Ձիերին գետնանցումի ժամանակ չեն փոխում

Ձիերին գետնանցումի ժամանակ չեն փոխում

Վերջին օրերին Երևանի փողոցներում ուսանողական առանձին խմբեր քայլերթով և նստացույցերով «իրազեկում» են հասարակությանը, որ պահանջում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականը` պատճառաբանելով նախարարի այսպես ասած ազգային արժեքները չհարգելը և հայոց լեզուն չկարևորելը:      

Որպես կրթության ոլորտից տեղյակ մարդ՝ վստահ եմ, որ տարիներ շարունակ տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող կրթության նախարարները պաշտոնավարման ընթացքում համոզվել են, որ ոլորտում տարիներով կուտակված առկա խնդիրներն այնքան խորքային են ու մեկմեկու շաղկապված (նաև կրթության ոլորտից դուրս այլ խնդիրների հետ), որ դրանց լուծման ցանկացած նախաձեռնություն և ցանկություն մշտապես արժանացել են կուսակիցների և քաղաքական գործընկերների առարկությանը՝ մեկնաբանվելով, որ քաղաքական առումով դրանք կարող են բերել, մեղմ ասած, ոչ ցանկալի արդյունքների և կանգնեցնել նոր խնդիրների առջև, ընդհուպ ապագա ընտրություններում էլեկտորատի էական կորստի: Արդյունքում կրթության որակն ու պետության շահը ստորադասելով խմբայինին ու քաղաքականին՝ առաջնորդվել են օրվա հրամայականով: 
       

Արդարացի լինելու համար պետք է նշել, որ կրթության ոլորտի առանձին ճյուղերում (հանրակրթության, մասնագիտական, հետբուհական, հատուկ և այլն) փոփոխությունների առանձին փորձեր նախկինում, այնուամենայնիվ, արվել են, սակայն դրանք եղել են հատվածային, չեն կրել համակարգված և չեն եղել ռեֆորմային: 
       

Ներկայումս կրթության քաղաքականության մշակման գլխավոր պատասխանատուն՝ նախարարը, իր ղեկավարած գերատեսչության հետ հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն առանց ավելորդ շտապողականության, իրականացնում է վերոնշյալ խնդիրների արմատական լուծումը: Վերանայում ու արդիականացվում են դպրոցական դասագրքերը, ուսպլանները, առարկայական ծրագրերը, կրթական չափորոշիչներն ու դպրոցավարության այլ բաղկացուցիչներ: Դրանք նախագծերի տեսքով տարբեր հարթակներում նախապես ներկայացվում են հասարակության քննարկմանը և  մուտքագրվում ներկայացվող կարծիքներն ու առաջարկները: Պետական միջոցների խնայման և ոլորտի արդյունավետ կառավարման նպատակով օպտիմալացվում են կրթության համակարգում գործող կազմակերպությունների ցանկը և աշխատակիցների թվակազմը:
     

Տարիներ շարունակ ոլորտում առկա խնդիրներից արդեն լուծվել են՝ 
1. Կրթական հաստատությունները որևէ կերպ չեն մասնակցում պետական և տեղական ինքնակառավարման ընտրական գործընթացներին:
2. 2019 թվականի բուհական ընդունելության քննությունների գործընթացն անցել է աննախադեպ արդարացի և օբյեկտիվ, որի ընթացքում բացակայել են փողի գործոնը, հովանավորչությունն ու վերադասի այս կամ այն միջամտությունը, գերակայել է դիմորդների անհրաժեշտ գիտելիքների առկայությունը: 
3. Վերացվել է վերադասի կողմից կրթական հաստատությունների ղեկավարների և մանկավարժական համակազմի պարտադրված կուսակցականացման պահանջը: 
     

