Ազգային հիմնը ինչո՞ւ ես փոխում, երբ առավոտից իրիկուն հեռուստատեսությամբ կլկլոց ես պրոպագանդում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս ֆեյսբուքյան գրառում արեց՝ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի։ «Այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ եւ լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի եւ մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է»,- նշել էր նա:
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կարծիքով, այն, որ պետք է օրհներգը փոխվի, իր համար էլ է ակնհայտ, բայց շտապում է մանրամասնել՝ գուցե փոխելու անվան տակ ինքն այլ բան է հասկանում, ներկայիս իշխանությունը՝ տրամաբանորեն հակառակ մի բան․ «Որովհետեւ մեկ-մեկ բաներ են ասում, որ հենց արվում է, հանկարծ պարզվում է՝ լրիվ ուրիշ բան նկատի ունեին։ Այո, օրհներգի մեղեդին, երաժշտական լեզուն հայկական չեն, այսինքն՝ տրամաբանություն չկա, որովհետեւ բառերը հայերեն են, բայց երաժշտական լեզուն՝ ոչ»։
Ա․ Շահնազարյանը հիշում է՝ երբ Հայաստանի Հանրապետությունն անկախացավ, ինքն էլ էր հիմն գրել ու այն ներկայացրել․ «Կարելի է ասել՝ իմ հիմնը անցավ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության առաջին անկախության օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը, հրապարակում կանգնած, իմ հիմնը հնչեց՝ նվագախմբով եւ երգչախմբով, հետո չգիտեմ ով եւ ինչպես խառնեց, ու անցկացրին ներկայիս օրհներգը՝ «Մեր հայրենիքը»։ Իմ հիմնի դեպքում ես բառերը դրել էի Դանիել Վարուժանի «Անդաստանը» եւ հիմնավորել էի՝ ինչու պետք է անպայման արեւելահայերեն լինի մեր հիմնը, չէ՞ որ մենք ընդհանուր Հայաստան ենք, մեղեդու հիմքում էլ ընտրել էի Խորենացու շարականից, հզոր մի երաժշտություն։ Այո, պետք է փոխվի հիմնը, բայց հանկարծ չբերվի մի անհամ բան, որը հեռու չէ իրենցից, եւ կանգնենք փաստի առաջ»։
Կոմիտասագետը թերահավատ է ԱԺ նախագահի խոսքի հանդեպ, թե նոր օրհներգը պետք է մաքսիմալ հայկական լինի։ «Դա հեչ կապ չունի, մաքսիմալ հայկական կարող է Սնուփ Դոգին նկատի ունի, իրենց դեպքում միանշանակ չես կարող ասել, թե «մաքսիմալ հայկական» ասելով ինչ նկատի ունեն, երեւաց, թե «մաքսիմալ հայկական»-ը որն է իրենց համար, որովհետեւ վերջին Նոր տարվա գիշերը սիմֆոնիկ նվագախմբի հետ երգում էին ռաբիզ երգիչ ու ռեփեր, անունները չեմ տալիս, որ գովազդ չանեմ։ Չհաշված, որ 2 տարի առաջ էլ, երբ Նոր տարվա զանգերը հնչեցին, Հանրայինով մուղամ հնչեց։ Այսինքն՝ չեմ կարող ասել, թե հայկական ասելով իրենք ինչ նկատի ունեն․․․»,- ասում է Շահնազարյանն ու նկատում, որ երբեք Նոր տարվա գիշերը Կոմիտաս չի հնչել հեռուստաեթերով, մինչդեռ Կոմիտասի երգերի մեծ մասը հենց ուրախ պարեղանակներ են։
ՀՀ օրհներգը, զինանշանը, նաեւ՝ սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը փոխելու շուրջ ընթացող քննարկումները պայմանավորված են ավելի շատ քաղաքակա՞ն օրակարգով, թե՞ սպոնտան որոշումներով։ «Արդեն ասացի, որ թերացումներ կան, բայց թե ինչ նկատի ունեն ասողները, ես այստեղ շատ մեծ կասկածներ ունեմ, որովհետեւ իրենց խոսքն ու գործն իրար հետ չեն բռնում, իսկ միշտ մարդու գործին պետք է նայես, ասում են՝ հայկական, բայց երբ նայում ես, թե իրենց ասած հայկականը որն է, հասկանում ես, որ հայկականից շատ հեռու է։ Լինի Նոր տարի, թե Անկախության օր, հայկական երաժշտություն, չէ՞, պետք է հնչի, բայց երբ հանկարծ ռաբիզ ու ռեփ է հնչում, մտածում ես, որ այդ մարդկանց համար դա է հայկականը։ Ու այստեղ արդեն մտածում ես, որ չի բացառվում՝ մեկ էլ տեսար, որ հիմնը բերին դրին մի ռաբիզ երգչի երգ ու դրանով փաստի առաջ կանգնեցրին բոլորիս։ Դրա համար ինձ համար հեչ նշանակություն չունի, թե ով ինչ է ասում այդ գործով»։
