88-ին շատ բաներ կռահել չկարողացանք` հետո գլխի ընկանք

88-ին շատ բաներ կռահել չկարողացանք` հետո գլխի ընկանք

Սեպտեմբերի 22-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և ԼՂ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ: Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Մենք ՍԻՄ կուսակցության նախկին նախագահ, Գերագույն խորհրդի պատգամավոր Հրանտ Խաչատրյանին խնդրեցինք կարծիք հայտնել այսօրվա իրավիճակի եւ երեկվա հանդիպման մասին:

«Նախկին նախագահների և Կաթողիկոսի հանդիպումը շարունակական բնույթ կունենա: Շարունակական բառը տալիս է շատ ու շատ հարցերի պատասխաններ: Սա նշանակում է, որ բոլորն ինչ-որ բանի են սպասում և ոչ մեկը, թե նախկիններից, թե ներկաներից չունեն ծրագիր: Քաղաքական դաշտը նման իրավիճակում է, այն ինչ տեսնում ենք բոլորս, նշանակում է հենց դա: Հայաստանն օտարի ցանկությունը կատարելուց զատ այլ ոչինչ անել չի կարող հիմա, սակայն թե այս պահին ում կոնկրետ ցանկությունն է կատարում, հստակ ասել չեմ կարող: Կարող եմ ասել մի բան, որ չորս տարի առաջ մեզանում տեղի ունեցածը Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց տարավ դեպի` Արևմուտք: Այս պայմաններում շատ դժվար է ասելը, թե խնդիրն ինչ հանգուցալուծում կստանա և ինչով կավարտվի:

Այն պահին, երբ մենք Հայաստանի անկախությունը հռչակեցինք, ամեն բան մեզ համար տեսանելի դարձավ, 88-ին շատ բաներ կռահել չկարողացանք, սակայն հետո գլխի ընկանք: Հայաստանն աշխարհաքաղաքական սալերի արանքում է մնացել: Կա խնդիր Հայաստանը տեղափոխել արևմտյան ազդեցության գոտի: Պայքարի թեժ պահին ոմանք հասկացան, որ Արցախը Հայաստանից պետք է օտարեն, սա էլ պատահական չէր: Խորհրդային տարիների ընթացքում Արցախը փականի դեր էր տանում, այսօր ևս նման միտում կա», այսօր մեզ հետ զրույցում ասաց Հրանտ Խաչատրյանը: Նրա պնդմամբ` նախկին երեք նախագահներն իրենց իշխանավարման տարիներին արել են երկու հիմնական քայլ. «Նախ Հայաստանն ու Արցախը ներքին ազդեցությունների գոտու միջև են բաժանել, թե քաղաքական և թե տնտեսական առումներով, ապա խուսանավել են արտաքին բևեռների թելադրանքի շրջանակներից: Թե ում ինչքան է հաջողվել, դա էլ իրենք գիտեն», - եզրափակեց Խաչատրյանը: