Ռեկտորի 5 թեկնածուները դատարանում կվիճարկեն ընտրության արդյունքները

Ռեկտորի 5 թեկնածուները դատարանում կվիճարկեն ընտրության արդյունքները

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռեկտորի ընտրության շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում։ Օրեր առաջ կայացած ռեկտորի ընտրության 2-րդ փուլն ավելի մեծ խնդիրներ առաջացրեց, հատկապես այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը հրաժարվեց արձանագրել մի քանի քվեաթերթիկների վավերականությունը եւ դուրս եկավ հաշվիչ հանձնաժողովի կազմից։ Դրանից հետո հաշվիչ հանձնաժողովը գործեց առանց նախագահի եւ 3/2 հարաբերակցությամբ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացրեց ռեկտորի քվեարկության արդյունքները։ Սակայն մրցույթից հետո պարզվել է, որ քվեարկության արդյունքները ստորագրել է հաշվիչ հանձնաժողովի ոչ թե երեք անդամ, այլ ընդամենը՝ երկու, որից հետո նոր գործընթաց է սկսվել բուհում։ Ռեկտորի պաշտոնին հավակնող նախկին 5 թեկնածուները պատրաստվում են դատարանում վիճարկել ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները։ 

Ռեկտորի պաշտոնի նախկին թեկնածու, «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում» գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամբողջ ընտրական ընթացքն է եղել կանոնակարգային խախտումներով, որի մասին այս ընթացքում բազմիցս բարձրաձայնել են։ «Չի կարող լինել այնպես, որ հոգաբարձուների խորհրդի անդամներին հնարավորություն չտան ծանոթանալ թեկնածուների իրական կենսագրությանը, փորձին, կառավարման հմտություններին»,- ասում է նա ու ընդգծում, որ հարցը միայն 2-րդ փուլի ընտրության մեջ չէ, այլ նաեւ 1-ին փուլի եւ դրան նախորդած շրջանի․ «Սա դեֆորմացված գործի դեֆորմացված ավարտն էր՝ մեկ թեկնածուով»։

Ա․ Միքայելյանն ընդգծում է՝ բուհի կանոնակարգում հստակ գրված է, թե որ քվեաթերթիկներն են անվավեր համարվում, եւ չի կարելի դրանք անցկացնել «տարեց մարդիկ են, ձեռքները դողացել են» հիմնավորման տակ․ «Հիմա ի՞նչ, նորից վերադառնում ենք ընտրությունների արատավոր պրակտիկայի՞ն, միանշանակ՝ դա ընդունելի չէ, քանի որ այդ 3 քվեաթերթիկն էլ ակնհայտ նշումներով էին՝ ոչ սահմանված կարգով, եւ միայն դրանցից մեկն է հանձնաժողովը համարել անվավեր, ու այստեղ փորձել հիմնավորել, որ տարիքով մարդիկ են, ձեռքները դողացել են՝ մի քիչ անլուրջ է։ Սա թաղապետի ընտրություն չէ»։

Միքայելյանը չի կարող բացատրել, թե ինչպես է ստացվել, որ սկզբում արձանագրության տակ եղել է հաշվիչ հանձնաժողովի 3 անդամի ստորագրությունը, ապա՝ միայն 2-ի․ «Սկզբում ոչ ճշգրիտ ինֆորմացիա գնաց, որ 3-ն են ստորագրել, հետո պարզվեց՝ 2-ը, իսկ դա վկայում է այն մասին, որ ողջ ընտրական գործընթացը շեղված էր արժանի ընտրություն լինելու գործընթացից։ Ինչպե՞ս կարող է հաշվիչ հանձնաժողովի անդամն ասել՝ 3 ստորագրություն կա, եթե արձանագրության տակ կա միայն 2-ը։ Դուք ինչի՞ կնմանեցնեք նման ընտրությունը՝ սա Տանզանիայի ընտրություննե՞ր են, ինչ է։ Այսպես ուղղակի չի կարելի՝ անկախ քաղաքական բոլոր դիրքորոշումներից»։ 

Ինչ վերաբերում է դատարանում ընտրությունների արդյունքը վիճարկելուն, ապա «դատական գործընթացն իր բնականոն հունով կգնա, բոլոր ահազանգումներն արել ենք, կսպասենք զարգացումներին,-ասում է Միքայելյանն ու հավելում։- Բոլոր 5 թեկնածուների կողմից՝ բարեկրթության եւ պատշաճության շրջանակներում, արվել է ամեն ինչ, որպեսզի չհասնենք այս խայտառակ իրավիճակին»։ 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների շուրջ ուշանում է արձագանքը նաեւ ԿԳՄՍ նախարարությունից։ Ըստ ընթացակարգի, 5 օրվա ընթացքում բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը պետք է ներկայացնի ամփոփիչ արձանագրություն, որի պատճենը նախկին 5 թեկնածուները խնդրել են նաեւ իրենց տրամադրել, որը պատրաստվում են ուղարկել նախարարություն․ «Մեր արձագանքն ըստ դրա էլ կլինի»։ Եթե, այդուհանդերձ, նախարարությունը հրամանագրի ռեկտորի պաշտոնում ընտրված Գոռ Վարդանյանին, ո՞րն է լինելու իրենց քայլը։ «Գետաձին կարելի է երկկենցաղ համարել, բայց դա այդպես չէ, մենք դրան ուղղակի չենք համակերպվի»,- եզրափակեց Ա․ Միքայելյանը։