի ղեկավարի կարգավիճակը լիներ այնպիսին, ինչպիսին նախկինների օրոք էր՝ պատերազմում հաղթանակած, եւ ըստ այդմ՝ հպարտ, ապա հայաստանյան գիտակից հասարակությունը, մեծ հաշվով, թքած կունենար այն հանգամանքի վրա, թե ինչ է խոսում Իլհամը: Բայց քանի որ այդպես չէ, եւ նախկինների օրոք առկա հպարտությունն ու արժանապատվությունը վերածվել են հակադիր նշանակության բանի, մենք չենք կարող մեզ թույլ տալ 7 տարվա իշխանավորներին բնորոշ այդ պահվածքը, ինչը հասցեագրվում է միայն սեփական երկրի քաղաքացիներին:

Ինչեւէ, անցնենք առաջ: Որպեսզի Հայաստանը վերածվի խաղաղության խաչմերուկի եւ այդ գործընթացում տարածքային կորուստներ չունենա, անհրաժեշտ է առաջին հերթին մեր հարեւան ու միաժամանակ վայրագ թշնամու համաձայնությունը, ինչը խիստ կասկածելի է, որքան էլ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հայտարարի, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությունն անպայման հաստատվելու է: Ինչն էլ, ինքնաբերաբար, հանգեցնելու է խաչմերուկի գործարկմանը եւ նույնիսկ, իր ասելով, թշնամու կողմից 2021 թվականից այս կողմ հայաստանյան օկուպացված տարածքների վերադարձին: Բայց դա խիստ կասկածելի է, քանի որ Իլհամն ու նրա ավագ եղբայր Էրդողանը հանդիպում չի լինում, որ, որպես լրացուցիչ պայման, Հայաստանից չպահանջեն Սյունիքի միջանցքը: Էլ չասած ավելի ցածր ռանգի չինովնիկների խոսույթի մասին: Ինչ վերաբերում է «արեւմտյան ադրբեջանցիներ» կոչված երեւույթին, ապա դրա կյանքի կոչման համար Իլհամին անհրաժեշտ չէ ոչ մեկի թույլտվությունը: Ընդամենը պետք է, որ միջազգային իրադրությունը համապատասխան ուրվապատկերը ստանա: Այսօրվա անընդհատ փոփոխվող աշխարհում դա հնարավորությունների տիրույթում է: 

Բայց եթե, այնուամենայնիվ, ընկնենք ֆանտաստիկայի գիրկը եւ ենթադրենք, թե կարող է կյանքի կոչվել Նիկոլի երազանքը, ապա դրա հավանականությունը կրկին հավասար կլինի զրոյի: Որպեսզի այդպես չլինի, նախ, Իլհամը պետք է հրաշքով վերափոխվի ու ադրբեջանականի փոխարեն սպասարկի հայկական շահերը: Երկրորդ․ հյուսիս-հարավ ճանապարհի համար արդեն կառուցվում է Ադրբեջանի վրայով ՌԴ-ն ու Իրանը միացնող երկաթգծային հատվածը, ինչի մասին, ի դեպ, վաղուց էր խոսվում: Մնաց արեւելք-արեւմուտք ուղին, որը գործում է նաեւ այսօր Վրաստանի վրայով երկաթգծի ու վառելիքային խաղովակաշարերի տեսքով: Վրաստանի դիրքը հենց այն է, ինչը կոչվում է խաչմերուկ: Եթե մի օր Վրաստանը փոխարինվի Հայաստանով, ապա միայն այն դեպքում, երբ թշնամին կարողանա օկուպացնել Սյունիքը՝ բացելով միջանցք: Որպեսզի առանց երրորդ երկրի տարածքով անցնելու՝ անմիջապես կապվի Թուրքիայի հետ: 

Եվ, բացի դրանից, արանքում պետություն լինելը միշտ չէ, որ ենթադրում է խաչմերուկի հնարավորություն: Որովհետեւ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այն այնքան մեծ լինի, որ մեկ այլ պետություն աշխարհագրորեն չունենա այդ հնարավորությունը: Վրաստանը, ինչպես ասվեց, ոչ միայն ունի այդ հնարավորությունը, այլեւ օգտվում է իր մեկ այլ առավելությունից: Դա ծովափնյա երկիր լինելու հանգամանքն է՝ համապատասխան ենթակառուցվածքներով, որոնք այսօր ոչ միայն գործում են, վկան՝ Բաթումիի եւ Փոթիի նավահանգիստները, եւ դրանց ուղղությամբ շահագործվող երկաթգծերը: Այլեւ ստեղծվում է ժամանակակից եւ բավական խոր նավահանգիստ՝ օվկիանոսային նավեր ընդունելու կարողությամբ: Չինաստանը, ի դեպ, 2024-ի կեսերին շահել էր «Անակլիա» անվանումը կրող տարածքում նավահանգիստ կառուցելու մրցույթը: Անակլիա բնակավայրը գտնվում է Փոթիից դեպի հյուսիս՝ Աբխազիայի հարավային սահմանին կից: 

Այնպես որ, մինչ այստեղ-այնտեղ ֆռֆռացող Նիկոլն ու նրա ենթակաները փորձում են գովազդել երեւութական խաչմերուկը, Վրաստանն այդ ընթացքում ամրապնդում է խաչմերուկ հանդիսանալու իր կարողությունը: