Եթե ասում եք՝ պրոյեկտ, այո, պրոյեկտ ենք, ժողովրդի պրոյեկտը

Եթե ասում եք՝ պրոյեկտ, այո, պրոյեկտ ենք, ժողովրդի պրոյեկտը
Մեսրոպ Առաքելյան

Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախկին սոցապնախարար, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ։

- Պարոն Առաքելյան, ինչո՞վ եք բացատրում «Ապրելու երկիր» կուսակցության հաղթանակը ՏԻՄ ընտրություններում։ Նորաստեղծ կուսակցություն եք` 1-2 ամսվա, հիմնադրվեցիք, մտաք եւ հաղթեցիք։

- Բոլոր տեղերում ներկայացված ենք ավագանիներում։ Ընտրությունների արդյունքները համարում ենք դրական, որոշ տեղերում ունեինք այլ սպասելիքներ։ Փորձել ենք քարոզչության այդ կարճ ժամանակահատվածում աշխատել համայնքների ու բնակիչների հետ, ներկայացրել ենք մեր պատկերացումներն ու այդքանի չափով ստացել ենք իրենց վստահությունը։ Մեր աշխատանքով կապացուցենք, որ հետագայում ավելի մեծ վստահության ենք արժանի։ Դա հիմք է հանդիսացել, որ նաեւ դեկտեմբերին կունենանք մասնակցություն։

- Առաջիկայում էլ որտե՞ղ եք առաջադրվելու։ Տեղյակ էինք, որ Սպիտակում էլ եք մտադիր։

- Այս պահին քննարկում ենք 30-ից ավելի համայնքներում ընտրությունները, մեկ-երկու օրվա մեջ արդեն վերջնական պատկերը պարզ կլինի։

- Կարծիքներ են հնչում, օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ դուք եւս պրոյեկտ եք՝ Նիկոլ Փաշինյանի թիմի երկրորդ էշելոնը։

- Այդ հարցին տարբեր ֆորմատներով մի քանի անգամ պատասխանել ենք` նման բան չկա, եւ ցավում եմ, որ ե՛ւ քաղաքական դաշտը, ե՛ւ նաեւ լրագրողական որոշ հատվածներ պարբերաբար տարբեր ուժերի փորձում են պիտակավորել։ Մեր քաղաքական ուժը ստեղծվել է մեր առաջնորդությամբ եւ որեւիցե այլ քաղաքական ուժի հետ որեւէ առնչություն չունի։ Եվ առաջիկայում, վստահեցնում եմ, քայլ առ քայլ, աստիճանաբար կհամոզվեք, թե ովքեր ում պրոյեկտն են եւ ովքեր ում հետ են համագործակցում։ Եվ ժողովուրդն առնվազն ճշմարտությունը միշտ շատ ավելի լավ է իմանում, որքան էլ այլ քաղաքական գործիչներ փորձեն մեզ պիտակավորել։

- Կասե՞ք՝ ովքեր ում պրոյեկտն են։

- Ժամանակը ցույց կտա։ Առնվազն մենք փորձում ենք մասնակցել ընտրություններին, կենացներ, խոսքեր եւ ատելություն սերմանելու փոխարեն անընդհատ, ամեն օր գնում ենք մարզեր եւ փորձում մարզերում մեր մասնակցությամբ ինչ-որ աշխատանք անել։ Եթե ասում եք՝ պրոյեկտ, այո, պրոյեկտ ենք՝ ժողովրդի պրոյեկտը։

- Եթե հիշում եք՝ Հայաստանում ընտրությունները որակվում էին «սեւի ու սպիտակի»․ մարդիկ գնում ձայները տալիս էին այս կամ այն բեւեռին։ Հիմա այս միտումը կարծես փոխվել է։ Ձեր կարծիքո՞վ էլ։

- Նախ, այդ «սեւ ու սպիտակի» ընտրությունները հիմնականում վերաբերում էին համապետական ընտրություններին, որտեղ նաեւ տարբեր իրավիճակներից ելնելով՝ բավականին լարված մթնոլորտ է եղել։ ՏԻՄ ընտրություններում մարդիկ ավելի շատ նախընտրություն են տալիս՝ հաշվի առնելով իրենց համայնքի իրավիճակը, թեկնածուների հնարավոր պոտենցիալը համայնքի զարգացման մասով, եւ այդ քաղաքական «սեւ ու սպիտակի» բաժանումը, կարծում եմ, ավելի քիչ ազդեցություն ունի։

- Ձեզ ճանաչո՞ւմ են ընտրողները, նաեւ` Ռուբեն Վարդանյանին։

- Մենք մասնակցել ենք տարբեր համայնքներում, նաեւ իրարից տարածքայնորեն կտրված՝ Տավուշ, Սյունիք, Գյումրի, մեր թեկնածուներն ունեցել են ճանաչելիության տարբեր աստիճան իրենց համայնքներում։ Կուսակցությունը թեեւ նոր է, բայց իմ ու Մանե Թանդիլյանի ճանաչելիության որոշակի մակարդակ կա․ տարբեր տեղերում՝ տարբեր չափով։ Եվ դրան համապատասխան էլ արձանագրել ենք եղած արդյունքները։

- Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դժգոհում էր, թե գնաճը խժռում է իրենց ահռելի ձեռքբերումները։ Նախարար Քերոբյանի գրառումներն ու հայտարարությունները ֆեյսբուքյան մեմեր են դառնում։ Դուք՝ որպես տնտեսագետ, ի՞նչ կասեք։

- Այն, որ բարձր գնաճ է արձանագրվում այս տարի, ակնհայտ է։ Ընդ որում, գնաճն ընդունենք ոչ թե զուտ վիճակագրական տվյալ, որովհետեւ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն անդրադառնում է սպառողների բարեկեցության վրա։ Եվ հասարակության տեսանկյունից եթե դիտարկենք, հասարակությունը սպասում է ոչ թե բարձր գնաճ եւ բարձր տնտեսական աճ, այլ հասարակությունը պարզապես ուզում է ավելի լավ ապրել։ Սակայն, հաշվի առնելով պատերազմի եւ քովիդի հետեւանքները, առնվազն այս պահին տնտեսության որեւէ դրական փոփոխություն չեմ տեսնում, որն անդրադառնում է հասարակության բարեկեցության վրա։ Հնարավոր է, որ տարբեր շերտերում դրական փոփոխություններ լինեն, բայց, մեծ հաշվով, ցավոք, առայժմ տնտեսական այնպիսի ձեռքբերումներ չկան, որոնք էականորեն կփոխեն թե՛ մեր տնտեսության, թե՛ մեր սոցիալական վիճակը։