Կոմիտասագետը նկատում է, որ նման դեպքերում երբեք հարցը լուրջ քննարկման չի դրվում։ «Այսինքն՝ եթե հանձնաժողով էլ ստեղծեն, ապա Հայաստանում այնքան ստրկամիտ մարդ կա՝ մտավորականներից սկսած, գիտնականներով վերջացրած, որ կհավաքեն իրենց ուզած մարդկանց ու ինչ հրամայեն, այդպես էլ կորոշեն։ Տարբեր պաշտոնների ընտրության հանձնաժողովներում տեսանք՝ ում դնում են հանձնաժողովում, ոնց ասում են, այդ հանձնաժողովն այդպես էլ որոշում է։ Այնպես որ, ես էլ եմ կարծում, որ պետք է փոխվի հիմնը, բայց շատ խիստ կասկածում եմ փոխողների ճաշակի վրա, որովհետեւ իրենք ռաբիզ են լսում, դա են սիրում, ես դա գիտեմ։ Այնպես որ, արեւելյան կլկլոցներով իրենց օրն անցկացնող մարդկանց խոսքն ինձ համար ոչ մի արժեք չունի եւ քննարկելու նյութ չէ։ Դա նույնն է, որ փողոցում երաժշտության հետ կապ չունեցող մի մարդ կարծիք ասի, ու դա դնենք քննարկենք, հետո՞ ինչ, որ պաշտոն ունի, իրենց քայլերից երեւում է, որ իրենց վստահել չի կարելի, հեռուստատեսությունը՝ ձեզ օրինակ։ Ազգային հիմնը ինչո՞ւ ես փոխում, երբ առավոտից իրիկուն հեռուստատեսությամբ կլկլոց ես պրոպագանդում, նույնիսկ՝ գլխավոր տոն օրերին։ Կոնսերվատորիան ավարտած, Բախ ու Մոցարտ նվագած ջութակահարներին ու թավջութակահարներին բերել նստացրել են, որոնք ռաբիզ երգչի տակ «դամ են պահում», նույնիսկ դրանով մի ամբողջ նվագախումբ են նվաստացնում, մարդիկ նվագում ու մտածում են, որ 5 տարի Բախ են նվագել Կոնսերվատորիայում, հիմա եկել մի ռաբիզ երգչի ու ռեփերի խոսքի տակ իրենց ջութակներն են տանում-բերում։ Կամ՝ ո՞վ է թույլ տվել Արամ Խաչատրյանի գործը կատարեք՝ դարձնելով այն էստրադային, գուցե այնպես կատարեք, ոնց գրել է Արամ Խաչատրյանը, պիտի անպայման դա՞ էլ պղծեք։ Դա միտումնավոր է արվում, թե ոչ՝ կապ չունի, որովհետեւ դրա արդյունքում մեր երաժշտության անդաստանը պղծում են»,- ասում է Ա․ Շահնազարյանն ու ընդգծում, որ մշակույթը մեզ համար ազգային անվտանգության նշանակություն ունի․
«Մշակույթը պաշտպանության նախարարության պես լուրջ բան է։ Վահան Տերյանն ասում էր՝ եթե չի լինելու մշակութային, հոգեւոր Հայաստան, այդպիսի երկրի սահմաններն ինձ համար պաշտպանել պետք էլ չէ, իսկ սա Վահան Տերյանն ասել է 1914-ին՝ իր «Հոգեւոր Հայաստան» հոդվածում։ Նժդեհն էլ ասում էր՝ մեր գլխավոր զենքը մշակույթն է, եթե այդտեղ հաղթենք, ամեն տեղ կհաղթենք, բայց մենք հենց այդտեղ ենք պարտվում․․․ սկզբում քո մշակութային ու հոգեւոր դաշտն ես հանձնում, հետո նոր՝ մնացած սահմանները։ Մենք այսօր ունե՞նք տեսլական, թե ինչ հայրենիք ու պետություն ենք ստեղծելու, այդպիսի խոսակցություն լսե՞լ եք, որ պետք է ստեղծենք ազգային ու մշակութային բարձրակարգ պետություն, ես չեմ լսել․․․ ի վերջո, Սնուփ Դոգի համերգի պատմությունը դրա չափանիշն էր, որն ինձ համար ուղղակի հանցագործություն էր, որով պետք է Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվեր, բացահայտեր՝ դրա արմատները որտեղ են, եւ ազգային դավաճանության հոդվածով ձերբակալեր այդ մարդկանց, ովքեր դա կազմակերպել էին։ Այս իրավիճակում, երբ երկիր ենք կորցնում, ու չհայտարարված, բայց արտակարգ դրություն է երկրում, ինչ-որ մարդիկ բյուջեից 6 մլն դոլարի հասնող գումար են դուրս գրում ինչ-որ երգչի համար, որի գինը 500 հազար դոլար է, ոչ ավելի։ Վերջում էլ պարզվում է, որ չի գալու, բայց փողն արդեն վճարված է։ Այստեղ խոսելու ու քննելու տեղ էլ չի մնում, ուղղակի ուզում ես թեւաթափ լինել, բայց չես լինում, պինդ ես մնում, որովհետեւ սա քո հողն է, քո հայրենիքը, ու դու քո գործը պետք է անես։ Իսկ այդ Սնուփ Դոգի պատմության մասին, բացի ինձնից ու Ռոբերտ Ամիրխանյանից, ոչ ոք չխոսեց, չբարձրաձայնեց, միայն Ամիրխանյանն էր ասել, որ նստացույց կանի, եթե դրա համերգը կայանա․․․ իմ կարծիքով՝ նաեւ մեր մտավորականներն են տարբեր բառերով ուժ ու թեւութիկունք տալիս այդպիսի բաներին, ինչն անթույլատրելի է»։
Կարծիքներ