Պետությունը գերիների հստակ թվեր չհրապարակելով՝ ավելի է վատացնում իրավիճակը

Պետությունը գերիների հստակ թվեր չհրապարակելով՝ ավելի է վատացնում իրավիճակը

Նոյեմբերի 16-ին Ջերմուկի սահմանային դիրքերից գերեվարված ժամկետային զինծառայողի եղբայրը մեզ մանրամասներ է ներկայացրել եղբոր գերեվարման հետ կապված։ Զինվորի անունը, հասկանալի պատճառներով, չենք նշում։ Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ իր եղբայրը ժամկետային զինծառայությունն անցկացրել է Ջերմուկի զորամասում, գերեվարվել է, երբ մի դիրքից տեղափոխվել են հարեւանությամբ գտնվող դիրքը, սակայն պարզվել է, որ այն արդեն ադրբեջանցիների կողմից գրավված է եղել։

«Գերեվարվել է նոյեմբերի 16-ին։ Գերեվարվածներ կան Ջերմուկի զորամասից՝ 12 հոգի, եւ Դուցի զորամասից, քանակության մասին հստակ տեղեկություն չունեմ։ Վերջերս վարչապետն էլ հայտարարություն արեց, էլի հստակ թվեր չասեց, բայց մենք հստակ գիտենք, որ Ջերմուկի զորամասից 12 հոգի գերեվարված կան, այդ թվում՝ իմ եղբայրը։ Եղբայրս ժամկետային ծառայող է, մի քանի ամիս առաջ էր տեղափոխվել Ջերմուկի զորամաս, մինչ այդ Ճամբարակում էր ծառայում։ Հիմնական մտահոգությունս այն է, որ մինչեւ հիմա պետությունը թվեր չի հրապարակում, այսինքն՝ հստակ չգիտեն, թե որտեղից քանի հոգի է գերեվարվել։ Կան մարդիկ, որ փաստացի կորել են, այսինքն՝ 12 հոգի Ջերմուկից կա, 24 հոգի՝ Դուցի զորամասից, փաստացի անուն-ազգանուններով կան, բայց պետությունը թվեր չի հրապարակում։ Մի քանի տեսանյութեր կան, որտեղ նմանեցնում ենք մեր զինվորին, բայց հստակ որ ասենք՝ ինքն է․․․ մի տեսանյութում 7-8 հոգի մարդ է քայլում, դրանցից 5-ի դեմքը հստակ չի երեւում, նայում ենք, ոնց որ ինքն է։ Այսինքն՝ հանգամանքները վերլուծելով պարզ է դառնում, որ ինքը գերեվարվածների մեջ է»,- ասաց զինվորի եղբայրը, ապա պատմեց, թե ինչպես է եղբայրը գերեվարվել․

«Կոնկրետ Ջերմուկի դեպքերի հետ կապված եմ Ձեզ ասում․ ուրեմն 2 դիրք է եղել, որոնցից մեկում են հիմնական իրադարձությունները ծավալվել, իսկ մյուս դիրքերից «Ուրալով» իջել են այդ դիրքը, որտեղ իրադարձությունները զարգացել են, բայց այդ դիրքը ադրբեջանցիներն արդեն վերցրած են եղել։ Ջերմուկի իրադարձությունների հետ կապված՝ կան 6 հոգի, որոնք փախել են, այսինքն՝ հիմա իրենց հետ կապված քննչականում գործ կա, այդ թվում եւ հրամանատարը, այսինքն՝ 6 հոգի փախել են ադրբեջանցիներից, հրամանատարն էլ է փախել։ Իրենք մեքենայով եկել են, որ այդ դիրքերից զինվորներին վերցնեն, տանեն զորամաս, չեն իմացել, որ դիրքերն արդեն գրավված են, «Ուրալով» եկել են, եւ իրենց էլ են գերի վերցրել։ Իմ եղբայրն այդ ժամանակ է գերեվարվել, եղել է այդ «Ուրալ» մակնիշի մեքենայի մեջ։ Այս տեղեկություններն ինձ զինվորներից են ասել, որոնք ծառայել են, որովհետեւ ականատես զինվորներ կան, փախնող զինվորներ կան։ Դիրքում եղել է X քանակությամբ մարդ, իսկ «Ուրալ»-ով իջել են 6 հոգի՝ վարորդը, կողքը՝ 2 զինվոր, հետեւը՝ եւս 3 զինվոր։ Դա ինձ պատմել է «Ուրալի» միջից մի հոգի, որը փախել է։ Այդ «Ուրալից» 4 հոգի, գումարած մյուս դիրքից 8 հոգի, ընկել են գերի»։ Հարցրիք՝ այս տեղեկությունները պատմե՞լ է պատկան մարմիններին, ի՞նչ արձագանք է ստացել։