Ակնհայտ է, որ տարիներ շարունակ անլուծելի թվացող նշված խնդիրները լուծվեցին շատ արագ՝ ընդամենը ի հաշիվ քաղաքական ու բարոյական կամքի: Հերթական անգամ չփոշիացվեցին կրթության ոլորտում կոռուպցիայի վերացմանը նպաստող շինծու ծրագրերի  շրջանակներում հատկացվող պետական ֆինանսական ռեսուրսներ ու տարբեր դրամաշնորհներ, չհրավիրվեցին բազմաթիվ և բազմաբնույթ կոնֆերանսներ, սիմպոզիումներ, անվերջ թվացող տարաբնույթ  քննարկումներ: Եվ զարմանալի էր, որ հասարակության արձագանքը չափազանց զուսպ էր, և այս իրողությունն ընկալվեց մոտավորապես՝ «դե այդպես էլ պետք է լիներ, ուրիշ կերպ լինել չէր կարող, տրամաբանությամբ», ինչը ոչ ավելորդ անգամ վկայում է իշխանության նկատմամբ հասարակության ընդգծված վստահությունը:


Հետաքրքիր է իմանալ երթերի ու նստացույցերի մասնակիցների կարծիքը՝
1. Բավարարու՞մ է արդյոք նրանց ժառանգությամբ փոխանցված ներկայիս կրթության վիճակն իր բոլոր աստիճաններում:
2. Հարցրե՞լ են արդյոք երթային ակցիան սատարող իրենց քաղաքական ղեկավարներին և տասնամյակներ ոլորտի պատասխանատու կուսակցական ավագ ընկերներին՝ բավարարու՞մ է արդյոք նրանց կրթական ոլորտի իրենց թողած ժառանգությունը, եթե ոչ, ապա ի՞նչն էր խանգարում դրանք ժամանակին լուծել (պատերազմական կամ ռազմական դրություն, արտաքին ճնշումներ, ֆինանսական և այլ ռեսուրսների դեֆիցիտ, ներքին անհաղթահարելի դիմադրություն և այլն): 
3. Ի՞նչ էական դերակատարություն են ունեցել բուհերի ուսխորհուրդների իրենց ընկերներն ու համակուրսեցիները նախկինում երկրի և կրթության առաջընթացին խոչընդոտող երևույթների դեմ պայքարում և ի՞նչ ձևով է այն դրսևորվել: 
4. Հանուն արդարության երբևէ փորձե՞լ են սատարել այլընտրանքային  կարծիք ունեցող և ոլորտում փոփոխությունների ձգտող սակավաթիվ ուսանողներին՝ դեմ գնալով քաղաքական վերադասի շահերին, կարևորելով որակյալ կրթություն ունենալն ու իրավական  քաղաքացիական հասարակություն ձևավորելու գաղափարը:
5. Արդյո՞ք նախորդ տասնամյակների ընթացքում բուհերում հայոց լեզվից ստացված  մնացորդային գիտելիքներն են նպաստել որոշ նախկին պատգամավորների և պաշտոնատար անձանց բառապաշարի հարստացմանը և ոսկեղենիկ հայերենով ելույթներ ունենալուն ու հարցազրույցներ տալուն:

6. Եվ վերջինը: Արդյո՞ք բուհի համար օրենքի պարտադրանքն ավելի ցանկալի է, քան ազատ ընտրության իրավունքն ու ինքնագիտակցության արժևորումը: 
     

Կարծում եմ այս հարցերի պատասխանները ստանալուց հետո հնարավոր կլինի համեմատել վերջին օրերին բաց թողնված դասերի արդյունքում կորցրած գիտելիքների  կորուստներն ու քայլերթային ակցիաներից ակնկալվող օգուտները: 
     

Պատվիրված ընդվզման ծայրահեղ դրսևորումները թեկուզ և «հայրենասիրական և լեզվապահպանության» փաթեթավորմամբ արդարացված չէ: Իհարկե, անհրաժեշտ է հասարակության ակտիվ մասնակցությունը ռեֆորմների գործընթացին՝ անկախ նրանից, թե իրականացման պատասխանատուն ով է կամ որ քաղաքական ուժն է: Իսկ աջակցելու և խոչընդոտելու սահմանը շատ մոտ է, մանավանդ, որ «Ձիերին գետնանցումի ժամանակ չեն փոխում»:                                                                                        

 Արմեն Գևորգյան