Գյուղապետի գառն է սատկել, եղբորս տունն է վնասվել. Խոզնավարի բնակիչ

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռևս մայիսի 7-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում վնասվել էր բնակելի տան տանիքը:
Խնածախ գյուղի բնակչուհին «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ կրակոցները երկու ամիս է՝ շարունակվում են, իսկ վնասներն ավելի շատ են:
«Գիշերը` 22.30-ից սկսում են, մինչև առավոտվա 06.00-ն, 07.00-ն կրակում են: Տների կռիշաներին լրիվ պատրոն է կպել, գյուղում վիճակ չկա, գյուղամիջի հատվածների տների վրա են կրակոցները: Խոզնավարի ու մեր Խնածախի վրա են կրակել, բայց Խոզնավարն ավելի բեթար է»,- ասաց Խնածախի բնակչուհին:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» տեղեկացրել էր, որ վերջերս ՔՊ-ական պատգամավորներից ու մարզպետից սկսած, վերջացրած էկոնոմիկայի եւ ՏԿԵ նախարարներով, այցելեցին ու լուսանկարներ հրապարակեցին Խոզնավար ու Խնածախ բնակավայրերում իրենց այցելություններից, նույնիսկ գառ են մորթել, ու քեֆ-ուրախության ձայներն ամբողջ գյուղում են լսել:
Գյուղամիջում տղամարդկանց հետ են հանդիպել, ադրբեջանական կողմից հնչող կրակոցներից են խոսել:
«Խնածախում տուն չի մնացել, բոլորը քոչում են, այդ գազի տրուբաները գյուղը գեղեցկացնելու համա՞ր են քաշել, գոնե թող դա բերեն-հասցնեն մարդկանց տուն: Տուն կա` չորս հարյուր հազար պիտի վճարի, որ իր տուն գազ քաշի, որտեղի՞ց այդքան գումար մարդիկ վճարեն: Չեն ասում` այս մարդկանց օգնենք, եկել են, ինչ են ասում: Մի օր առաջ էլ, որ լրատվամիջոցների հետ զրույցում մեր բնակչուհին ասել էր, վերևները պիտի հասկանան, թե ինչի են ադրբեջանցիները կրակում, մեր գյուղի տղամարդկանց հետ իշխանականները հանդիպման ժամանակ ասել էին, թե բա ձեր բնակչուհին ինչի է ասում, թե վերևները պիտի հասկանան: Բա ո՞վ պիտի հասկանա՝ մե՞նք: Կրակոցների մասին են խոսել մարդկանց հետ: Իրենք պիտի գան, գիշերը մնան, որ իմանան` ինչպես ենք ապրում, թե մեր էրեխեքը ոնց են ապրում»,- ասաց Խնածախի բնակչուհին:
Մայիսի 7-ից հետո թշնամին նորից սկսել է կրակել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Խոզնավարի բնակչուհին մեզ տեղեկացրեց, որ թշնամու կրակոցների արդյունքում իր արևային պանելներն են վնասվել, պատկան մարմինները եկել են, նայել ու հեռացել, սակայն լուծում չեն խոստացել:
«Ո՞վ է մեզ օգնելու, ո՞վ է այս հարցին լուծում տալու՝ արևային պանելներն ամբողջությամբ կոտրվել են, գյուղում մարդկանց տներին են կպել կրակոցները»,- ասաց Խոզնավարի բնակչուհին, որի խնդրանքով անունը չենք հրապարակում:
Խոզնավարի մեկ այլ բնակիչ ասաց, որ թշնամու կրակոցի հետևանքով փամփուշտներից մեկն իր տունն է ընկել, պատշգամբի ուղղությամբ են կրակել:
«Հենց այս պահին կրակեցին, լսեցի՞ք, նորից կրակեցին: Սովորաբար ցերեկները չեն կրակում, չնայած կարող է ասեն` կրակոց չէր՝ կայծակ էր: Մեր բալկոնին էլ են կրակել: Համ հարևանիս տունն է պուլյան մտել, համ իմ տուն՝ մի քիչ հեռվում, արևային պանելներն են փչացրել, Զաքյանի՝ գյուղապետենց գառն են սպանել, համ ախպորս տունն են վնասել, ո՞րը թվարկեմ»,- ասաց Խոզնավարի բնակիչը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիների կրակոցի արդյունքում Խոզնավարի բնակիչներից մեկի բակում արածող գառն է սպանվել:
«Խոզնավարում էլ մարդիկ անհանգիստ են, ես կրակոցներից չեմ վախենում, բայց դե` մարդիկ անհանգիստ են, ես էլ գյուղի համար եմ անհանգիստ: Իմ տունը պուլյա է մտել, եղբորս տունը պուլյա է մտել, բայց չենք ասում այդ մասին, ո՞ւմ ասենք»:
Խոզնավարի վարչական ղեկավար Զաքյանի հետ այդպես էլ չկարողացանք կապ հաստատել՝ վնասների հստակ քանակը ճշտելու համար:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակավայրի բնակիչն էլ տեղեկացրեց, որ վերջին մի քանի օրը ակտիվ կրակոցներ են լսում՝ ադրբեջանցիներն ուզում են իրավիճակը լարված պահել:
Կարծիքներ