Սեդրակ Առուստամյանից 1 միլիարդ դրամ են պահանջել 

Սեդրակ Առուստամյանից 1 միլիարդ դրամ են պահանջել 

Երեկ հայտնի դարձավ, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին: Մեղադրանքը վերաբերում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու եւ հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելուն եւ այդ գործընթացին օժանդակելուն: Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան Առուստումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դեռևս դատարանի որոշում չկա։ Ըստ Քննչական կոմիտեի հայտարարության, Առուստամյանին պատկանող «Սոնս» ընկերության գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 2.733.171.489 ՀՀ դրամ վնաս։ 

ԲՀԿ խմբակցության պատգամավորները Առուստամյանի նկատմամբ սկսված քրեական գործընթացը զուտ իրավական են համարում․ «Ես կարող եմ վերահաստատել միայն այն, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ ինչ-որ իրավական ընթացքներ են լինում, ապա եթե կան հիմքեր, պետք է լինի, եթե չկան՝ չպետք է լինեն։ Հարցը իրավական դաշտում է, ես ոչ մի ավել բան չեմ կարող ասել։ Յուրաքանչյուր հարց, որը կապված է իրավապահ մարմինների հետ, պետք է դիտարկել իրավական դաշտում»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Ավբովյանը։ Նույնը ասաց նաև Նաիրա Զոհրաբյանը․ «Հարցը իրավական տիրույթում է, այս պահին ԲՀԿ խմբակցությունից որևէ մեկը մեկնաբանություն չի տալու»։ 

Չնայած ԲՀԿ-ականների համոզմունքին, որ հարցը միայն իրավական տիրույթում է, այնուամենայնիվ, մարդկանց մի մեծ խումբ այլ կերպ է մտածում։ Իսկ մեզ տեղեկություններ են հասել, որ Առուստամյանին առաջարկվել է փոխհատուցել հասցված վնասը՝ վճարելով 1 միլիարդ դրամ եւ ազատ արձակվել։ Հիշեցնենք նաև, որ այսօրվա դրությամբ «Հյուսիս-հարավի» քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որի նկատմամաբ հետախուզում է հայտարարված։