«Կան գերատեսչություններ, որոնք այդ հարցով զբաղվում են, կա ՊՆ, որը ստեղծել է գերիների հանձնաժողով, այսինքն՝ այդ հանձնաժողովն է զբաղվում այդ հարցերով։ Բայց այդ հանձնաժողովը շատ քիչ ինֆորմացված է, կարծես ինչ-որ ֆիկտիվ բան լինի, որտեղ մարդիկ գնում, ընդամենը հայտարարություն են տալիս, որ իրենց զինվորը գերի է, կամ լուր չունեն զինվորից։ ՊՆ-ն կարծես այդ գործառույթն ուզում է իր վրայից գցել, ինչ-որ հանձնաժողով է ստեղծել, որ մարդիկ չգնան ՊՆ-ից պահանջեն։ Այդ դեպքերը, որոնց մասին ես Ձեզ պատմում եմ, թե ինչ է կատարվել, ինչպես են գերեվարվել, իրենք դրանից տեղյակ չեն, իրենք ընդամենը ինչ-որ փաստահավաք գործառույթ են անում, որ մարդը գնա, իրենց ասի՝ իմ տղան ծառայում էր այսինչ զորամասում, հիմա չկա։ Անուն-ազգանուններով կա, թե որ զորամասից ինչքան մարդ է գերեվարվել, բայց վարչապետն իր ելույթում թե ինչու էր ասում՝ «չճշտված տեղեկություններ»․․․, «չճշտված տեղեկությունները» ո՞րն է, չեմ հասկանում՝ եթե զոհ չէ, եթե ականատեսներ կան, որ գերեվարված է, ուրեմն գերի է, այդտեղ ի՞նչ կա «չճշտված տվյալներ» ասելու»։

Գերու հարազատին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում վարչապետի այն հայտարարությանը, որ պետք է քրգործեր հարուցվեն, որ պարզեն, թե ինչպես են զինվորները գերեվարվել, ինչ հանգամանքներում եւ այլն։ «Հիմա Ջերմուկի հետ կապված դեպքերը զինվորական քննչականում քննվում են, այս դեպքի վերաբերյալ ես համաձայն եմ, որ պիտի քննություն իրականացվի, բայց թող գերիներին վերադարձնեն, քննություն անցկացնեն։ Հիմա կոնկրետ այս դեպքի վերաբերյալ՝ հրամանատարը փախել է, այսինքն՝ եթե հրամանատարը փախել է, զինվորը մնա այդտեղ, ի՞նչ անի։

Եթե հրամանատարը հենց սկզբից փախնում է, ուրեմն զինվորներին կգերեվարեն, 18 տարեկան ժամկետային զինծառայողն ի՞նչ կարող է անել, եթե հրաման տվողն անելանելի վիճակում փախնում է, թող քննեն, թող հանգամանքները մանրամասն պարզեն, թող գերիներին վերադարձնեն, հետո քննեն։ Մի այսպիսի բան էլ կա․ պետությունը գերիների հստակ թվեր չի հրապարակում, էդ ձեւով պետությունն ավելի է վատացնում իրավիճակը՝ գերիներին հետ պահանջելու, այսինքն՝ եթե դու հստակ քո գերիների քանակը չես ձեւակերպում, ասում ես մոտավոր թվեր, ապա ադրբեջանական կողմն էլ հստակ չի ասի, թե իր մոտ ինչքան գերի կա։ Այսինքն՝ պետք է հստակ ձեւակերպել, թե քանի գերի կա, որ մյուս կողմն էլ հաստատի գերիների քանակը կամ չհաստատի։ Եթե չհաստատի, այդ ժամանակ նոր կարող են այդ չհաստատվածներին անվանել անհետ կորած»։