Արցախի հանձնումն իրենց հաղթանակն է, ինչո՞ւ սգան

 Արցախի հանձնումն իրենց հաղթանակն է, ինչո՞ւ սգան

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն է:

- Այսօր մայր բուհում «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքները» խորագրով աշխատաժողով է տեղի ունեցել: Միջոցառմանը զեկուցումներով հանդես են եկել ԵՊՀ ռեկտորը, Հրանուշ Խառատյանը, նաև ԱԺ պատգամավոր, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը։ Ի՞նչ ասել է «Ղարաբաղի փախստականների իրավունքներ»: Տպավորություն է, որ նման անվանումով աշխատաժողով Ադրբեջանում էլ կարող էր կազմակերպվել: Մի՞թե բռնի տեղահանված 120 հազար արցախցիները փախստականներ են:

- Այո, հենց այս անվանման մեջ է ողջ խարդավանքը: Այստեղ խոսքը ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին է, այլ Լեռնային Ղարաբաղ աշխարհագրական տարածքի մասին է: Նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին Կառավարության կողմից ընդունված որոշումը զրոյացնում է այն ամբողջ ժամանակահատվածը, այն պայքարը, որը մղել է հայությունը, արցախցիների իրավունքի պաշտպանության և պահպանության համար: Ես չեմ խոսում ինքնորոշման իրավունքի իրացման մասին, որովհետև այն իրացված է դեռ ԽՍՀՄ տարիներից, անգամ դրանից առաջ: Փախստական, այլ ոչ թե բռնի տեղահանված անվանումը փաստում է այն մասին, որ այս աշխատաժողովը նվիրված էր զուտ այն իրավունքներին, որոնք վերաբերում են արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելուն: Դրանով ևս մեկ անգամ հաստատում են, որ Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի կողմից գործած միջազգային իրավունքով ծանր հանցագործությունները որևէ առումով չեն քննարկվելու միջազգային հարթակներում: Զուտ կողքից նայում են, թե Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված արցախցիներն ինչպիսի իրավունքներ ունեն, որոնք են խախտվում և ինչպես պետք է դրանք պաշտպանել:

- Վիլեն Գաբրիելյանը «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահն է: Ի՞նչ կապ ունի նա այս երեք անվանումների հետ:

- Այդ կազմակերպությունը վաղուց է իր մասին իմաց տվել, բայց ես դրա հետ ծանոթ չեմ: Կա առանձին «Գարդման» ՀԿ և այս առումով Ձեր նշած կազմակերպությունը լսելի չէ: Որպես հասարակական կազմերպություն կարող է նաև նման անվանում ունենալ: Շատերը չեն ցանկանում ասել ադրբեջանահայեր, դրա համար նման երկար անվանումներով են հանդես գալիս: Իսկ թե ինչ կապ ունի Վիլեն Գաբրիելյանն այդ ամենի հետ, լավ չեմ հասկանում:

- Երեկ սեպտեմբերի 19-ն էր՝ Արցախի հայաթափման մեկ տարին: Ի վերջո, բազմաթիվ զոհեր ունեցանք, հայկական պետություն հայաթափվեց, սակայն այս իշխանությունները որևէ ցավակցական խոսք չասացին, հիշատակի օր չհայտարարեցին, դեռ մի բան էլ զվարճանում էին....

- Իսկ ինչո՞ւ եք զարմանում: Այս իշխանությունը եկել է Արցախն օր առաջ հանձնելու ծրագրով: Դրա մասին կա ինքնախոստովանություն` վարչապետի կողմից: Նա հայտնել է, որ իր համար Արցախն Ադրբեջանի մաս է, այսինքն` սա ոչ միայն ծրագիր է իրենց համար, այլև` գաղափարախոսություն ու համոզմունք: Ալեն Սիմոնյանն էլ ասում է, որ դա իրենց հաղթանակն է: Նրանց վարած քաղաքականության տրամաբանությունը, խոսույթը որևէ առումով չի խոսում այն մասին, որ Արցախի մասին նրանք կարող են անգամ ափսոսանքի խոսք ասել, լրիվ հակառակը` Արցախի հանձնումն իրենց հաղթանակն է, ինչո՞ւ սգան:

- Ի՞նչ պետք է արվեր երեկ, որ չարվեց:

- Մարդասիրական խնդիրներ, զոհեր, մի ողջ Հանրապետության հանձնում: Իրապես կամ սգո օր, կամ միջոցառումներ էին հարկավոր: Անկախ գաղափարախոսությունից, այդ օրը պարտադիր պետք է այցելել Եռաբլուր: Քաղաքականությունն այստեղ էական չէ, բարոյականության նորմերն են այդպես պահանջում: Ցանկացած այլ իշխանություն այդ օրը առնվազն կհայտարարեր զոհվածների հիշատակի օր: